Մարգարիտ Եսայան. «Ձգտել անհնարինին և երբեք չնահանջել»

Մեր զրուցակիցն  է  ԱԺ պատգամավոր, ՀՀԿ համապետական ցուցակի 8-րդ հորիզոնականում ներկայացված Մարգարիտ Եսայանը, ով  հինգ տարի առաջ  լրագրողի գրիչն ու թուղթը փոխարինեց պատգամավորական մանդատով:   Իր այդ քայլը   նա ժամանակին բացատրեց այսպես.  «Ես լրագրության մեջ եմ (մի քիչ էլ սարսափելի է հնչում) դեռ անցյալ դարից. 1983-ից գրում եմ, անցել եմ և խորհրդային և հետխորհրդային, Հայաստանի անկախացման և անկախության տարիների լրագրության զիգզագներով: Եկել-հասել եմ մի հանգրվանի, որն ինձ հնարավորություն է տալիս փոխել իմ կյանքը: Հավանաբար իմ կյանքում հասունացել էր այն պահը, երբ այլևս չէի ուզում հարցեր տալ, որոնց պատասխանները կանխավ գիտեմ: Ինքս ունեմ իմ պատասխանները, իմ ասելիքը, իմ անելիքը: Ուստի երբ ինձ առաջարկվեց քաղաքական ասպարեզում շարունակել հետագա գործունեությունս, որոշեցի փորձել»:  Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Մարգարիտ Եսայանը  Ազգային ժողովի ակտիվ պատգամավորների թվում է:

   

 –Որո՞նք են 3 առաջնահերթ խնդիրները մեր երկրի համար

-Անվտանգություն, առաջընթաց և հավատ վաղվա օրվա հանդեպ։

 

Պատրաստ ե՞ք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում։

 -Անշուշտ, որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ստանում եմ բազմաթիվ նամակներ, ահազանգեր և զբաղվում եմ բոլոր այդ  ահազանգերով։

 

Ինչպես ե՞ք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը և անհավասարության դրսևորումներին:

 -Բնականաբար՝ վատ, քանզի ինքս մշտապես հանդես եմ եկել և, այսուհետ նույնպես լինելու եմ մարդու իրավունքների պաշտպան և կտրուկ մերժում եմ ցանկացած խտրականություն, այդ թվում նաև կանանց հանդեպ։

 

Համաձայն ե՞ք, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում :

-Եվ այո, և՝ ոչ: Այո, որովհետև կառավարման համակարգում կին պաշտոնյաների թիվը քիչ է, նկատելի քիչ, պետք է ձգտենք, որ կանայք ավելի մեծ ներկայացվածություն ունենան և գործադիր մարմնում և օրենսդիրում:  Որոշակի քայլեր  այդ ուղղությամբ  արվել են և տեսնում եք, որ նոր Ընտրական օրենսգրքի պահանջով  բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն կին է: Կարծում եմ, կարող ենք  ակնկալել, որ  ապագա խորհրդարանում մոտ երեսուն կին պատգամավոր կլինի այսօրվա 13-ի փոխարեն: Սա , համաձայնեք, լուրջ առաջընթաց կլինի, բայց և բավարար չէ, կանայք պիտի ավելի ակտիվ ներգրավվեն երկրի, պետության կառավարման գործընթացներում։

 

Կին քաղաքական գործչի հաջողության ձեր բանաձևը :

 -Լինել աշխատասեր, կարգապահ, հարգել սեփական անձը, ձգտել անհնարինին և երբեք չնահանջել, չվախենալ դժվարություններից, չչարանալ և չնախանձել այլ կանանց, դուրս գալ խոհանոցից, մերժել ընկերուհիների հետ անվերջ սուրճ խմելու սովորությունը, դրա փոխարեն կարդալ ու աշխատել։

 

Ի՞նչ դժվարություններ եք տեսնում այդ ճանապարհին. Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր կնոջը այն հաղթահարելու համար։

-Կինը պիտի գնահատի իր ուժը, խելքը, պիտի չնեղվի առաջին իսկ պատահած անհաջողությունից և առաջ գնա՝  երբեք չսպասելով այլոց օգնությանը,պիտի լինի ինքնաբավ և ունենա բարձր ինքնագնահատական։ Կանայք ուժեղ տեսակ են և չպիտի մոռանան այդ մասին ոչ մի վայրկյան։ Հետևապես,  նրանք  պիտի չսպասեն, որ իրենց իրավուքները ինչ-որ մեկը պաշտպանի, նախաձեռնողը պիտի լինեն կանայք և իրենք իրենց պիտի կարողանան ներկայացնել, ներկայանալի դառնալ և գործով պիտի պարտադրեն իրեն խոսքը։

 

Ինչպես ե՞ք վերաբերվում քվոտավորմանը, և ինչպիսին պետք է լինի քվոտան: Համամիտ ե՞ք բոլոր ոլորտներում 50/50 հավասարության գաղափարի հետ և պատրաստ եք այն պաշտպանել:

 

 -Համաձայն եմ, այո, և, առանց կատակի եմ ասում, համաձայն եմ անգամ 50-60 տարբերակին, իսկ ինչու՝ ոչ, եթե բոլոր կանայք այսպես մտածեն, գուցե և մի օր մենք կվերցնենք իշխանությունը։

 

Ի՞նչ կպատասխանեք «Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությանը:

-Այդպես են կարծում թույլ և ծույլ տղամարդիկ, որոնք անգամ մի գավաթ սուրճ ինքնուրույն չեն կարող պատրաստել: Իրականում, աշխարհը կամաց-կամաց փոխվում է և ես չեմ զարմանա, եթե ոչ հեռավոր ապագայում մենք նույնը կասենք տղամարդկանց մասին։

 

 –Ձեր խոսքը հատկապես կին ընտրողներին։

-Սիրելի կանայք, եղեք ինքնուրույն , ընտրեք իրական քաղաքական ուժերին, վստահեք ինքներդ ձեզ և հավատացեք ինձ՝ Հայաստանին հարկավոր է անվտանգ երկինք, ապահով հող և առաջընթաց, իսկ այդ առաջընթացի ճանապարհին տղամարդիկ առանց մեզ կորած են, ուրեմն, եկեք օգնենք տղամարդկանց և ընտրենք մեր երկրի զարգացման ճիշտ, արդյունավետ և անվտանգ ուղին։

 

Զրուցեց Արմինե Գևորգյանը

Դիտումների քանակը` 3048

Գլխավոր էջ