Արփինե Հովհաննիսյան. «Կանայք իրար աջակցելով կարող են ավելի մեծ հաջողությունների հասնել»
Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանում է WomenNet.am-ի հարցերին:
-Հասարակությունում առկա է դժգոհություն երկրի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների պատճառով: Այն ուղղված է իշխող կուսակցությանը և լինել այդ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակում նշանակում է պատասխանատվություն կրել նաև առկա դժգոհության համար: Դուք պատրա՞ստ էիք դրան:
-Նախ դա քաղաքական թիմի որոշումն է եղել, թե ինչ դեմքերով պիտի հանդես գա Հանրապետական կուսակցությունը: Ինքս երբևէ պատասխանատվությունից չեմ խուսափել: Իմ գործունեության ցանկացած փուլում միշտ պատրաստ եմ եղել կրելու պատասխանատվությունը, որը իմ ուսերին դրվում է որպես թիմի անդամ: Կարծում եմ, որ առաջին եռյակում ներկայացված մարդիկ պետք է ունենան նաև բարոյական իրավունք՝ խոսելու խնդիրների լուծումների մասին: Անչափ կարևոր է, որ քո գործունեության ընթացքում եթե որևէ բան ասել ես, ապա արել ես: Ես թե՛ պատգամավորության, և թե՛ հատկապես Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում փորձել եմ երբեք ոչ իրատեսական խոստումներ չտալ, ժողովրդին չասել մի բան, որ ես հաստատ գիտեմ՝ հնարավոր չէ անել: Դրանով ինձ վերապահել եմ բարոյական իրավունք՝ մարդկանց աչքերին ուղիղ նայելու ու ասելու՝ այստեղ ձեռքբերում ունենք, իսկ այս հարցում՝ բացթողում:
-Որո՞նք են, ըստ Ձեզ, Հայաստանի համար առաջնահերթ խնդիրները:
-Սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, արդարության դեֆիցիտի հետ կապված ընկալումների հաղթահարում և անվտանգության ու խաղաղության մեջ համոզվածություն:
-Արդարության դեֆիցիտի ընկալմա՞ն մեջ է խնդիրը, թե՞ օբյեկտիվորեն դեֆիցիտ ունենք:
-Օբյեկտիվ դեֆիցիտը և՛ իրականություն է, և՛ ավելի մեծ չափով ընկալում: Ավելի կարևոր է ընկալումը հաղթահարելը, որովհետև դու կարող ես օբյեկտիվ հանգամանքներն ամբողջությամբ շտկել, բայց ընկալումը չփոխվի:
-Նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակում Դուք չորրորդ տասնյակում էիք, իսկ 5 տարի անց փաստորեն առաջին կին թեկնածուն եք: Այս տարիներին Ձեզ նաև վստահվեց Արդարադատության նախարարի պաշտոնը: Ո՞րն է Արփինե Հովհաննիսյանի հաջողության գաղտնիքը:
-Ոչ մի դժվարության առաջ չընկրկել, դիտել այն որպես հերթական մարտահրավեր, որը կարող ես հաղթահարել: Կարծում եմ, չկան անհաղթահարելի բարձունքներ ու խոչընդոտներ: Կարևորը քո աշխատանքը սիրով անելն է ու մարդկանց հետ շփումներում ազնիվ լինելը , անկախ նրանից՝ նրանք գործընկեր են, ենթակա, թե վերադաս, սովորական քաղաքացիներն են, ընկերներդ, թե հարազատներդ: Նաև, երբ գիտես նպատակդ որն է և այդ նպատակին հասնելու համար չես անցնում քո ներքին արգելապատնեշները:
-Քաղաքականության մեջ կանանց առաջխաղացման նախապայման է կուսակցությունների ներսում նրանց ձայնն առավել լսելի դարձնելը: Հանրապետական կուսակցությունում կանայք ինչպիսի՞ դերակատարում ունեն:
-Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում կուսակցության գրանցված անդամների քանակում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ: Կուսակցության ամենաբարձր մարմիններում բազմաթիվ կանայք կան ներգրավված: Սակայն ես երեսպաշտությամբ կզբաղվեի, եթե ասեի, թե մենք հասել ենք այն մակարդակին, որ կանայք տղամարդկանց հետ հավասար են օգտվում իրենց ձայնի իրավունքից: Թեպետ կուսակցությունում քննարկումները դեմոկրատական բնույթ են կրում, այսինքն՝ հանգիստ կարող ես քո տեսակետն արտահայտել: Կարծում եմ, կնոջ դերը կինը պետք է բարձրացնի: Տղամարդիկ արհեստականորեն կարող են կնոջը ինչ-որ դերակատարում տալ, եթե դա պահանջվում է ,օրինակ, քվոտայի համար: Բայց կինը հավասարը հավասարի հետ մրցակցելու հնարավորություն կունենա այն ժամանակ, երբ ինքն իր վրա աշխատի այնպես, որ ունակ լինի տղամարդկանց հետ հավասար մեկնակետում հանդես գալ: Ասեմ ավելին, կանայք պետք է շատ ավելի առաջ լինեն, որպեսզի կարողանան դա անել, քանի որ պատրիարխալ հասարակություններում տղամարդկանց և կանանց մեկնակետերը երբեք հավասար չեն լինում: Իմ մեկնակետը ևս հավասար չի եղել, և դա նույնպես հասարակության վերաբերմունքով է պայմանավորված: Կնոջը միշտ թերահավատորեն են վերաբերվում, միշտ նախ իր սեռի տեսակետից են դիտարկում, հետո նոր լսում, թե ինչ է նա ասում:
-Ո՞րն է խորհրդարանում կանանց և տղամարդկանց հարաբերակցության Ձեզ համար նախընտրելի տարբերակը: Կո՞ղմ եք 50/50 բանաձևին:
-Չեմ կարծում, որ մենք պետք է անընդհատ քվոտաներն ավելացնենք, պետք է միջավայրը փոխենք ու խթաններ ստեղծենք, որպեսզի բնական առաջընթաց ապահովենք: Քվոտաներն անընդհատ ավելացնելով մենք հանգում ենք նրան, որ կանայք պասիվանում են՝ սպասելով որ իրենց որպես «պոզիտիվ խտրականության» օբյեկտ կընդգրկեն նախընտրական ցուցակներում: Մինչդեռ կանայք պիտի իրենց աշխատանքի շնորհիվ արժանանան ցուցակներում հայտնվելու իրավունքին: Իսկ եթե դու ուզում ես տղամարդու կողմից քեզ ընձեռնվող «աջակցող հատուկ միջոցներից» մշտապես օգտվել, ապա այստեղ դժվար է խոսել հավասարությունից, որովհետև դու շնորհի ես սպասում տղամարդու կողմից: Ինչ-որ մի փուլում քվոտաները պետք է գործեն, սակայն այդ փուլը պետք է անցնի, այլ ոչ թե լճանա ու կանայք մշտապես կապեն իրենց առաջընթացը միայն դրանց հետ:
-Այնուամենայնիվ, թեպետ մեր հասարակությունում պատրաստված կանանց պակաս երբեք չի եղել, սակայն նախքան քվոտավորման համակարգին անցնելը կանայք կուսակցությունների ընտրական ցուցակների անցողիկ տեղերում գրեթե չէին ընդգրկվում:
-Հենց դրա համար եմ ասում, որ ինչ-որ մի փուլում քվոտան իսկապես անհրաժեշտ է: Բայց դա պետք է արվի առաջին խթանը տալու համար: Կանայք էլ պիտի իրենք իրենց վրա աշխատեն՝ ժամանակին համընթաց, ոչ թե սպասեն, որ քվոտան կբարձրանա և իրենք դրա շնորհիվ կհայտնվեն ցուցակում:
-Արդարադատության նախարարությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում պատրաստվեց ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենսդրական նախագիծ: Եթե այնպես ստացվի, որ ընտրություններից հետո չլինեք նախարարի պաշտոնում, այլ լինեք պատգամավոր, շարունակելո՞ւ եք աջակցել այդ նախագծի ընդունմանը:
-Խորհրդարանում միշտ փորձել եմ իմ ելույթները չկառուցել ականջ շոյող ձևակերպումների վրա: Երբ օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային Ժողովում, իմ ելույթը լինելու է մասնագիտական, նախագծում եղած այս կամ այն թերության կամ առավելության համատեքստում:
-Իսկ առհասարակ կանանց խնդիրները Խորհրդարանում բարձրաձայնելո՞ւ եք: Կանայք կարո՞ղ են ակնկալել, որ Արփինե Հովհաննիսյանը օրենսդրական լուծումներ կառաջարկի իրենց խնդիրներին:
-Բնականաբար: Ես միշտ իմ գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում եմ պահել բոլոր այն խնդիրները, որոնք իսկապես արժանի են ուշադրության: Իհարկե որպես կին ինձ շատ ավելի հեշտ է կանանց շահերին վերաբերող որևէ խնդիր ախտորոշելն ու դրա լուծման շուրջ մտածելը, բայց ես նաև կողմնակից չեմ որևէ խնդրի ծայրահեղացմանը և խիստ մասնավորեցմանը: Առհասարակ, կանանց և տղամարդկանց խնդիրների շատ տարանջատումն, իմ կարծիքով, կարող է բերել բևեռացման:
-Ձեր ուղերձը կին ընտրողներին:
-Ինչպես միշտ, կարող եմ հորդորել կանանց, որ լավ իմանան իրենց գինը հասարակության մեջ, որ համոզված լինեն, որ իրենք մեծ դերակատարում ունեն: Կանայք միայն իրար աջակցելով կարող են ավելի մեծ հաջողությունների հասնել: Տղամարդիկ սովորաբար իրար ավելի են աջակցում: Կանանց մոտ ավելի շատ զգայական ու քննադատական գործոններ են սկսում աշխատել իրար նկատմամբ: Կարծում եմ, կանայք կհաղթեն այն ժամանակ, երբ այդ գործոններն ի վիճակի կլինեն իրենց մեջ հաղթահարելու և միասնական լինելու:
Զրուցեց Արման Ղարիբյանը
Դիտումների քանակը` 2732