Գոհար Նավասարդայան. «Ես կողմ եմ հավասարության գաղափարին»
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից 26 ամյա Գոհար Նավասարդյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ցուցակով է առաջադրվել: Ասում է՝ուզում է դառնալ պատգամավոր, որպեսզի ԱԺ ամբիոնից բարձրաձայնի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները եւ մասնակից դառնա դրանց լուծմանը. «Կարծում եմ՝ առաջնային են՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, աշխատանքի տեղավորման խնդիրները, որոնք դեռեւս շարունակում են արդիական մնալ»:
Այս խնդիրները Գորհարն իր մաշկի վրա է զգացել, երբ տարիներ առաջ մինչեւ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքի անցնելը, որքան էլ փորձել է աշխատանք գտնել, նրան մերժել են միայն նրա համար, որ հաշմանդամություն ունի, սայլակով է տեղաշարժվում.«Աշխատանքի համար բազմաթիվ տեղեր եմ դիմել, միշտ մերժում էին, ասում էին՝ կզանգենք, ու մինչեւ այսօր զանգում են»:
Գոհարի պատմելով՝ երբ որոշել էր հոգեբանություն ուսումնասիրել, 5 տարի պայքարում էր Երեւանի պետական համալսարանում գոնե թեքահարթակ կառուցեն, ասում է՝ սայլակով տեղաշարժվողի համար ԲՈՒՀ մուտք գործելու համար 20 աստիիճան բարձրանալը անհնար է, նույնն էլ՝ շենքի ներսում. «Հաշմանդամություն ունեցողների համար արգելքները շատ են, թեեւ որոշ խնդիրներ լուծվում են, բայց մինչեւ հիմա լիարժեք լուծված չեն»:
Երիտասարդ թեկնածուի համար մեր երկրի առջեւ ծառացած առաջնային խնդիրներն են՝ սահմանային անվտանգության հարցը, ծնելիության ցածր մակարդակն ու արտագաղթը. «Սա ասում եմ ե՛ւ որպես կին, ե՛ւ որպես քաղաքացի, որովհետեւ, սահմանային անվտանգության հարցը կարեւոր է մեր պետականության ամրապնդման համար: Այսինքն՝ եթե կա այդ վտանգը, պատերազմը, ավելանում է հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը, սա եւս պետության համար վտանգ է ներկայացնում… Ինչ վերաբերում է արտագաղթին եւ ծնելիությանը. Ասեմ՝ եթե մարդիկ անգամ չեն էլ արտագաղթում, ապա ընտանիքները ցանկանում են քիչ երեխա ունենալ, որպեսզի կարողանան ավելի լավ ու բարեկեցիկ կյանք ապահովել իրենց երեխաների համար»:
Գոհարի կարծիքով՝ մեր երկրի հասարակական եւ քաղաքական ոլորտներում կին-տղամարդ՝ 50/50 գաղափարն ու քվոտավորումը պետք է առաջ տանել.«Եթե խոսենք հաշմանդամություն ունեցող անձանց մասին, ապա կարող եմ վստահորեն ասել, որ քվոտավորումը շատ ճիշտ մեթոդ է, որը օրենքի պահանջին համապատասխան հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու: Իսկ ինչ վերաբերում է կին-տղամարդ 50/50 մասնակցային բանաձեւին , ասեմ, որ ես կողմ եմ այդ գաղափարին և ամեն ինչ անելու եմ, որպեսզի ի վերջո հասնենք կնոջ եւ տղամարդու միջեւ հավասարության»:
Գոհարն ասում է իր կյանքում շատ է հանդիպել խտրական վերաբերմունքի, թե որպես կին, ե՛ւ թե որպես հաշմանդամություն ունեցող, եւ ԱԺ-ում փորձելու է կանանց իրավունքներն ու շահերը ու հավասարության սկզբունքը պաշտպանել, եւ առավելեւս հաշմանդամություն ունեցող կանանց շահերը. «Մեր երկրում առավել արտահայտված է հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականությունը: Ասենք՝ երբ հաշմանդամություն ունեցող կինը հղի է, սա դիտարկում են աննորմալ երեւույթ: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող եւ սայլակով տեղաշարժվող մի կին, երբ գնացել էր հիվանդանոց՝ գինեկոլոգի մոտ, հիվանդանոցում նրան ասել էին՝ դու հաշմանդամ ես, գինեկոլոգն ինչի՞դ է պետք: Այսինքն՝ եթե հաշմանդամություն ունի, կնոջ ֆունկցիան դադարո՞ւմ է: Պետք է կնոջ իրավունքները պաշտապանել բոլոր ոլորտներում , հաշմանդամություն ունեցող կինն էլ իրավունք ունի ամուսնանալ, երեխա ունենալ եւ այլն: Ժամանակն է փոխել աշխարհը: Ժամանակակից աշխարհում կանայք որոշումներ կայացնող են եւ այս մշակույթը պետք է Հայաստան բերել»,-նկատում է Գոհարը:
Գոհարն այն կարծիքին է, որ կանանց իրավունքները ոտնահարվում են դեռ չծնված, երբ սեռով պայմանավորված հղիությունն ընդհատում են, այս դեպքում նաեւ հղի կնոջ իրավունքներն են ոտնահարվում. «Ծնվելուց հետո էլ աղջկա փոխարեն որոշում են՝ սրա իրավունքն ունի, նրա իրավունքը չունի, կամ տղային տրվում է որեւէ առավելություն: Աղջկա կրթության հարցում էլ ծնողները հասարակության կարծիքի հետ հաշվի նստելով որոշում են, թե ինչ մասնագիտություն ընտրի: Կամ գյուղերում, երբ հաճախ աղջկա փոխարեն ծնողներն են որոշում, թե ում հետ պիտի ամուսնանա: Կանանց իրավունքների ոտնահարման ոլորտները բազմազան են, սա նաեւամբողջ աշխարհում է: Կարծում եմ խնդիրը կկարգավորվի հասարակական-քաղաքական կյանքում որոշումների կայացման գործընթացում կանանց թվաքանակի բարձրացմանը զուգահեռ:
Գոհարն ասում է, որ 21-րդ դարը հավասարության դարաշրջանն է, իսկ մեր երկրում կնոջ ներուժը արդյունավետ չի օգտագործվում.«Բոլորս էլ տեսնում ենք, թե հատկապես պետական պաշտոններում կանանց ինչպիսի ցածր ներգրավվածություն կա: Կինն իր բնույթով պատասխանատու էակ է ու, եթե խտրականությունը հաղթահարվի եւ կանանց ներուժին վստահվի, մենք կունենանք ավելի հանդուրժողական հասարակություն: Այս խնդրի լուծման միակ ճանապարհը բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածության կտրուկ բարձրացումն է: Պետք է սկսել պետական ոլորտներից, որոշումներ կայացնող ոլորտներից, որպեսզի դա օրինակ լինի նաեւ այլ ոլորտներում»:
Կինը ցանկացած ոլորտում, ինչպես նկատում է Գոհարը, իր ուրույն տեղն ունի, եւ քաղաքականությունն էլ բացառություն չէ: Նա ասում է՝ հատկապես, երբ որոշվում են կնոջ շահերին վերաբերող հարցերը , դա չի կարող տեղի ունենալ առանց կնոջ մասնակցության:
«Որպես պատգամավորի թեկնածու, ես կանանց կոչ եմ անում, որ միասին պայքարենք մեր երկրում կնոջ ազատության եւ իրավունքների հավասարության համար, որպեսզի բացառենք կնոջ նկատմամբ բռնությունները, խտրական վերաբերմունքը, մեր երկրում ստեղծենք իրար նկատմամբ հանդուրժողական մթնոլորտ», – ասում է Գոհարը:
Նունե Բադալյան
Դիտումների քանակը` 3193