Էլինար Վարդանյան. «Հավատարիմ մնալ սկզբունքներին ու արժանապատվությանը…»

«Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» ( ՕՐՕ) դաշինքի համամասնական ցուցակի առաջին կին թեկնածուն Էլինար Վարդանյանին հանրությունը ճանաչում է որպես ԱԺ պատգամավոր, ով  նաև  ղեկավարում  է  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը:   2012 թվականին  նա  ընտրվել էր համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ մինչ այդ զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ:  2016-ին  նա  սկզբունքային տարաձայնությունների պատճառով մի խումբ գործընկերների թվում  որոշում է կայացնում  դուրս գալ   ԲՀԿ-ի շարքերից և միանալ  Վարդան Օսկանյանի նորաստեղծ  «Համախմբում»  կուսակցությանը, որի  փախնախագահն է այսօր:  Իր խորհրդարանական գործունեության  ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է կանանց ու գենդերային հավասարությանն առնչվող խնդիրներ, պաշտպանել  է «Կանանց և տղամարդկանց հավասարիրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը՝ որակելով այն  «առաջընթաց քայլ», որի կարիքն ու անհրաժեշտությունը Հայաստանը վաղուց ուներ: Նա  նաև ՀՀ Ընտրական օրենսգրքում  գենդերային քվոտայի բարձրացման  գաղափարի կողմնակից էր և այն պատգամամվորներից էր, ովքեր  հետևողականորեն  դեմ են արտահայտվել   30/70 համամասնության մինչև 2021 թվական  հետաձգմանը:

 

 

-Տիկին Վարդանյան, բավականին ակտիվ պատգամավոր եք եղել եւ այժմ ուզում եք վերընտրվել: Ինչու՞, ինչ նպատակներ եք  դնում Ձեր առջեւ այս անգամ…

 

-Մեր երկրում լուծված չեն բազմաթիվ խնդիրներ, որոնք իմ ուշադրության կենտրոնում են եղել այս տարիներին, որոնց ուղղությամբ նաեւ գործունեություն եմ ծավալել: Ուզում եմ շարունակել այդ  գործունեությունը, որպեսզի ներդաշնակ լինեմ իմ խղճի հետ: Մենք չունենք դեռ այն Հայաստանը, որտեղ կենտրոնում մարդն է, և որի շուրջ են  զարգանում մնացած հարաբերությունները: Մենք դեռ չունենք այն երկիրը,որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, և չկան մարդիկ,  ովքեր օրենքի առաջ «ավելի հավասար են»: Չունենք այն երկիրը, որտեղ գործում է արդար դատաիրավական համակարգ, որտեղ պաշտպանված են  մարդու իրավունքները, լուծված են սոցիալ-տնտեսական, հավասար մրցակցության և մնացած այլ ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրները…  

 

-Որո՞նք  են, ըստ Ձեզ, երեք  առաջնահերթ խնդիրները մեր երկրի համար, որոնք  դուք եւ  Ձեր քաղաքական թիմը մտադիր եք լուծել:

 

-Անվտանգության բարձրացում, խորքային տնտեսական բարեփոխումներ, հասարակական մթնոլորտի փոփոխություն, ազատ և մրցակցային հասարակության ձևավորում: Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնք մենք ներկայացրել ենք մեր նախընտրական  ծրագրում, որոնք հիմնված են հստակ հաշվարկների վրա և որոնց կարելի հասնել իրատեսական ժամանակահատվածում:

 

-Հանդիսանալով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ մշտապես հանդես եք եկել նաեւ կանանց շահերի պաշտպանությամբ : Քաղաքական Ձեր թիմը կիսո՞ւմ  է այդ մոտեցումները :

 

-Մեր քաղաքական թիմը կարևորում է կանանց շահերի պաշտպանությունը, ավելին, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով:

 

-Համաձա՞յն եք, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում :  Ի՞նչ պետք է անել իրավիճակը  փոխելու համար:

 

 -Կանանց ներուժի ոչ արդյունավետ օգտագործման մասին խոսում եմ ոչ միայն ես, այդ մասին են վկայում  նաև վիճակագրական տվյալները:  Նման վերաբերմունքն անթույլատրելի է: Կանայք կարող են և պետք է հանդիսանան մեր հասարակության զարգացման շարժիչը: Իրավիճակը փոփոխելու համար անհրաժեշտ է նախ և առաջ կոտրել հասարակության մեջ առկա կարծրատիպերը, այնուհետև պայմաններ ստեղծել կանանց համար՝ օգտվելու օրենքով ամրագրված հավասար հնարավորություններից:

 

-Հիշում ենք, որ Ձեզ զարմացնում էր քվոտայի  հետաձգման  մասին դրույթը, ինչի վերաբերյալ նաեւ բարձրաձայնել ենք  նոր Ընտրական օրենսգրքի քննարկման  ժամանակ…

 

– Այո, ինձ զարմացնում է, թե ինչու է Կառավարությունը, կողմ լինելով Ընտրական օրենսգրքում սեռերի ներկայացվածության 30/70 հարաբերակցությանը, դրա կիրարկումն ի վերջո ամրագրեց 2021 թվականից միայն: Ի սկզբանե կողմնակից էի ու բազմաթիվ անգամներ այդ մասին բարձրաձայնել էի, որպեսզի այդ համամասնությունն ընդունվեր ու ամրագրվեր և կիրարկվեր ապրիլին կայանալիք թվականի խորհրդարանական ընտրություններին: Բայց ունենք այն, ինչ ունենք:

 

-Կին քաղաքական գործչի  հաջողության Ձեր բանաձևը: Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր կնոջը Հայաստանում առկա խոչընդոտները  հաղթահարելու համար:

 

-Անհրաժեշտ է հավատարիմ մնալ սկզբունքներին ու արժանապատվությանը, ներդաշնակ լինել սեփական անձի հետ: Այդ դեպքում հնարավոր է հաղթահարել բոլոր խոչընդոտները:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»

 

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

 

Էլինար Վարդանյան. «Դրանով հարցերը չեն լուծվում»

 

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կանայք 26% են կազմում

 

Կին պատգամավորների ակտիվության գործակիցը շատ ավելի բարձր է, քան տղամարդկանց

 

Դիտումների քանակը` 3729

Գլխավոր էջ