Ի՞նչ է ցույց տալիս նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը
WomenNet.am-ը նախաձեռնել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը՝ ակնկալելով գտնել նրանց մեջ «Կանանց օրակարգի» մեջ ներառված հիմնախնդիրների լուծումները կամ վերաբերմունքը կանանց ու տղամարդկանց հավասարության խնդրին:
«Ընդհանուր առմամբ, ծրագրերը գենդերային կույր սկզբունքով են կազմված: Դրանցում նախատեսվող գործողություններն ու դրանց արդյունքները ըստ սեռի թիրախավորված չեն ներկայացված: Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակ չի դրվում, այդ կոնցեպտը ծրագրերում ընդհանրապես բացակայում է», – նշում է գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանը: Ներկայացնում ենք նրա կողմից արված վերլուծությունը:
Քաղաքական ուժերը գրեթե չեն հիշատակում կանանց
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը արտահայտում են երկրի ճգնաժամային վիճակը, գրեթե բոլորում հատուկ շեշտադրմամբ են ներկայացված երկրի պաշտպանության և տնտեսական զարգացման խնդիրները, սոցիալական փաթեթները, ծրագրերի շարադրանքը տարբերվում են նախորդ ընտրությունների ծրագրերից:
Անդրադարձը կանանց հիմնախնդիրներին առկա է միայն «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի 30 քայլերում : Կետերից մեկում նշված է, որ «Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող կանանց աշխատանքը, որպես աշխատանքային ստաժի համարում՝ կենսաթոշակի ամենամյա ինդեքսավորմամբ ու բարձրացմամբ»:
Մնացած քաղաքական ուժերի ծրագրերում գենդերային զգայուն դրույթներ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ որոշ ծրագրային դրույթների իրագործումը կարող է նպաստել կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը կամ անուղղակի ազդեցություն ունենալ նրանց իրավիճակի բարելավման առումով:
Այսպես, օրինակ, «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» /ՕՐՕ/ դաշինքի նախընտրական ծրագրում կան դրույթներ, որոնք կարող են նպաստավոր դաշտ ստեղծել փոքր և միջին բիզնեսի և, հետևապես՝ կանանց ձեռներեցության համար: Օրինակ ծրագրում նախատեսվում է.
- «փոքր՝ մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով,
- աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզեսի համար»:
ՕՐՕ ծրագրում կան դրույթներ, որոնք կարող են նպաստել կանանց քաղաքական մասնակցության բարձրացմանը: Ծրագրում, նախատեսվում է անցնել «հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի՝ առանց ռեյտինգային քվեարկության և բոնուսային համակարգի»: Ծրագրով նախատեսվում է «հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքներն իջեցնել մինչև 5-6 տոկոսի, ինչը կնպաստի նաև երիտասարդ ընտանիքների բնակարանային հիմնախնդրի մասնակի լուծմանը»։ Առողջապահության ոլորտում շեշտադրված է վաղ ախտորոշումը: ՕՐՕ ծրագրով նախաստեսվում է, որ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տարին առնվազն մեկ անգամ ենթարկվի ամբողջական պարտադիր բուժհետազոտության»:
Առողջապահության ոլորտում աշխատակիցների բացարձակ մեծամասնությունը կանայք են, ուստի ծրագրում նախատեսված պոլիկլինիկաներում և Շտապ օգնության ծառայությունում աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, կնպաստի կանանց աշխատավարձի բարձրացմանը: Նույնը կրթության ոլորտում ծրագրում նախատեսված դրույթը՝ «Հասարակական գիտակցության մեջ վերականգնել ուսուցչի երբեմնի պատիվն ու բարի համբավը` էապես վերանայելով նրա աշխատավարձը», նպաստավոր է կանանց համար: Ի դեպ, ծրագրում շեշտադրվում է, որ «դա կնպաստի հանրակրթության մեջ տղամարդ ուսուցիչների թվի ավելացմանը» , այսինքն առաջնայինը՝ ոլորտում բալանսը վերականգնելու խնդիրն է դիտարկվում։ Նախատեսվում է ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության (դրույք) 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ: Առանց բացառության ապահովել բոլոր ավագ դպրոցների ուսուցիչների պատշաճ կրթական մակարդակն ու աշխատավարձի 20% հավելավճարը:
Նույն դրույթը կա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրում, ուր նախատեսվում է ապահովել ա) ուսուցչին արժանապատիվ աշխատավարձով: Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության (դրույք) 18 ժամյա չափանիշը, որով թե՛ ուսուցչի աշխատավարձը կբարձրանա, թե՛ ուսուցչին հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ»: Ուշադրության է արժանի դրույթը , որով նախատեսվում է նաև «30-50%-ով ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը, նման հնարավորություն ընձեռելով նաև հայրերի համար»: Ծրագրով նախատեսվում է, որ «վճարովի հիմունքներով բանակում ծառայելու հնարավորություն կտրվի նաև կանանց ու աղջիկներին։ Այդ նպատակով կստեղծվեն հատուկ գնդեր»:
«Ծառուկյան» դաշինքի 15 առաջնահերթ քայլերում կանանց տնտեսական առաջաընթացին կարող է նպաստել «Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից»: Գյուղի կանանց համար նպաստավոր դաշտ աշխատանքի համար կարող է ստեղծել գյուղատնտեսական վարկերի տոկոսի իջեցումը մինչև 3-5 %-ի շեմը:
ՓՄՁ զարգացման համար նպաստավոր դրույթներ կան «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում: Դաշինքի ծրագրում, նախատեսվում է հանրակրթությանը հատկացվող բյուջետային միջոցների կկրկնապատկում և ուսուցիչների աշխատավարձի բարձրացում: Ուշադրության է արժանի դաշիքնի ծրագրի հետևյալ դրույթը «Ծննդատներում կներդրվի հոգեբանի ինստիտուտը, կանխելու համար նոր ծնված՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխումը հատուկ հաստատություններ, և կստեղծվի ընտանիքների աջակցության մշտական ծառայություն, կզարգացվեն խնամատարության և որդեգրման ինստիտուտները»:
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախնտրական ծրագրով նախատեսվում է Մայրական կապիտալի մասին օրենքի ընդունում:
Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագրում կանանց համար նպաստավոր կարող է լինել ավագանու ընտրություններում համամասնայան ցուցակի ներդրումը, ինչը գենդերային քվոտայի կիրառման հնարավորություն կընձեռի և կնպաստի կանանց ներկայացվածության ընդլայնմանը ՏԻՄ-համակարգում:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը զուտ համամասնական (առանց վարկանիշային քվեարկության) ընտրակարգի կողմնակից է, ինչը նույնպես կարելի է դիտարկել, որպես կանանց ներկայացվածության մեծացմանը նապաստող դրույթ:
ՀՅԴ կուսակցության նախընտրական ծրագրում մարդու իրավունքներին վերաբերող բոլոր դրույթները ընդգրկված են «Մարդը եւ պետությունը» բաժնում, որում զետեղված են արդարության, ազնիվ մրցակցության, բոլորի համար հնարավորությունների ապահովման սկզբունքները: Կարելի է ենթադրել , որ դրանք վերաբերում եմ նաեւ կանանց, սակայն միջազգային ու պատմական փորձը ցույց է տալիս, որ գենդերային չեզոք շարադրումները , որպես կանոն, բերում են գենդերային կույր քաղաքականության:
Այսպիսով, 2017 թ. նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը ցույց է տալիս, որ գենդերային բաղադրիչը այդպես էլ չինտեգրվեց քաղաքական ինստիտուտների բնութագրերի մեջ, այն առկա չէ քաղաքական մտածողության, բարոյաարժեքային ոլորտում (քաղաքական ավանդույթներ, արժեքներ, իդեալներ, համոզմունքներ), քաղաքական վարքի տիպերում, ձևերում, ոճում, հասարակական-քաղաքական գործունեության օրակարգում:
Համեմեմատե՛նք նախորդ ընտրությունների ծրագրերի հետ
Իրականում կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որպես կանոն, գենդերային զգայունությամբ երբեք էլ աչքի չեն ընկել, կանանց օրակարգը դրանցում գրեթե միշտ սահմանափակվել է ընտանիքին և մայրությանը վերաբերվող դրույթներով : Նույնը նկատելի էր 2012-ին, թեպետ որոշ կուսակցությունների ծրագրերում որոշակիորեն արտահայտված են եղել կանանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր: Օրինակ, խոսվում էր նաև կանանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտության մասին: Բայց , ըննդհանուր առմամբ, ծրագրերի մեծ մասում գենդերային հավասարության խնդրի խորքային ըմբռնումը բացակայում էր:
Համեմատության համար նշենք, որ միայն 2007-ին ՀՅԴ նախընտրական ծրագրում առանձին բաժին կար` “Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը”, որում խոսվում էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձեռքբերման, խտրականության վերացման օրենսդրական երաշխիքների անհրաժեշտության մասին: 2012-ին կուսակցության ծրագրում այդ բաժինը բացակայում էր, և հիշատակվում էին միայն կանանց զբաղվածության խնդիրները: 2017-ի ծրագրում վերընշված բոլոր դրույթներն են բացակայում, ըստ երևույթին, քվոտայի բարձրացման հետ մեկտեղ կուսակցությունը կանանց հարցն այլևս փակված է համարում:
Թեպետ 2007-ի ընտրությունների արդյունքում հատկապես «Ժառանգություն» խմբակցության անդամ կանայք խորհրդարանում աչքի էին ընկնում առավել մեծ ակտիվությամբ, սակայն կուսակցության 2012-ի ծրագրում կանանց քաղաքական մասնակցության խնդիրները նախընտրական ծրագրում չէին արտացոլվում և գուցե դրա արդյունքում է, որ կուսակցությունը 2012-ին մտավ խորհրդարան մեկ կին պատգամավորով:
Օրինակները կարելի է շարունակել, թեպետ վերջին 5-6 տարվա ժամանակահատվածում պետական գենդերային քաղաքականության փաստաթղթային հենքը բավականին ամրապնդվեց. 2010 թ. Գենդերային քաղաքականության պետական հայեցակարգի ընդունումից հետո ընդունվեց ՀՀ Գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը, իսկ հետագայում՝ 2013-ին նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը: 2016-ին ՀՀ ընտրական օրենսգրքում բարձրացվեց գենդերային քվոտան և նրա արդյունավետությունն ապահովելու մեխանիզմներ ներդրվեցին: Դրա հետ մեկտեղ 2013-2014 թթ. դրսից ներմուծված տխրահռչակ «անտիգենդեր» քարոզարշավի պատճառով հետընթաց արձանագրվեց գենդերային հավասարության հարցերում՝ սկսած տերմինների սխալ մեկնաբանումից վերջացրած խնդիրների աղավաղման փորձերով: Պատահական չէ, որ 2015-ին ավարտված ՀՀ Գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագրի փոխարեն մինչ այժմ նորը չի ընդունվել, իսկ Ընտանեկան բռնության կանխագերլման մասին օրենքի նախագիծն ուժեղ հակազդեցության թիրախում հայտնվեց :
Գուցե նաև դրա հետևանքով է , որ 2017-ի ծրագրերում կուսակցությունները այլևս չեն անդրադարձել նույնիսկ այն մինիմումին, որն առկա էր նախորդ ընտրությունների օրակարգում: Բացակայում է նույնիսկ մայրության ապշտպանության խնդիրների ավանդական անդրադարձը, բայց դա այն պատճառով չէ, որ մայրերը մեզանում այլևս բավարար չափով են պաշտպանված կամ էլ կուսակցություններն առաջադիմել են ու մտահոգվել կանանց քաղաքական կամ տնտեսական, ընտանիքն ու կարիերան համատեղելու հնարավորությունների ընդլայնման խնդրով : Ուղղակի, ցավոք, բայց պետք է խոստովանենք , որ գենդերային հավասարությանը և բազմաթիվ այլ հիմնախնդիրներին, որոնք կապված են երկրի զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հետ, քաղաքական ուժերը մեզանում լուրջ չեն վերաբերվում: Եվ հենց այդ պատճառով է, որ այդ հարցերը տեղ չեն գտնում կուսակցությունների ծրագրերում:
Լիլիթ Զաքարյան
Դիտումների քանակը` 3459