Հրավիրում ենք դեբատներին «Կանանց օրակարգ»-ի շուրջ
«ՕքսԵՋեն» հիմնադրամը` WomenNet.am կայքի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, հրավիրում են ձեզ մասնակցելու «Հավասար» քարոզարշավի շրջանակներում մշակված «Կանանց օրակարգի» հանրային քննարկմանը, որը կկայանա մարտի 22-ին, ժամը 14:30-ին Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում:
Քննարկմանը, որն ընթանալու է կլոր սեղանի ֆորմատով, ներկա են գտնվելու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, կանանց իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ -ների ներկայացուցիչներ:
«Կանանց օրակարգի» հիմնական նպատակն է հրավիրել Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ուշադրությունը կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա՝ ակնկալելով, որ ընտրվելու դեպքում նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ:
Հիմնական հարցերը, որոնք ներառված են «Կանանց օրակարգ»-ում և որոնց շուրջ ընթանալու է քննարկումը, հետևյալն են.
- Կանանց ոչ բավարար ներկայացվածությունը իշխանության բոլոր ճյուղերում և մակարդակներում
- Կանանց ներուժի ոչ արդյունավետ օգտագործումը և աշխատանքի շուկայում կանանց նկատմամբ խտրականության առկայությունը
- Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը ժողովրդագրական ճգնաժամի խորացման, ծնելիության անկման, միգրացիայի պայմաններում
- Կին գլխավորող տնային տնտեսությունների, գյուղաբնակ կանանց, միայնակ մայրերի և հաշմանդամություն ունեցող կանանց առավել խոցելիությունը աղքատության, ռեսուրսների և ծառայությունների հասանելիության տեսանկյունից
- Առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը, մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցումը
- «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը
- Գենդերային կարծրատիպերի վերարտադրումը կրթության և ԶԼՄ-ների միջոցով:
Ակնկալում ենք, որ «Կանանց օարակարգի» քննարկման արդյունքում օրենսդիր մարմնում ներկայացված լինելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերը կհստակեցնեն իրենց վերաբերմունքը երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն ապահովող հիմնախնդիրների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա այս խնդիրներով մտահոգ հանրությանը կողմնորոշվելու իրենց ընտրության հարցում:
«Կանանց օրակարգի» հանրային քննարկումը իրականցվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի «Հավասար» քարոզարշավի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության և Օքսֆամի ֆինանսական աջակցությամբ: Քարոզարշավի գործընկերներն են «ՊրոՄեդիա-Գենդեր» և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ները:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք գրել կամ զանգահարել՝
«ՕքսԵՋեն» հիմնադրամ
Լիլիթ Քոչինյան Հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու
էլ.փոստ՝ lkochinyan@oxygen.org.am հեռ. (043) 401 304
Դիտումների քանակը` 2896