«Իրիս» հյուրատունը նորամուծություններով է տուրիստներին գրավում

Մասնագիտությամբ երաժիշտ-մանկավարժ Իրինա Իսրայելյանը գործարարության տարբեր ոլորտներ փորձելուց հետո 2009թ.-ին որոշել է հիմնել Ալավերդիում առաջին հյուրատունը: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստացած 300.000 դրամը տիկին  Իրինան օգտագործել է Ալավերդու մայրուղուն գտնվող իրենց առանձնատունը հյուրատան պայմաններին հարմարեցնելու վրա. վերանորոգել է սանհանգույցը, համապատասխան կահավորում ապահովել: Այսօր արդեն նախկին 2 սենյակների փոխարեն  «Իրիս»  հյուրատունն առաջարկում է հանգստի 8 սենյակ, միաժամանակ 25 զբոսաշրջիկի ընդունելու հնարավորություն:

 

-Երկար տարիներ մանկավարժությամբ եմ զբաղվել: Երբ ընտանեկան պայմաններից դրդված այլ աշխատանքով զբաղվելու անհրաժեշտություն առաջացավ, սկսեցի թխվածքներ պատրաստել, վաճառել, բայց դա այնքան էլ եկամտաբեր չէր,- հիշում է տիկին Իրինան:

 

– 2009թ.-ին Լոռու գործարար կանանց համար Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ)  կողմից  դասընթացներ կազմակերպվեցին, որոշեցի մասնակցել: Այդ ժամանակ Ալավերդիում հյուրատուն չկար, և զբոսաշրջիկների համար մեծ խնդիր էր կացարանի հարցը: Երկար մտածելուց հետո որոշեցի օգտագործել դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտություններս ու հիմնել Ալավերդիում առաջին հյուրատունը:

Հյուրատուն ղեկավարելը սկզբնական շրջանում այնքան էլ հեշտ չի եղել: Տուրիստներ գրավելու, համապատասխան տուրեր կազմակերպելու, հյուրերի հաճելի ժամանցն ապահովելու և այլ հարցերով տիկին Իրինան մշտապես խորհրդակցել է ՀԵԿԱ-ի անդամների հետ:

 

-Շատ դժվար է մանկավարժի համար միանգամից բիզնեսով զբաղվելը: Առհասարակ, հյուրատուն ղեկավարելն ամենադժվար բիզնեսներից է, որովհետև քո խնդիրը միայն կացարանով և սննդով ապահովելը չէ: Հյուրերդ պետք է զգան հայկական ընտանիքի ջերմությունն ու հյուրընկալությունը, որոշակի պատկերացում կազմեն քո տարածաշրջանի մասին… Դրա համար պետք է լավ տեղեկացված ու կարդացած լինես,- ասում է հյուրատան հիմնադիրը:

 

Նա անձամբ է հետևում հյուրատան հետ կապված բոլոր գործերին, հենց նա է պատրաստում հայկական խոհանոցին բնորոշ ճաշատեսակները, ցանկության դեպքում՝ հյուրերին ներգրավում դրանց պատրաստմանը, հետևում սենյակների մաքրությանը, զբաղվում տուրերի կազմակերպման աշխատանքներով:

 

-Մերն ընտանեկան բիզնես է, այլ աշխատող պահելու իրավունք չունենք: Ամուսինս շատ է օգնում ինձ: Եթե ցերեկվա գործերը ես եմ անում, ապա երեկոյան, երբ բոլորը հավաքվում են տանը, սկսվում է  «ամուսնուս աստեղային ժամը»: Նա է զրուցում հյուրերի հետ, պատմում մեր մշակույթի, պատմության, հուշարձանների մասին, պատասխանում նրանց հարցերին… ,- ասում է տիկին Իրինան:

«Իրիս»  հյուրատունը զբոսաշրջիկներին առաջարկում է տուրերի լայն տեսականի՝ դեպի Սանահին, Հաղպատ, Արդվի, Օձուն, Հոռոմ, Քոբայր… Ալավերդի այցելողները  տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և այլ երկրներից:

 

-Հյուրեր ունենք, որ 3-րդ տարին անընդմեջ գալիս են մեզ մոտ,- ասում է տիկին Իրինան՝ հաճախորդներին մշտապես գրավիչ լինելու գաղտնիքը մեկնաբանելով այսպես,- մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հյուրերը գոհ հեռանան, անընդհատ ավելացնում ենք մատուցվող ծառայությունների թիվը, օրինակ՝ վերջերս սկսել ենք նաև ձկնորսության և ձիավարության ծառայություններ առաջարկել:

 

Ի դեպ, սրանք «Իրիս»-ի միակ նորամուծությունները չեն: 3 տարի առաջ հյուրատունն  սկսել է առաջարկել նաև վրանային հանգստի ծառայություններ: Տուրիստներին վրաններով ապահովելու միտքը ծագել է նրանց հետ երկարատև զրույցների արդյունքում:

 

-Օտարերկրացիներին հիմնականում Հայաստանի բնությունն է գրավում, սիրում են ոչ միայն քայլարշավների գնալ, այլև գիշերել բնության գրկում: Այդ պատճառով այս ծառայություն էլ ավելացրինք՝ հյուրերի հաճելի ու հարմարավետ հանգիստը նաև բնության մեջ ապահովելու համար,- ասում է նա:

 

Տարեցտարի աճող զբոսաշրջիկների թիվը տիկին Իրինան պայմանավորում է նաև Լոռիում ավանդական դարձած Խորովածի փառատոնով: Վերջերս Ախթալայում բացվեց  «Նուռիկ»  զբոսաշրջության և համայնքի զարգացման կենտրոնը, որտեղ այցելուները կարող են ոչ միայն հայկական հուշանվերներ գտնել, այլև ներկա գտնվել և մասնակցել դրանց պատրաստմանը:

 

– Մեր հյուրատան այցելուներին շատ են գրավում հայկական հուշանվերները: Կարծում եմ՝ «Նուռիկի. հիմնումը և նրանց հետ համագործակցությունը զբոսաշրջիկների նոր հոսք կապահովի մեր տարածաշրջան,- ասում է տիկին Իրինան՝ համոզված, որ մի քանի տարի անց Լոռին դառնալու է հայկական զբոսաշրջության կենտրոններից մեկը:

 

Տաթևիկ Սարգսյան

Դիտումների քանակը` 5158

Գլխավոր էջ