Թամարա Մատինյան. «Նոր գործ սկսելու համար տարիքը խոչընդոտ չէ»
Ստեփանավանցի 65-ամյա Թամարա Մատինյանն այն կանանցից է, ով ի տարբերություն շատ հասակակիցների, վաստակած հանգիստը վայելելու փոխարեն հենց այդ տարիքում է որոշել զբաղվել գործարարությամբ: Համոզված է, նոր գործ սկսելու համար տարիքը խոչընդոտ չի կարող լինել:
«Տարիներ շարունակ վարչական աշխատող եմ եղել, Գյուլագարակի տնտեսությունում կադրերի բաժնի վարիչն էի, արհմիության նախագահը: Քառասուն տարեկան էի, երբ տնտեսությունը լուծարվեց: Կարճ ժամանակ անց փակվեց նաև այն գործարանը, որտեղ ամուսինս էր աշխատում: Երկուսով դարձանք գործազուրկ: Տարիներ շարունակ աշխատանք չէինք կարողանում գտնել: Գիտեք, Հայաստանում 40-50-նն անց մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Գիշերները չէի կարողանում քնել, անընդհատ մտածում էի՝ ի՞նչ անեմ, ինչո՞վ զբաղվեմ»,- հիշում է Թ. Մատինյանը:
Մի օր էլ պատահաբար իմացել է, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կանանց համար ծրագրեր է իրականացնում:Նախ երկմտել է՝ դիմի՞, թե՝ ոչ: «Ճիշտն ասած սկզբում մտածում էի, որ այդտեղ երևի երիտասարդ կանայք են պետք: Երբ իմացա, որ տարիքային սահմանափակում չկա, շատ ուրախացա, որոշեցի ես էլ փորձեմ»,- ասում է նա:
Մեկ ամիս շարունակ ամեն օր տիկին Թամարան մասնակցել է Տաշիրում անցկացվող դասընթացներին, որոնց ընթացքում ստացել է բիզնես գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ նախնական հմտություններ: Դասընթացներին նրա ակտիվ մասնակցությանը որդին ու ամուսինը լուրջ չեն վերաբերվել:
«Բոլորը ծիծաղում էին, տղաս զանգում էր, կատակում, թե՝ մամ, էսօր ի՞նչ ես ստացել»,- ժպտում է Թամարան:
Բարեհաջող ավարտելով դասընթացներն ու ներկայացնելով մրցունակ ծրագիր, Թ. Մատինյանը ՀԵԿԱ-ի կողմից ստանում է դրամաշնորհ՝ 2 մլն 215 հզր դրամ արժողությամբ սարքավորումներ կիսաֆաբրիկատների արտադրություն սկսելու համար: Եվս 20 տոկոսի չափով սեփական ներդրում կատարելով, վերջինս ձեռնամուխ է լինում արտադրության կազմակերպման աշխատանքներին: Տոլմա, կոտլետ, պելմենի, շերտավոր խմոր, դոնդող, ապխտած խոզի միս…Կարճ ժամանակում նորաստեղծ «Համեղ խորտիկի» արտադրատեսակները լայն ճանաչում են ձեռք բերում Ստեփանավանի տարածաշրջանում:
2016 թ.-ին Թ. Մատինյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման ու ակտիվ գործունեության համար արժանացել է մրցանակի՝«Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» անվանակարգում:
Հաջողության գրավականը վերջինս համարում է տեղական բարձրորակ մսի ու ալյուրի համադրումն ու աշխատանքի նկատմամբ բարեխիղճ մոտեցումը: Առկա արդյունքը, սակայն, տիկին Թամարային չի գոհացնում:Վերջինս ցանկանում է ընդլայնել արտադրանքի տեսականին: Ծավալների ընդլայնման համար, սակայն, լրացուցիչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Թոշակառու գործարարին բանկերը մերժում են վարկ տրամադրել:
Ստեփանավանի մի խումբ գործարարների հետ խորհրդակցելով, կին գործարարը որոշել է նրանց անունից առաջարկներ ներկայացնել ՀՀ վարչապետին: Առաջարկներից առաջնայինը հարկային քաղաքականության մեղմացմանն է վերաբերում:
«Արտերկրում սկսնակ գործարարին երեք տարի հարկային արտոնություններ են տալիս, ազատում հարկերից, մինչև բիզնեսը ոտքի կանգնի, իսկ մեզ մոտ առաջին օրից հարկվում ենք»,- ասում է նա, ընդծելով, որ խրախուսանքի ու աջակցության կարիք ունեն հատկապես կին գործարարները:
Վստահ է՝ երկրի տնտեսության հիմքում մանր ու միջին բիզնեսի զարգացումը պետք է լինի: Անհրաժեշտ հոգածություն, սակայն, դեռևս չի նկատում: «Ամբողջ օրը փոքր ու միջին բիզնեսից են խոսում, բայց մեջը բան չկա:Այնքան լավ մտահղացումներով երիտասարդներ ունենք, որոնց այսօր պետության աջակցությունն է անհրաժեշտ», – ասում է նա ու թվարկում դժվարությունների առաջ կանգնած գործընկերների անունները:
Չնայած խնդիրներին, 65-ամյա գործարարը վստահորեն նշում է՝ ինչ գնով էլ լինի, պետք է հասնեմ ամեն ինչի: «Ես հույսս չեմ կտրում, դեռ փափագում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես սկսել եմ ու պետք է հասնեմ ավելիին: Ծրագրեր շատ ունեմ. արտադրամասի համար նոր տարածքի, առաքման մեքենայի ձեռքբերում, փոքրիկ վաճառակետի ընդլայնում ու նոր սառնարանների տեղադրում… Պետք է ամեն ինչ հասցնեմ: Հետո, երբ տարիքս արդեն մեծ կլինի, արտադրամասս կնվիրեմ թոռներիս, որ շարունակեն գործս»:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 3968