«Գաղափարներ, որոնք արժանի են տարածման». Քրիստինե Սարգսյանի TEDxYerevan -ը

Մեր զրուցակիցն է   TEDxYerevan հարթակի  կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանը, ով  աշխարհում  հայտնի  TED-ի (Technology Entertainment Design)  առաքելության ՝ «գաղափարներ, որոնք արժանի են տարածման»,  հավատարիմ հետևորդն է :

 

«Եթե փորձեմ կարճ ձևակերպել TED-ի՝ իմ ընկալումը, ապա կասեմ, որ սա հարթակ է, որն ինքնաբացահայտման և ինքնազարգացման է մղում մարդուն: Կարծում եմ՝ դա չափազանց կարևոր է »,- ասում է Քրիստինե Սարգսյանը:  

 

Փոփոխությունների կառավարման ոլորտում աշխատանքի հարուստ փորձառությունն ու մանկավարժական հմտությունները Քրիստինեին միշտ մղել են  նորարարության:  Ըստ նրա, գիտության ներկայացման արխայիկ, կաղապարված մոդելն արդեն վաղուց անհետաքրքիր է մարդկանց ու  եթե ցանկանում եք գիտությունը հետաքրքրական դարձնել բոլորի, հատկապես, երեխաների համար, գտեք այն ներկայացնելու նոր ձևեր՝ առավել մատչելի ու գրավիչ: Աշխարհում ճանաչում  գտած  TEDx  ձևաչափը  լավագույնն է ոչ միայն  այդ նպատակին հասնելու, այլ   ընդհանրապես  աշխարհը փոխելու գաղափարները  տարածելու համար: 

 

«Շուրջ 18 տարի խորհրդատվական գործունեություն եմ իրականացնում Փոփոխությունների կառավարման ոլորտում: Դրա շնորհիվ ներառված էի նաև խորհրդատուների միջազգային ցանցում, որի միջոցով էլ 2009 թ.-ին պատահաբար ստացա մարդկային ուղեղի մասին TED-ային ելույթի տեսագրության հղումը: Դա առաջին տարին էր, որ TED-ն իր ելույթները հրապարակում էր բաց օգտագործման համար: Մինչ այդ, 1984 թ.-ին հիմնադրվելուց հետո, կոնֆերանսային ելույթները մշտապես փակ են եղել լայն շրջանակների համար՝ համարվելով առավելապես թիրախային լսարանի համար նախատեսված պրոդուկտ: Որոշ ժամանակ անց, հիմնադիրները հասկացան, որ ելույթները չափազանց լավն են՝ դրանք փակ պահելու համար, և դրանք բաց հասանելիության բովանդակություն դարձրեցին»,- պատմում է նա:

 

Մարդկային ուղեղի աշխատանքի և դրա կարողությունների մասին հետաքրիր TED-ային ելույթից հետո, Քրիստինեն գտավ մեկ այլ ելույթ, որը պատմում էր աֆրիկացի մի տղայի մասին, ով զրկված է եղել կրթության հնարավորությունից, բայց ինքնակրթման և նպատակասլացության շնորհիվ մեծ հաջողությունների է հասել:  Քրիստինեն ուղղակի թարգմանեց հուզիչ պատմությունն ու ներկայացնեց այն որդուն ու նրա համադասարանցիներին: Երեխաների արձագանքն այնքան ոգևորեց երիտասարդ կնոջը, որ նա որոշեց դիմել  առավել գործուն քայլերի և  «պաշտոնականացնել» հարաբերությունները TED-ի հետ:

 

 Շուտով  Քրիստինեն նախաձեռնեց և մի խումբ կամավորների հետ իրականացրեց TED-ային ելույթների բաց թարգմանության  նախագիծը, որի շրջանակներում թարգմանվեց շուրջ 300 ելույթ:   Հայկական արմատներով, ամերիկացի ինտերնետ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի ելույթը բեկումնային դարձավ Քրիստինեի գործունեության համար: Եույթում եղած սլենգային, ծիծաղելի արտահայտությունները թարգմանելիս՝ լեզվաբանական կրթություն ունեցող Քրիստինեն որոշեց նամակ գրել հայ գործարարին.

 

«Ես նամակ գրեցի նրան և առաջարկեցի հանդիպել, եթե այցելի Հայաստան: Այցը շատ չուշացավ: Հանդիպումն անցավ շատ ջերմ ու հետաքրքիր: Ալեքսիսն այնքան ոգևորվեց մեր նախաձեռնությամբ, որ խոստացավ երաշխավորել մեր աշխատանքի որակի մասին TED-ին՝ արտոնագիր ստանալու համար»,- պատմում է նա:

 

Քրիստինե Սարգսյանն առաջինն  էր Հայաստանում և առաջիններից մեկը աշխարհում, որ ստացավ TED-ի հանրապետական արտոնագրերից, որը նրան թույլ տվեց TEDx-ային միջոցառումներ կազմակերպել Հայաստանի տարածքում և հայալեզու թարգմանության ծրագիր իրականացնել: Ք. Սարգսյանն այս տարիների ընթացքում կազմակերպել և իրականացրել է ավելի քան 20 հաջողված TEDx ձևաչափով  միջոցառում, ինչի շնորհիվ էլ դարձել է առաջին հայ կինը, ում մասին գրվել է TED-ի պաշտոնական բլոգում՝ որպես արդյունավետ և հաջողված  աշխատանքի օրինակ:

 

Արտոնագիրը ստանալուց հետո Քրիստինեն սկսեց թիմ հավաքել: Հաջորդ մի քանի տարիներին աշխատեց TED-ի գլխամասային գրասենյակի համար, հնարավորություն ստանալով մասնակցել  չորս  TED գլոբալ կոնֆերանսների:

 

Կարծրատիպերը կոտրելու և նորը բացահայտելու   հարթակ

 

Ամենաբարդը TED-ի ձևաչափը Հայաստանում ճիշտ ներկայացնելն էր: Միայն լավ ելույթը կամ հետաքրքրական թեման բավարար չեն. պետք է նոր անկյուն և նոր գաղափարներ գտնել ամենատարբեր ոլորտներում,  մատուցման հետաքրքիր ձև մշակել, որպեսզի լսարանն անընդհատ մտածի:

 

«Երկրորդ խնդիրը բանախոսների ընտրության հարցն էր: Եթե ուշադիր հետևեք մեդիային, կտեսնեք՝ որոշակի թեմաների շուրջ քննարկումն ընթանում է միշտ նույն շրջանակներում. նույն մարդիկ, նույն մտքերը, նույն իմպուլսները: Սա տանում է լճացման ու ինֆորմացիոն բլոկադայի : Մշտապես պետք է նոր դեմքեր և նոր գաղափարներ ներգրավվել հասարակական քննարկումներում: Բացի այդ՝ մեզ համար բացարձակապես լսելի չեն երեխաների և դեռահասների կարծիքները՝ տնտեսության, քաղաքականության և, ընդհանրապես, որոշումների կայացման վերաբերյալ: Տպավորություն է, որ նրանք լուռ են: Իրականում, այդպես չէ. փայլուն սերունդ ունենք, որին լսելու կարողություն և պատրաստակամություն չունենք»,- ասում է Քրիստինեն:

 

Այսպես հղացավ «Մտածիր» (Think) կրթական ծրագրի գաղափարը՝ նախատեսված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար:  Սա կարծրատիպերը կոտրելու, երեխաներին արտահայտվելու և նորը բացահայտելու  համար հարթակ տրամադրելու հաջողված փորձ էր.

 

«Չեմ կարող ասել, որ 100 %-ով հաջողում ենք երեխաների համար նախատեսված ծրագրերում, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ 70-80 % հաջողություն ունենք: Մեր այն երեխաները, պատանիները, ովքեր բացահայտում են անալիտիկ մտածելակերպի և ստեղծարար մտածողության առավելությունները,  իրենց մտքերը հստակ շարադրելու և այլընտրանքային ձևով ներկայացնելու ունակություն են ձեռք բերում, հրապարակային ելույթների փորձառություն ստանում, արտասահմանյան առաջատար բուհերի, համալսարանների համար պահանջված կադրեր են դառնում: Եվ սա չափազանցություն չէ: Ուղղակի չի կարելի երեխաների մտածելու կարողությունը կաղապարել ինչ-որ դոգմատիկ «ճշմարտությունների» մեջ»,- ասում է նա:

 

TED-ի ամենամեծ ձեռքբերումներից մեկը Քրիստինե Սարգսյանը համարում է բացառիկ, նորարար մասնագետների, խոսնակների բացահայտումը: Այս մարդիկ նոր միջավայր, հասարակական նոր մտածելակերպ են ձևավորում, ինչպես նաև՝ ոգեշնչում շատերին՝ ինքնակրթվելու և առաջ գնալու: Մտածողության այլընտրանքային, դեռևս անծանոթ մոդելները փոխում են մարդկանց աշխարհընկալումը և մոտեցումը:

 

2015 թ.-ին Քրիստինեն TED-ի կողմից ստացավ TED-Ed  նորարար ուսուցիչների համար նախատեսված 28 կրթաթոշակներից մեկը, որին հավակնում էին շուրջ 250.000 ուսուցիչներ և դասաղոսներ՝ աշխարհի բոլոր երկրներից: Այս ծրագրի շրջանակներում Քրիստինեն սովորեց, թե ինչպես կարելի է նորարարությունը տանել դպրոց ու համալսարան և ներառել կրթական ծրագրերում:

 

«Ապագան խոսում է որոշումներ կայացնողների հետ»

 

Ծրագիրը, որի վրա այսօր աշխատում է Քրիստինե  Սարգսյանը, կոչվում է «Ապագան խոսում է որոշումներ կայացնողների հետ»: Ծրագրի նպատակն է  TED-ային ձևաչափի ելույթների միջոցով  ներկայացնել երեխաների կարծիքները, իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն  ու երազանքները    նրանց, ովքեր որոշումներ են կայացնում.

 

«Որոշումների կայացման մակարդակում շատ հաճախ կարող եք հանդիպել «մենք աշխատում ենք ապագա սերունդների համար», «երեխաները մեր ապագան են» և նման ձևակերպումների: Սակայն այս ամենից պարզ չէ՝ ո՞րն  է նրանց  պատկերացրած ապագան, ինչպե՞ս են այն նախագծում , ո՞ւմ համար են, ի վերջո, որոշումներ կայացնում,  եթե պատկերացում չունեն անգամ ներկա  սերնդի  կարիքների  ու  սպասելիքների մասին: Մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, որտեղից «ապագան»  ուղիղ կխոսի որոշում կայացնողների հետ: Եվ դա կլինի երկխոսություն: Որևէ այլ հարթակ, որը հաշվի է նստում երեխայի կարիքների և կարծիքի հետ, օգնում է հետազոտություն անել և լուծումներ գտնել, այսօր չկա»,- բացատրում է Քրիստինեն:

 

TEDxYerevan-ը  մայրաքաղաքով   չի սահմանափակվելու.   վերապատրաստումների շնորհիվ՝ արդեն իսկ միջոցառումներ են կազմակերպվել Սիսիանում, Գյումրիում և Ստեփանավանում: Առաջիկայում սալոնային միջոցառումներ կլինեն նաև Հայաստանի մյուս մարզերում:

 

Բացի TEDxYerevan-ից, Քրիստինեն զբաղվում է մի շարք այլ գործերով՝ շարունակում է խորհրդատվական գործունեությունը, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) և  Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ATC), կրթական ծրագրեր է իրականացնում Վորլդ Վիժն -ի հետ ու տեքստեր գրում Գիսանե Պալյանի երգերի համար:  Բացի այդ, աշխատում է իր նոր՝ «Ուղեղ՝ բոլորի համար»  գրքի հրատարակման վրա… Մի խոսքով,   սեփական օրինակով է  փորձում ապացուցել TED-ի  սկզբունքների ուժն ու արդյունավետությունը: 

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 5097

Գլխավոր էջ