Լավագույն կին գործարարները ստացան վարչապետի պարգևները

Մարտի 16-ին   Երևանում կայացավ  «Լավագույն կին գործարար –2017»  ավանդական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մրցանակներ է հանձնել տարվա ընթացքում իրենց գործունեությամբ առավել աչքի ընկած կին գործարարներին:

 

Պարգևներ են շնորհվել  «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» և «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգերում,  ընդ որում` յուրաքանչյուր անվանակարգում երկու հոգու` մեկը մայրաքաղաքից, մյուսը` մարզից:

 

«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը և այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ և հասկանալի»,- ասել է կառավարության ղեկավարը: 

ՓՄՁ ԶԱԿ-ը հրապարակել է մրցանակների արժանացած գործարարների ցանկը: 

 

1. «Լավագույն կին գործատու».
Արաքսյա Մարտիրոսյան` ք. Երևան, Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիա:
Իրինա Չիբուխչյան` գ. Ենոքավան, Տավուշի մարզ, «Ապագա տուր»: Զբոսաշրջային գործունեություն: 

 

2. «Լավագույն կին նորարար» .
Մարինա Գրիգորյան` ք. Երևան, «Փոքրիկ Էյնշտեյն» մանկականտնային լաբորատորիաներ: 
Նարինե Խոջոյան` ք. Իջևան, Տավուշի մարզ, «Բերք» ընկերություն.  ժամանակակից տեխնոլոգիաներով` թաղանթապատ ջերմատներում և բաց գրունտում` հիդրոպոնիկ եղանակով ելակի, ելակի սածիլի և հապալսի արտադրություն:

 

3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ». 
Զարուհի Մուրադյան` ք. Երևան, Գինու արտադրություն «Zara Wines» ապրանքանիշով: 
Մարգուշ Մուրադյան` Գավառ, Գեղարքունիքի մարզ, ANGRET ապրանքանիշ, որն ավելի հայտնի է Մարգուշի գաթաներ անվամբ: Գավառի ավանդական գաթայի և փախլավայի արտադրություն:    
    
4. «Լավագույն երիտասարդ կին գործարար».
Իրինա Սարիբեկյան` ք. Երևան,  Հանրային սնունդ, ճապոնական խոհանոց` «Սուշի Տորիա» ապրանքանիշ:

Նելլի Պողոսյան` գ. Ամասիա, Շիրակի մարզ, լավաշի արտադրություն, որը հայրենի գյուղում առաջին է եղել:

 

5. «Լավագույն սկսնակ կին գործարար».
Հասմիկ Հարությունյան` ք. Երևան, «YES! Republic» մանկական ինտելեկտուալ ակումբ: 
Նելլի Ամիրխանյան` գ. Կոթի, Տավուշի մարզ, հացամթերքի արտադրություն: 

 

6. «Լավագույն արտահանող կին գործարար».
Մարիա Սոբոլևա` ք. Երևան, Մեղրի արտադրություն։ Արտահանում է Ռուսաստան և Բենելյուքսի երկրներ: 
Նելլի Ներսիսյան` գյուղ Մաստարա, Արագածոտնի մարզ, «Մաստարաչեդո» ընկերություն. պանրի արտադրություն: Արտահանում է Ռուսաստան:

Արարողության ընթացքում ,  ինչպես  նշում է   Times.am  կայքը ,  իրենց գործում հաջողակ երեք կին գործարարներ կիսվեցին սեփական փորձով՝ հորդորելով  սկսնակ կին գործարարներին չվախենալ խոչընդոտներից:  Մասնավորապես,  «Բլիզարդ» ՍՊԸ հիմնադիր Արմինե Խաչատրյանը, ով ընդամենը 24 տարեկան էր, երբ հիմնեց սեփական բիզնեսը, գործընկերներին կոչ արեց  չամաչել հաճախորդի հետ շփվելուց, խոհանոցում աշխատողի հետ հավասար աշխատելուց, քանի որ հաջողության հասնելու համար պետք է տքնաջան աշխատել ու ոչ թե սահմանափակվել վերահսկելով: Բիզնեսը սկսելով ընդամենը 200 ԱՄՆ դոլարով և մեկ աշխատողով, երիտասարդ կին գործարարի ընկերությունն այսօր ոլորտի առաջատարներից է:

 

Հաջողակ բիզնես ունենալու համար «Ինգրեդիենտ» սրճարանի հիմնադիր Վարդանուշ Պետրոսյանն էլ գործընկերներին խորհուրդ տվեց հավատալ սեփական ուժերին ու ռիսկի դիմել: Մասնագիտությամբ դիետոլոգ Վարդանուշի բիզնես կենսագրությունն անմիջական կապ ունի մասնագիտության հետ: Սննդի ոլորտում ցանկանալով ներդնել նոր մշակույթ` Վարդանուշը 5 տարի առաջ հիմնեց սննդի առաքման ծառայություն, որը սակայն տարբերվում էր ոլորտի մյուս ներկայացուցիչներից` առաջարկվող բացառապես առողջ սնունդով: Ժամանակի ընթացքում ձեռք բերելով հիմնական հաճախորդների շրջանակ` Վարդանուշը բացեց «Ինգրեդիենտ» սրճարանը: Վերջինը բացի սրճարանից, դարձավ նաև առողջ սննդի հարթակ:

Նշենք, որ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին` Տաթևիկ Օդաբաշյանին ու Ռիտա Պետրոսյանին: «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնել նաև միջազգային կազմակերպությունների՝ USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS կողմից: Այս տարի մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է Ասիական զարգացման բանկը:

 

Դիտումների քանակը` 3121

Գլխավոր էջ