«Սիրում եմ մտածել, պրպտել, փնտրել ու սովորել»

 

Գեղանուշ Եղիազարյանը դեռ  մանկուց  սիրել է  նկարել: Նրա առաջին գործերը՝ խատուտիկն ու  ջրվեժն սիրով  պահպանվում են Հոկտեմբերյանում ապրող  պապիկի  տան  պատերին:  Այսօր նա սովորում է  Սլավոնական  համալսարանի կիրառական մաթեմատիկայի  և  ինֆորմատիկայի բաժնում, սակայն  ծանրաբեռնված ուսումնական առօրյան խոչընդոտ  չէ, որպեսզի  հասակակիցների նման օրվա  մեծ մասն անցկացնի  համակարգչի  ընկերակցությամբ, որին,  ի դեպ   կապված էր  դեռ  տարիներ առաջ:

 

Բնավորությամբ  ինքնամփոփ աղջիկը կայքից-կայք  ճամփորդելով մի օր  պատահաբար հանդիպեց կոմիքսների մի սայթի, որն ամբողջովին  կլանեց  նրա ուշադրությունը: Առաջին  փորձնական  էսքիզները նրան  ոգեշնչեցին ու  նա որոշեց առավել  խորությամբ ուսումնասիրել կոմիքսների պատմությունն ու «անատոմիան»:

-Կոմիքսը, դա  նկարների շարք է, այլ կերպ ասած պատկերների և  դրանց  կցված  բացատրությունների միջոցով  ստեղծվող  պատմություն  է:Կոմիքսներ  նկարելը սովորել եմ  ինքնուսմի մի քանի կայքերի  օգնությամբ   Wacom գրաֆիկական պլանշետով  սկսել եմ  նկարել: Իմ  կոմիքսները սև ու  սպիտակ են,  ինչպես  ընդունված է  ամենուր, գունավոր նկարելու համար երկար  ժամանակ  կպահանջվի,  մինչդեռ  այդ  ընթացքում  կարելի է  տասնյակ պատկերներ ստեղծել, -WomenNet-ի  հետ  զրույցում  պատմում է  18-ամյա Գեղանուշը:

 

Համացանցի  միջոցով Գեղանուշը ձեռք  բերեց  նույն  նախասիրությունն  ունեցող բազմաթիվ  ընկերներ,  ծանոթանում էր  նրանց  աշխատանքերին,  միաժամանակ ստեղծելով  իրենը: Աշխատելու ընթացքում սիրում է  մտածել թեմայի  շուրջ,  նորանոր գաղափարներ են  ծնվում, որոնք  շտապում է  կյանքի կոչել: Եկամուտ վաստակելու գաղափարը դրանցից  մեկն էր: Իսկ  ինչո՞ւ չփորձել: Համացանցի  օտարերկրյա  օգտատերերին ուղարկեց  իր կոմիքսները ու պատահեց անսպասելի, ԱՄՆ-ից, Ավստրայից, Շվեյցարիայից, Կանադայից  ու Պորտուգալիայից  առաջարկներն ու  պատվերները չուշացան:

Գեղանուշը թեև փոքր-ինչ թերանում է անգլերեն լեզվի  հարցում, սակայն  դա  խոչընդոտ չէ, քանի որ կոմիքսներ տպագրող  ամերիկյան  կազմակերպությունը  հոգում է ուղղագրության  մասին: Շահույթը թեև  մեծ չէ, սակայն Գեղանուշը  չի դժգոհում, ամեն  ինչ դեռ առջևում է:

 

-Կոմիքսներ նկարելուն զուգահեռ նկարում եմ  նաև  ստեղծում եմ  նաև  բրիլոկներ, որոնք  նույնպես  մեծ պահանջարկ ունեն: Ցանկանում եմ  դարձյալ կայքերի օգնությամբ  ուսումանսիրել արվեստի մեկ այլ ուղղություն՝ 3D տարածական (եռաչափ) նկարչությունը: Կարծում եմ  ինձ  մոտ  կստացվի, սիրում եմ  մտածել,  պրպտել,  փնտրել, սովորել ու կատարելագործվել,- ասում է Գեղանուշը:

Ի դեպ, նա  հաճախ է  մասնակցել  մանկա-պատանեկան նկարիչների  մրցույթներին, արժանանալով բազմաթիվ պատվոգրերի: Իսկ 2016 թվականին մասնակցելով մանկական  նկարների միջազգային  ցուցահանդեսին դիպլոմի արժանացավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կողմից :

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 2807

Գլխավոր էջ