Զարուհի Բաթոյան. «Իմ առաջարկներն ուղղված են արժանապատիվ կյանքին բոլորի համար»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Զարուհի Բաթոյանը հայտնի է իր հասարակական գործունեությամբ՝ ի պաշտպանություն հաշմանդամություն ունեցող անձանց ու կանանց իրավունքների: Նա նաև լրագրողական ու բիզնես ոլորտի աշխատանքի փորձ ունի: Այժմ Զարուհի Բաթոյանը փորձում է իր ուժերը նաև քաղաքականության մեջ` ռեյտինգայիոն ընտրակարգով առաջադրվելով «Ելք» դաշինքի կողմից թիվ 1 ընտրատարածքում:
WomenNet.am-ի հետ զրույցում Զարուհին նշեց, որ թեպետ շատ հաճախ է տարբեր մարդկանցից լսել, որ քաղաքականությունը կեղտոտ ոլորտ է, սակայն համոզված է, որ մարդկային արժեքներն ու սկզբունքներն ամեն տեղ նույնն են: Մարդիկ կարող են լինել ազնիվ, կամ ոչ, արդար կամ անարդար: Այնպես որ, դեմ է դաշտերն ու ոլորտները պիտակավորելուն, քանզի բիզնեսում, քաղաքականության մեջ, հասարակական և ցանկացած այլ ոլորտում կարևորը մարդիկ են…
-Դուք բավականին ակտիվ հասարակական գործունեություն եք ծավալում ու կարելի է ասել նաև շատ հաջողություններ եք գրանցել, ինչպես ստացվեց, որոշեցիք դառնալ պատգամավոր:
-Բավականին երկար ժամանակ իսկապես աշխատել եմ հասարակական ոլորտում և իմ մասնակցությունն ունեցել եմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններում՝ հանդես գալով առաջարկներով: Այստեղ այլ հարց է, թե դրանք որքանով են կիրառվել, որովհետև որպես ՀԿ ներկայացուցիչ քո հնարավորություններն սահմանափակ են` դրանք կարող են լինել առաջարկի տեսքով միայն, իսկ թե որքանով դրանք կընդունվեն և ինչ կերպ կիրականացվեն արդեն այլ հարց է: Եվ այս իմաստով ես հավատում եմ իմ ուժերին, որ ավելին կարող եմ անել, քան արել եմ նախկինում հասարակական ոլորտում աշխատելու արդյունքում : Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ես շարունակում եմ իմ աշխատանքը, այսինքն` սա ամենևին նոր ոլորտ չէ, նոր թեմա չէ, նոր խնդիր չէ, պարզապես միջոց է փոխվում: Կարծում եմ, որ ՀԿ-ների գործունեությունն ավարտվում է մի տեղ, որտեղ այլևս նրանք չեն կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ քաղաքականության փոփոխության վրա` համակարգը թույլ չի տալիս: Որովհետև որոշում կայացնող մարդիկ, որոնք պետք է այդ փոփոխություններն անեն, անձամբ չեն կրում խնդիրը, խորքից ծանոթ չեն այդ բոլոր դժվարություններին և չգիտեն, թե ինչ ասել է խտրականություն, անհավասար պայմաններ, տարբերակումներ և այլն: Եվ համոզված եմ, ու նաև միջազգային փորձն է դա ցույց տալիս, որ եթե համակարգում, որոշումների կայացման տարբեր մակարդակներում հաշմանդամություն ունեցող անձինք (ՀՈւԱ) ներառված չեն, ապա գործընթացներն առանց իրենց իրավունքները հաշվի առնելու են իրագործվում: Սա է հիմնական պատճառը, որ ես ուզում եմ աշխատել նաև օրենսդրական ոլորտում, որովհետև իմ նպատակն է նաև համակարգային փոփոխության վրա ազդել: Եթե ուզում ենք, որ ամբողջ համակարգը դառնա ներառական և լինի խտրականությունից զերծ, ապա հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է ներառվեն քաղաքականության մեջ:
-Ձեր գործունեության մեջ շատ շեշտադրում եք նաև կանանց իրավունքների պաշտպանությունը, պատրաստ եք արդյոք Ազգային Ժողովում պաշտպանել նաև կանանց շահերը:
-Միանշանակ: Ոչ միայն ՀՈւԱ, այլ ցանկացած խոցելի խմբի շահերի պաշտպանությունը շատ կարևոր են ինձ համար: Հայաստանում, ցավոք, պաշտպանության կարիք ունեցող խմբի մեջ են մտնում նաև կանայք: Ես հավատում եմ, որ կանայք շատ լավ մասնագետներ են, շատ լավ աշխատողներ են, և եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ հասարակական ոլորտում հիմնականում կանայք են և նույնիսկ քաղաքականության մեջ, եթե ամենակարևոր ու պատասխանատու աշխատանքը պետք է արվի` դա կանայք են անում: Բայց որոշումներ կայացնող մակարդակներում կանայք շատ ավելի քիչ հնարավորություններ ունեն, ինչի պատճառները տարբեր են ու հայտնի: Իմ խնդիրն է նաև և’ կանանց, և’ հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանելն ու նրանց կարիքները տեսանելի դարձնելը: Ասեմ, որ նույնիսկ այն գործընթացներում, որոնք քիչ թե շատ իրականացվում են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, հաշմանդամություն ունեցող կանայք գրեթե անտեսանելի են: Մինրդեռ նրանք ավելի խոցելի են. նրանք բռնության տեսանկյունից ավելի ռիսկային խմբում են, վերարտադրողական առողջության խնդիրներն են ավելի բարդ և այլն:
-Ի՞նչ պետք է անել, որպեսզի լուծվեն նաև նրանց խնդիրները …
-Պետք է բոլոր գործընթացները դարձնել ներառական ու արդյունավետ, այսինքն` ներառականությունը չպիտի լինի պարզապես ձևական կամ լոկալ բնույթ կրի: Օրինակ, եթե մենք մշակում ենք զբաղվածության ոլորտի լուծումներ կամ ընտանեկան բռնությանը վերաբերող հարցեր ենք փորձում լուծել օրենսդրական դաշտում և այլն, այս բոլոր ոլորտներում պետք է հատուկ ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող կնոջ տեսանելիությանը: Շատ հաճախ կարելի է լսել` «օրենք է, այն բոլորին է վերաբերվում», բայց դա այդպես չէ և նույն Կոնվենցիան («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա-խմբ ) ցույց է տալիս, որ ՀՈւ անձինք առանձին կերպով օրենքներում, ծրագրերում նշվելու և հիշատակվելու, ինչպես նաև իրավունքների ապահովման խնդիր ունեն: Իսկ դա երբեք տեղի չի ունենա, եթե այդ բոլոր գործընթացներում` մշակումից սկսած, մասնակից չեն կոմպետենտ, փորձառու հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ցավով եմ նշում, բայց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձը կարծես երկրորդ կարգի քաղաքացու կարգավիճակ ունի, որովհետև գործում է «նախ բոլորը, հետո նոր հաշմանդամություն ունեցողները» մոտեցումը , որովհետև դրա համար փող չկա, ռեսուրս չկա, ինչն անընդունելի է` բոլորն ունեն հավասար իրավունքներ, որոնք պետք է միաժամանակ պաշտպանվեն ու նույն սկզբունքներով:
-Հայաստանում ընտրությունից ընտրություն, երբ կանանց թիվը խորհրդարանում կամ քաղաքական այլ մարմիններում չի ավելանում, հայտարարում են, որ կինը կնոջ չի ընտրում: Որո՞նք եք համարում հիմնական խոչընդոտները ընտրական գործընթացի, որին մասնակից եք:
-Ես չեմ հավատում պնդմանը, թե կինը կնոջ չի ընտրում, ավելի շատ հավատում եմ, որ տղամարդը կնոջը չի ընտրում, բայց շատ եմ ցանկանում այդ մասով սխալվել: Ի դեպ, այդ ուղղությամբ շատ չեմ մտածել, որովհետև հիմնական պատճառը դա չեմ համարում: Իհարկե կան կարծրատիպեր, կնոջ համար դժվար է շահել վստահություն, քանի որ թերահավատությունը, որքան էլ պնդենք հակառակը, այնուամենայնիվ կա. եթե նույնիսկ երկու կոմպետենտ մարդկանց մեջ ընտրություն լինի, շատ քչերը կարող են ազատ ընտրել կնոջը` հենց այդ կարծրատիպերի պատճառով:
Իմ կարծիքով` դժվարությունները, որոնք ես կունենամ, իմ դեպքում կրկնապատկվում են, որովհետև հերիք չի կին է, հետն էլ հաշմանդամություն ունի և այս դեպքում շատ դժվար կլինի մարդկանց քվեն ձեռք բերել: Բայց սա մարտահրավեր է ոչ միայն ինձ համար. մարդիկ ի վերջո պետք է գնան կարծրատիպերի դեմ և տեսնել կարև որը: Ինձ համար շատ կարևոր է նաև ցույց տալու և վստահեցնելու, որ միայն հաշմանդամությունը կամ միայն կին լինելը չէ, որ պետք է մարդուն ստիպի քեզ ձայն տալ, այլ շատ կարևոր է քո անցած ճանապարհը, կոմպետենտությունը, սկզբունքները, թե ինչ լուծումներ ես առաջարկում և ինչ հեռանկար ես տեսնում: Եվ հույս ունեմ, որ դա ինձ մոտ կստացվի, որովհետև իմ առաջարկներն ուղղված են արժանապատիվ կյանքին բոլորի համար:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3684