Քաղաքական մոդայի «Էպատաժն» ու բարձրագույն «պիլոտաժը»
Կին քաղաքական գործչի կարծրացած պատկերացման մեջ մինչեւ վերջերս ներառված էին տարեց հասակը, ագրեսիվ արտաքինը, խիստ բաճկոնը և նվազագույնի հասցված աքսեսուարները։ Համարվում էր, որ եթե թույլ սեռի ներկայացուցիչը զբաղվում է տղամարդկային խաղերով, նա պետք է այնպիսի տեսք ունենա և իրեն այնպես պահի, որ նրան օտարի տեղ չդնեն։ Նոր դարաշրջանի մեկնարկով այս կարծրատիպը որոշ վերանայման ենթարկվեց։ Այժմ կին քաղաքական գործչի հաջողության գրավականն են կանացիության և վերլուծական մտքի բացառիկ զուգակցումը և սեփական տեսակետը փաստարկված պաշտպանելու կարողությունը։
Նոր քաղաքական մոդայի առավել վառ օրինակ Սեգոլեն Ռուայալն էր, որը կանացիությունը դարձրեց իր նախընտրական քարոզարշավի գլխավոր կետը և նույնիսկ հրաժարվեց տաբատից՝ այս կերպարը չխաթարելու համար։ Անշուշտ, այս տարբերակը նրան առաջարկել էին խորհրդատու իմիջմեյքերները, ու նա պարզապես հանճարեղորեն մտավ այդ կերպարի մեջ։
Ոչ նվազ հաջողությամբ ժամանակին «սլավոնացի գեղեցկուհու» կերպարը կերտեց Յուլյա Տիմոշենկոն։ Համենայն դեպս, նրա ոսկեծամ հյուսքը այժմ քաղաքական ժանրի դասական է։ Ուկրաինայի քաղաքականության առաջին տիկինը հիացրեց ոչ միայն սանրվածքով, այլև հագուստով, ի դեպ, բավական թանկարժեք։
Բոլոր դեպքերում, պրոտոկոլի կանոնների վրա անթաքույց ոտնձգությունը ընտրյալ քաղաքական գործիչների բաժինն է։ Մյուսները փորձարկում են պաշտոնական դրեսս կոդի շրջանակներում, որը պետական իշխանության մարմիններում աշխատող կանանց վերագրում է խստաբարո, պահպանողական և նրբագեղ տեսք ունենալ։
«Կին քաղաքական գործչի կերպարի հետ մոդան կապ չունի»,- ասում են մասնագետները՝ միաժամանակ բացառելով քաղաքական հանդերձապահարանից «գեղեցիկի» հասկացությունը։ Զսպվածություն, նպատակահարմարություն՝ ահա, թերևս, այն ամենը, ինչով պետք է առաջնորդվեն իրենց հագուկապի մեջ իշխանության օլիմպոսին ձգտող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Հավելած՝ խնամված, բայց բնական տեսք ունենալու խորհուրդը: «Վերջապես, չի կարելի այնպիսի տեսք ունենալ, կարծես դու հենց նոր ես դուրս եկել գեղեցկության սրահից»,- ընդվզում են ոճաբանները չափազանց շինծու կերպարների առնչությամբ:
Ծանոթ մոդելագործը, ով թեմայի նրբանկատության պատճառով ցանկացավ անանուն մնալ, հաճույքով բացատրեց, թե ինչ է ենթադրում քաղաքական ժանրի դասական ոճը։ Դրանք գործարար կիսակիպ բաճկոններ են, անթերի ձևվածք, նրբագեղ մետաքսե բլուզներ, դասական տաբատ, մինչև ծնկների կեսը կամ ավելի ցածր միջին երկարության փեշեր, ընդ որում, ամեն ինչ պետք է կարված լինի թանկարժեք որակյալ կտորից։ Բացառվում են ճչան գույները, փայլփլուն կտորները՝ այդուհանդերձ ժամանակակից միտումները թույլատրում են գույների լայն երանգապնակ։ Իսկ կտորի նախշերը չպետք աչքի զարնող ու վառ լինեն, ոչ մի թափանցիկ բլուզներ, խոր լանջաբացվածք։ Միջին բարձրության կրունկով կիսակոշիկներ, կաշվե պայունակ, մարգարտաշար կամ ոսկե շղթա, խիստ սանրվածք։ Առավելագույնս զուսպ և կոկիկ դիմահարդարում և մատնահարդարում։
Ըստ էության սա է այդ ոճը, որը պահպանողական պատկեացւմների տասը բալանոց սանդղակով համապատասխանում է ամենաբարձր նիշին։ «Բարձրագույն արվեստն՝ այսպես կոչված «վիշիյ պիլոտաժը» այն է, որ, մնալով այդ ոճի շրջանակներում, կարողանում եք ստեղծել հիշվող, անկրկնելի կերպար։ Կին առաջնորդը նախևառաջ անհատականություն է։ Ու չարժի այդ մասին երբևէ մոռանալ»,- ընդգծեց ոճաբանը։
Վարվելակերպի առիթով հիշեցինք նաեւ խորհրդային ժամանակների Կենտկոմի «պրոտոկոլը», ըստ որի արգելվում էր պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կանանց՝ գրախանութի տնօրենից մինչև շրջկոմի գաղափարախոս, տաբատ հագնել և ադամադներ կրել։ Ժամանակները, իհարկե, փոխվել են, վերաբերմունքը տաբատների նկատմամբ նույնպես, բայց «մինչև ժամը 5-ը ոչ մի ադամանդ» դրույթը, բնականաբար, մնում է։ Ի դեպ, ադամանդների մասին առանձնակի արժի մտածել՝ ընտրողների հետ հանդիպման գնալիս։ Ժողովուրդը կարող է սխալ ընկալել։
Իսկ թե որքանով է ժողովուրդն ուշադիր կին քաղաքական գործչի արտաքինի նկատմամբ հարցն ուսումնասիրելու ընթացքում, մենք հայտնաբերեցինք, որ ընտրազանգվածը, հատկապես, կանայք, այս թեմայի շուրջ բավական ասելիք ունի։ Հարցվածների կարծիքով՝ պաշտոն զբաղեցնող կանանց մեծ մասը հագնում է թանկարժեք բաճկոններ, սակայն ոչ բոլորն են կարողանում այդ բաճկոնով պատշաճ ներկայանալ։ «Նայում ես՝ կարծես թե ամեն ինչ տեղն է, բաճկոնն անթերի է կարված , բայց դե ՝ չի սազում եւ վերջ։ Գուցե այն պատճառով, որ տղամարդկանց նմանվելու ինչ-որ միտում է նկատվում այդ կնոջ մոտ»,- իր դիտարկումներն է ներկայացնում տնային տնտեսուհի Անահիտ Մուրադյանը։
Հարցվածների մեծ մասն նշում էին, որ ոճը, ճաշակը, վարվելակերպը մշակվում են մանկությունից, և եթե ընտանիքի ու դաստաիարակության հարցում բախտը չի բերել, ապա ինչ-որ բան շտկելու հույսը քիչ է։ Սակայն պրոֆեսիոնալները հավաստիացնում են, որ եթե ըստ էության յուրաքանչյուր մարդու կարելի է սովորեցնել խոսել տեսախցիկի առաջ, ապա հագնվել՝ առավել ևս։
Այլ հարց է, որ հատուկ կին քաղաքական գործիչների հետ աշխատող իմիջմեյքերներ մեր իրականության մեջ գրեթե չկան, ինչպես նաև ոճաբան-վարսահարդարներ։ Թեպետ իրենց առաջատար փորձագետների շարքին դասողների թիվն ավելի քան բավարար է, համենայն դեպս մասնագիտական կարծիքի փնտրտունքների ընթացքում պարզեցինք, որ մեզանում յուրաքանյուր երկրորդը «սերգեյ զվերև» է կամ «վյաչեսլավ զայցև»։
Բայց եթե նույնիսկ դժվար է մասնագիտական խորհուրդ ստանալ Հայաստանում, ապա պաշտոն ունեցող կանայք հաստատ որ հնարավորություն ունեն աշխատել իրենց կերպարի կատարելագործման վրա արտասահման մեկնելիս՝ հուշում են մեր զրուցակիցները։ Ի դեպ, պարզվում է, որ նրանք ոչ պակաս ուշադրությամբ հետևում են նաեւ տղամարդ քաղաքական գործիչների հագուկապին և հաճույքով կզրուցեին «պերեստրոյկայի» արշալույսին տարածված մորեգույն պիջակների, դրանց փոխարինելու եկած գծավոր բաճկոնների, ինչպես նաեւ որոշ քաղաքական այրերի սպիտակափայլ կոստյումների մասին։ Բայց այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ։
Ասյա Ծատուրովա
Դիտումների քանակը` 5898