Մտքեր, ելույթներ մարտի 8-ի երթից
Երեկ Երևանում մի խումբ քաղաքացիներ անկազմակերպ ու ինքնաբուխ երթ են անցկացրել, որի ընթացքում հնչել են ելույթներ՝ նվիրված կանանց իրավունքներին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ ելույթներից:
«Մենք կին չենք ծնվում, մենք ծնվում ենք հայ կին, եթե իհարկե ծնվում ենք։ Մեզ մոտ չեն ուզում աղջիկ ունենալ, ուզում են տղա ունենալ՝ զինվոր, ժառանգող, պաշտպան ու պահապան։ Ընդհանրապես, ուզում են ունենալ։ Ունենալուց հետո սկսվում ա պետքերը՝ որպես բեռ, որպես պարտք։ պարտք, որը մենք չենք վերցրել, բայց որը պարտավոր ենք տալ։ Հայ կինը պետք է տղա ունենա, պետք է ունենա ամուսին, պետք է ընտանիքի մասին հոգ տանի, ճրագը՝ վառ, թոնիրը՝ տաք։ Ու ստացվում է, որ մենք կամ նախապատրաստվում ենք ընտանիք ունենալուն, կամ ընտանիքի հոգսն ենք տանում, կամ տառապում ենք, եթե չունենք կամ կորցրել ենք։ Այլապես մենք չբեր ենք, դուրսընկած ենք, տանը մնացած ենք։ Հայ կնոջ իդեալ՝ մայր Հայաստան»:
«Ով ա կինը ազգայնականության տեսակետից, նա ոչ ուղղակի մարդ ա, ոչ ուղղակի կին ա, այլ կոնկրետ առաքելություն կրող օբյեկտ ա: Նա կոչում ա ստանում՝ ծառայել ազգին, ամեն ինչ անել, որ ազգը դառնա փառապանծ…Ամենակարևորը ազգն է, մնացած ամեն ինչ ստորադասվում է ազգին ու “նրա” բարեկեցությանը: Դրա համար պատահական չէ, որ ՀՀԿ-ն ասում ա, թե հայ կինը նախ հայ ա, հետո մայր ա, հետո կին. այսինքն պահանջում են, որ առաջին հերթին ազգին ծառայեմ, ծառայեմ մայր դառնալով, ավելի կոնկրետ՝ զինվորի մայր դառնալով, հետո էլ ազգի կանացի ստանդատների մեջ կարող եմ մնացած բաներով զբաղվել եթե ժամանակ ու կամք մնա
Ազգայնականության դիտանկյունից կինը առաջին հերթին ծնարան ա, տղա ծնող գործարան, հայ տղա ծնող գործարան: Ուստի հենց որ կինը չուզեց կամ չկարողացավ ամուսնանալ հայ տղամարդու հետ ու տղա երեխա ունենալ, նա դադարում ա ազգին ծառայելուց: Ազգայնականությունը մենակ չի գալիս, գալիս ա հայրիշխանության հետ, գալիս ա միլիտարիզմի հետ, ոստիկանապետության հետ, ու նույնիսկ ազատ շուկայական կապիտալիզմի հետ»:
«Ազատագրված կինը, ով պայքարում է իր ինքնիշխանության համար, ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ազգայնական, միլիտարիստական քաղաքականության անիվի մեջ խրած երկաթե ձող: Այս պետությանը պետք չեն ազատագրված կանայք. նրանք միայն վտանգ են ներկա ռեժիմին: Ուստի հայրիշխանական համակարգն ամեն կերպ փորձում է ընդգծել կնոջ հնազանդությունն ու վերակերտել տղամարդու՝ փրկիչի կերպարը:
Այս ամենն իմանալով եկեք լինենք այդ ձողն ու ջարդենք մեր վրայով պտտվող անիվները, դառնանք հարատև թշնամի մեզ հալածող ու ստորադասող համակարգերի: Կանանց լիարժեք ազատագրում չի լինի, քանի դեռ ռազմականացումը համարվում է անհրաժեշտություն և չի քննադատվում ֆեմինիստների կողմից: Մարտի 8-ը չի վերաիմաստավորվի, եթե վերաիմաստավորման հիմքում չդնենք ռազմականացման քննումն ու դրա դեմ համակարգային պայքարը»:
Ելույթների առավել ամբողջական տարբերակները կարող եք դիտել E-press-ի պատրաստված տեսանյութում:
Պատրաստեց Արման Ղարիբյանը
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտումների քանակը` 3283