«Երեխաների իրավունքների խախտումները մանկատներում». «Human rights watch»-ի նոր զեկույցը Հայաստանում.
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Human rights watch»-ի 2016 թ. նոր զեկույցի ներկայացումը «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանիմանկատներում և այլ հաստատություններում» թեմայով:
Զեկույցում անդրադարձ էր կատարվել նաև ներառական կրթության ոլորտում առկա խոչընդոտներին և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին: Հայաստանում ուսումնասիրությունն իրականացվել է առաջին անգամ:
Ասուլիսին մասնակցում էին «Human rights watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող և զեկույցի հեղինակ Ջեյն Բուխանան, «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրեն, զեկույցի հետազոտող Գիորգի Գոգիան ևհաշմանդամություն ունեցող 12-ամյա Մարի Մինասյանը, ով հաճախում է ներառական դպրոց Գորիսում:
«Մենք որոշեցինք այս հետազոտությունը կատարել, քանի որ ճիշտ ժամանակն էր դիտարկելու, թե ինչ առաջընթաց կա այս ոլորտում և ինչ բացթողումներ ու թերություններ կան ՀՀ կառավարության կողմից, որպեսզի հասկանանք ինչ դասեր պետք է քաղել և որոնք են միջազգային իրավական չափանիշները»,-ասաց Գեորգի Գոգիան:
Ուսումնասիրության շրջանակում հարցազրույց է անցկացվել ավելի քան 170 անձի հետ Հայաստանի 8 քաղաքներում. Երևանում, Կապանում, Գորիսում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում, Հացիկում և Ճամբարակում:
«Մենք հարցազրույցներ ենք անցկացրել 43 երեխայի և 63 ընտանիքի երեխաների հետ, որոնք ապրում են մանկատանը կամ հաճախում են հատուկ կարիքներով երեխաների դպրոց կամ գիշերօթիկ դպրոց: Մենք այցելել ենք 5 մանկատուն, 10 դպրոց, որոնց թվում նաև 6 հատուկ դպրոց: Մենք զրուցել ենք բոլոր կողմերի հետ՝ ներառած թե’ տնօրեններին, թե’ ուսուցիչներին, թե’ սոցիալական աշխատողներին, բժիշկներին, հոգեբաններին և այլոց: Մենք հանդիպել ենք նաև խնդրին առնչվող բոլոր պետական կառույցների հետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կրթության և գիտության նախարարության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների հետ»,-ասաց Գոգիան և հավելեց, որ իրենք հանդիպել են նաև տասնյակից ավելի ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորոտում:
Ասուլիսի մյուս բանախոս Ջեյն Բուխանան ասում է, որ ավելի քան 3500 երեխա է բնակվում Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում:
«Նրանք մեծամասամբ այնտեղ են հայտնվել աղքատության կամ հաշմանդամության պատճառով: Մենք ուսումնասիրել ենք Հայաստանում երեխաների իրավունքների վիճակը միջազգային չափանիշների տեսանկյունից: Հաշմանադամություն ունեցող երեխաները իրավունք ունեն ապրելու համայնքում և ոչ թե մեկուսացվելու ու խտրականության ենթարկվելու: Ցանկացած տեսակի հաստատություն երեխայի համար պետք է լինի վերջին տարբերակը և միայն կարճ ժամանակով ու բացառիկ հանգամանքների դեպքում: Եթե հազվադեպ դեպքերում երեխան չի կարողանում մնալ իր կենսաբանական ընտանիքում, ապա այլընտրանքային ընտանիքը միշտ լավագույն տարբերակն է»,- ասում է Ջեյն Բուխանան:
Հետազոտության շրջանակում այցելելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ հաստատություններ՝ նրանք արձանագրել են, որ մեծամասամբ շենքային պայմանները բավարար են, կամ միջին աստիճանի:
«Երեխաները մանկատներում հաճախ չեն ստանում այն ուշադրությունն ու խնամքը, որի կարիքը ունեն: Կարևորագույն ռեսուրսները, ինչպիսիք են օրինակ՝ վերականգնողական աշխատանքները, հատուկ մասնագետների ներգրավումը, առկա է միայն փակ հաստատությունների պատերի ներսում, բայց ոչ համայնքում»,-ասում է Ջեյնը:
Ըստ հետազտության արդյունքների՝ Հայաստանում խնամքի հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող:
«Կառավարությունը պետք է այնպես անի, որ խնամքի հաստատությունները, որքան հնարավոր է՝ քիչ լինեն, փոխարենը՝ երեխաները ապրեն իրենց ընտանիքներում, և այդ ընտանիքները ապահովեն անհրաժեշտ ռեսուրսներով: Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում մեծանալու իրավունք, և կառավարության ու դոնորների ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին և երեխաներին, այլ ոչ խոշոր հաստատություններին»,- ասում է Ջեյն Բուխանան:
Նա ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները շատ հաճախ ձեւական կերպով են ներառված դպրոցներում: Նրանք իրականում դպրոց չեն հաճախում, այլ տնային պայմաններում են անցնում հայերենի, ռուսերենի, մաթեմատիկայի դասեր: Ըստ նրա՝ շատ դպրոցներում էլ չկան անհրաժեշտ պայմաններ, որպեսզի այդ երեխաները հաճախեն այնտեղ, իսկ եթե անգամ հաճախում են, նրանք ներառված չեն դասընթացի մեջ:
«Դասի փոխարեն նրանց կարող են հանձնարարել նկարել, կարուձև անել կամ այլ առաջադրանքներ կատարել դասի ընթացքում զբաղվելու համար: Մինչդեռ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները պետք է ստանան նույն կրթությունը, նույն դասընթացը: Այսինքն՝ համակարգը պետք է լինի ճկուն»,-ընդգծում է Ջեյնը:
Նրան մտահոգում է այն, որ այսօր Հայաստանում չկա մտադրություն վերակազմակերպելու հաշմանդամություն ունեցող երեխաների 3 մանկատները: Եվ չնայած նրան, որ խնամքի հաստատություններում երեխաների թիվը ընդհանուր առմամաբ նվազում է, հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը նման հաստատություններում աճում է:
Գիորգի Գոգիան նշում է, որ Հայաստանը պետք է վերանայի Ընտանեկան օրենսգիրքը և լուրջ փոփոխություններ մտցնի:
«Եթե հաշմանդամություն ունեցող երեխան չի բնակվում իր ընտանիքի հետ, պետք է լինեն խնամակալ, որդեգրող ընտանիքներ, որոնք կզբաղվեն երեխայի խնամքով»,-նշում է Գոգիան:
Ըստ Յունիսեֆի տվյալների՝ Հայաստանի պետական հաստատություններում գտնվող երեխաներին տրվող ֆինանսական աջակցությունը մեկ երեխայի համար կազմում է տարեկան 3.000-5.000 դոլար:
Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող և ՀՀ կառավարության կողմից իրականացվող մանկատների բեռնաթափման ծրագրին, որի բուն նպատակը մինչև 2021 թվականը 22 հաստատությունների վերակազմակերպումն է և երեխաներին՝ իրենց կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ նրանց համար խնամակալ ընտանիք գտնելը, Ջեյնն ասաց. «Այդ միջոցները կարող են օգտագործվել համայնքահեն ծառայությունների և ընտանիքների՝ ուղղակի աջակցության համար: Կառավարությունը պարտավոր է երեխային առաջարկել ընտանիքի մոդելի մի քանի տարբերակ, եթե երեխան չի կարող մնալ և ապրել իր կենսաբանական ընտանիքում: Այդ դեպքում հաշմանդամություն ունեցող երեխաները կվարեն լիարժեք կյանք: Բայց այսօր ամբողջ Հայաստանում ընդամենը 25 խնամակալ ընտանիք է պետական աջակցություն ստանում բյուջեից»:
Գորիսի ներառական դպրոց հաճախող 12-ամյա Մարի Մինասյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, պատմեց, թե ինչպիսի խոչընդոտներ է հաղթահարում դպրոց գնալու համար:
«Մեր դպրոցում չկա վերելակ, ես ամեն օր ոտքով 3 հարկ բարձրանում եմ և իջնում, ինչը ինձ համար շատ դժվար է»,-ասում է Մարին, ով ունի հենաշարժողական խնդիրներ:
Նա պատմում է, որ դպրոցում սանհանգույցը գտնվում է դպրոցի առաջին հարկում, տղաների սանհագույցի կողքին, ինչի պատճառով նա չի կարողանում օգտվել: Նրան ամեն օր դպրոց է ուղեկցում ավագ քույրը:
«Մեր դպրոցում ես միակ աշակերտն եմ, որ ունեմ հենաշարժողական խնդիրներ: Մենք ունեինք մեզ հարևան մի աղջիկ, ով նույնպես ուներ հենաշարժողական խնդիրներ, բայց դպրոցում անհրաժեշտ շենքային պայմանների բացակայության պատճառով, տանն էր մնում, դասերը պարապում: Ուսուցիչները գալիս էին նրա հետ տանը պարապում ու գնում, իսկ 4-րդ դասարանից հետո նա ընդհանրապես թողեց ուսումը»,-պատմում է Մարին և հաշմանդամություն ունեցող երեխաներին կոչ անում չամաչել: «Պետք է գնալ սովորական դպրոց, որովհետև բոլորը հավասար են»,-ընդգծեց Մարին:
Դիտումների քանակը` 3408