«Ritea» հայկական օրգանիկ թեյի անգերազանցելի համն ու հոտը
Հայաստանում շուրջ 3500 տեսակի խոտաբույս կա, դրանցից 1500-ն օգտակար են գործածության համար: Դրանցից յուրաքանչյուրի հոտն ու համը, օգտակար հատկություններն ու հակացուցումները գիտի Ռիտա Մարտիրոսյանը, ով արդեն 3 տարի արտադրում ու կատարելագործում է Ritea հայկական բուսական թեյը: Այն հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, սակայն որոշ խմբաքանակ վաճառվում է նաև հայաստանյան խանութներում:
Մասնագիտությամբ ֆինանսիստ, դպրոցի ուսուցչուհի Ռիտա Մարտիրոսյանին ձեռներեցության դաշտ բերեց պատահականությունը: Մինչ այդ Ռիտան բուսական թեյերը միայն ընտանիքի համար են պատրաստվել ՝ և՛ որպես գաստրոնոմիկ հաճույք, և՛ որպես դեղամիջոց;
«Ընտանիքում, տարբեր առիթների ժամանակ, թեյախմությունը միշտ հատուկ տեղ է ունեցել մեր կյանքում: Սովորաբար գնում էի տարբեր հայկական խոտաբույսեր և տնային պայմաններում դրանցից յուրահատուկ թեյեր պատրաստում, քանի որ պատրաստի բուսական թեյերի մեջ միշտ ինչ-որ բան չէր բավարարում: Հերթական անգամ, երբ հյուրերիս մատուցեցի իմ պատրաստած թեյը, ամուսնուս ընկերները հարցրեցին՝ ինչո՞ւ թեյի արտադրության մասին չեմ մտածում: Այսպես էլ ծնվեց Ritea-ն», – պատմում է Ռ. Մարտիրոսյանը:
Այսպես՝ նախ ընտանիքի համար, հետո արդեն շատ ուրիշների, ստեղծվեցին տարբեր համային փնջերով բուսական թեյերը, որոնք այսօր նաև աշխատատեղեր են ապահովում շատ գյուղական համայնքներում: Թեյի առաջին մի քանի խմբաքանակը նախատեսված էր արտահանման համար: Գրանցված հաջողությունը խոստումնալից էր, և արտադրողները որոշեցին թեյերը վաճառել նաև հայաստանյան շուկայում:
«Մենք արդեն կոոպերատիվ ենք ստեղծել, համագործակցում ենք տարբեր մարզերի և շրջանների այլ կոոպերատիվների հետ, որոնցից, հիմնականում, գնում ենք մեր արտադրանքի հումքը: Այն բացառապես հայկական է, չենք գործածում որևէ համային հավելում»,- ասում է Ռ. Մարտիրոսյանը:
Կոոպերատիվների հետ համագործակցությունը, սակայն, այսքանով չի ավարտվում: Տիկին Ռիտան նաև թրեյնինգներ է իրականացնում դրանց անդամների համար՝ օգնելով մարդկանց ճիշտ կողմնորոշվել բույսերի աշխարհում.
«Շատերին կարող է թվալ, որ բույս հավաքելը շատ հեշտ բան է, բայց իրականում դա լուրջ գործընթաց է: Մենք բացատրում ենք մյուս կոոպերատիվների անդամներին, թե կոնկրետ որ բույսից որքան կարելի է հավաքել, կամ որ եղանակին է ճիշտ հավաքել այս կամ այն բույսը, որքան չորացնել և այլն: Շատ դեպքերում մեծ նշանակություն ունի նույնիսկ այն, թե որ ժամին է քաղվել բույսը: Սրանք նրբություններ են, որոնց մասին մենք պատմում ենք մեր թրեյնինգների ժամանակ: Շատ կարևոր է, որ գյուղացին հստակ հասկանա, թե մեզ ինչ է պետք, որքան և ինչ որակի»,- պատմում է Ռ. Մարտիրոսյանը:
Համագործակցության աշխարհագրությունը տարեց տարի մեծանում է. նոր պայմանավորվածություններ կան արդեն Մեղրիի և Ագարակի բնակիչների հետ: Այնտեղից Ritea-ի արտադրության համար կբերեն անհրաժեշտ բույսերի մի մասը:
Թեյերի տարբեր փնջերը տիկին Ռիտան կազմում է ինքնուրույն: Բացի համային հատկություններից, շատ կարևոր է, որ տարբեր տեսակի բույսերը համադրելի լինեն նաև առողջապահական տեսանկյունից: Այստեղ արդեն օգնության են գալիս տարիների փորձն ու խորը գիտելիքները.
«Շատ կարևոր է հստակորեն հասկանալ, որ բույսերը, ինչպես բոլոր տեսակի դեղամիջոցները, ունեն ոչ միայն ցուցումներ, այլև՝ հակացուցումներ: Օրինակ՝ մի խոտաբույս իջեցնում է արյան ճնշումը, մյուսը՝ բարձրացնում, հետեւապաես չի կարելի նույն թեյի մեջ համադրել երկու այդպիսի խոտաբույս: Մենք շատ խիստ ենք մոտենում բույսերի համադրելիության հարցին, քանի որ մեզ համար մարդկանց առողջությունն ամենաթանկն է: Հայկական լեռնաշխարհի բույսերն, իրոք, հրաշքներ են գործում, բայց դրանք գործածելու մեջ պետք է զգուշավոր լինել»,- ասում է նա:
Տիկին Ռիտան խոստովանում է՝ իրենց համար առաջնային նպատակ է եղել նաև գյուղական համայքներում աշխատատեղեր ապահովելու խնդիրը.
«Մեր արտադրամասը գյուղում է գտնվում: Գյուղի հետ կապը միշտ է եղել: Տարիների ընթացքում ուժերիս ներածի չափով փորձում էի օգնել մարդկանց, քանի որ ներսից էի տեսնում նրանց խնդիրները: Թեյի արտադրությունը սկսելուց հետո փորձեցինք հնարավորինս շատ մարդկանց ներգրավվել՝ փորձելով մեղմել նրանց սոցիալական խնդիրները: Այսօր իրենք մեզ համար են ուրախանում, մենք՝ իրենց: Տեղական արտադրանքը մեկ հոգու կամ մեկ ընտանիքի ապրուստի հարց չի լուծում: Մենք անգամ 13-14 տարեկան տղաներ ունենք գյուղում, ովքեր դասերից հետո խոտաբույսեր են հավաքում, հանձնում դրանք ու վճարվում կատարած աշխատանքի դիմաց: Կարծում եմ՝ սրանից կարևոր բան չի կարող լինել»,- ասում է նա:
Օրգանիկ թեյի արտադրության սերտիֆիկատ միայն վերջերս են ստացել, բայց արդեն մտածում են գործունեությունն ընդլայնելու և շուկան մեծացնելու մասին: Ռիտա Մարտիրոսյանը վստահ է՝ հայկական օրգանիկ թեյը լուրջ պահանջարկ կունենա եվրոպական և ամերիկյան շուկաներում:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 7436