Նարե Մկրտչյան. «Ես նկարում էի ոչ թե 1915, այլ 2015 թվականի պատմություն»

Nare Mkrtchyan

Ամերիկահայ ռեժիսոր Նարե Մկրտչյանը ծնվել է Երևանում, 15 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Նարեն մշտապես հետաքրքրված է եղել ֆիլմարտադրությամբ և իր երազանքներն իրագործելու նպատակով ընդունվել է ԱՄՆ-ի կինոյի լավագույն համալսարանը՝ USC School of Cinematic Arts: Ուսումն ավարտելուց հետո Նարեն սկսել է համագործոկցել օսկարակիր ռեժիսոր Ռոբ Ֆրիդի հետ (Rob Fried)՝ նախ որպես ռեժիսորի օգնական, ապա որպես գործադիր պրոդյուսեր:

 

«Իմ սրտին միշտ ռեժիսուրան է մոտ եղել և թեև պրոդյուսեր եմ, բայց նաև զուգահեռ ֆիլմեր էի նկարահանում և ներկայումս հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր և ռեժիսոր»,- ասում է Նարե Մկրտչյանը: Նա «Fried Films» ընկերության նկարահանած 60 ֆիլմերի պրոդյուսերն է, ֆիլմերը հիմնականում փաստավավերագրական են: Նարեն ինքը հասցրել է 7 կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: Ամերիկահայ ռեժիսորի առաջին ֆիլմը ԱՄՆ եկած հայ ներգաղթյալների մասին է եղել՝ Վարդան և Սիրանուշ Գևորգյանների կյանքի պատմությունը: Ռեժիսորի վերջին ֆիլմը ևս միահյուսված է նրա հայրենիքին. «Տան մյուս կողմը» պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Պատմում է բոլորովին նոր՝ կանանց դիտանկյունից:

 

«Իմ նախնիները ցեղասպանություն վերապրածներ են, և ցեղասպանությունը միշտ իմ մի մասն է կազմել, այդ պատճառով էլ, երբ 100-ամյակը մոտեցավ, հասկացա, որ պիտի մի բան անեմ: Ես ինքս բուժման կարիք ունեի, ցեղասպանությունն իմ ինքնության մի մասն է և ես ինքս նկարահանվեցի ֆիլմում: Ես ֆիլմում ներկայանում եմ որպես ֆիլմի ռեժիսոր»,- պատմում է Նարե Մկրտչյանը:

 

Ֆիլմի բացման տեսարանում Նարեն մեկնում է Թուրքիա՝ հանդիպելու մի կնոջ, ում հետ նա պատմություն է կիսում. 100 տարվա պատմություն: «Ֆիլմի հիմքում իմ և նրա զգացմունքներն են ու դրանց տարբերությունները, մենք կոնֆլիկտի տարբեր կողմերում ենք, սակայն երկուսիս նախնիներն էլ Սեբաստիայից են եղել»: Թուրք հերոսուհու մեծ տատիկը ազգությամբ հայ է եղել, ով ստիպված է եղել թաքցնել իր ինքնությունը, որպեսզի գոյատևի Թուրքիայում:

 

«Տան մյուս կողմը» տարբերվում է ցեղասպանության մասին պատմող վավերագրական մյուս ֆիլմերից նաև նրանով, որ 1915 թվականի կադրերը շատ քիչ են օգտագործված՝ ընդամենը 3 րոպե: «Ես հատուկ եմ դա արել, որովհետև ես նկարում էի ոչ թե 1915, այլ 2015 թվականի պատմություն և այն, թե ինչպես է 100 տարի առաջ տեղի ունեցածն ազդում մեզ վրա այսօր»,- ասում է ռեժիսորը:

 

Նարե Մկրտչյանը դժվարությամբ է գտել իր ֆիլմի հերոսին, քանի որ շատ թուրքեր չեն համարձակվել խոսել տեսախցիկի առջև: «Ես անձամբ էի փնտրում, զանգում էի «Ագոս», խոսում էի նաև թուրքերի հետ, ովքեր կկարողանային գտնել համապատասխան մարդու: Ինձ բոլորն ասում էին, թե չեմ կարողանա գտնել նման մարդու, սակայն երբ ինձ ասում են՝ դու չես կարող, ես ավելի համառորեն եմ ձգտում: Եվ ես գտա նրան»,- ասում է ռեժիսորը:

Maya crying

Համարձակ թրքուհին թեև գիտակցել է, որ երբ ֆիլմը հանրայնացվի, իրեն կսկսեն հալածել Թուրքիայում, այնուամենայնիվ, համաձայնել է մեկնել Հայաստան և այցելել Ծիծեռնակաբերդ: «Իմ հերոսուհին ֆիլմում ասում է, որ հենց ինքն է կոնֆլիկտը, այն իր մեջ է ապրում, իր մի կողմը տառապում է, մյուսը՝ ժխտում: Ինքն իր մեջ մարմնավորում է ցեղասպանության խնդիրը»:

 

Նարե Մկրտչյանը նշում է, որ ֆիլմարտադրության մեջ կանանց թեման և կանանց ներգրավվածությունը մշտապես մտահոգել է իրեն և իր ֆիլմերով նա փորձում է լրացնել այդ բացը: «Ես չեմ սիրում բողոքել, այլ սիրում եմ գործել: Եթե կանանց պատմություններով քիչ են ֆիլմերում, ես հնարավորություն ունեմ ներկայացնելու այդ պատմությունները: Կամ եթե ֆիլմարտադրությունում կանայք քիչ են, ես հնարավորություն եմ ստեղծել նրանց աշխատելու: Օրինակ, իմ վերջին ֆիլմի ստեղծման համար աշխատել են հիմնականում կանայք»:

 

ՀԳ – «Տան մյուս կողմը» Ֆիլմը վերջերս ընգրկվել էր «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում, սակայն Օսկարի հավակնորդ չդարձավ: Նարե Մկրտչյանը պատմում է, որ անկախ «Օսկար»-ի նոմինացվելուց, ֆիլմն արդեն իսկ համաշխարհային ուշադրության է արժանացել և ևս մեկ անգամ բարձրաձայնել է Թուրքիայի կողմից չճանաչված ցեղասպանության խնդիրը:

 

Արման Ղարիբյան

 

Դիտումների քանակը` 3053

Գլխավոր էջ