Նվիրվածություն և աշխատասիրություն. Գայանե Տեր-Սիմոնյանի նորարարության գաղտնիքը
«Մեղուները արևի լույսը ձևափոխում են մոմի, և երբ մարդիկ վառում են մեղրամոմից պատրաստած մոմը, նրանք կրկին ազատում են լույսը …», – հետեւելով գովազդային այս կոչին դուք կբացայտեք ձեզ համար բնական փաթեթավորմամբ մեղր և մեղրամոմից մոմեր առաջարկող BeeArt ընկերության յուրահատուկ արտադրանքը: Հիմնադիրը՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ապրող Գայանե Տեր-Սիմոնյանն է, ում համոզմամբ ցանկացած գաղափար կարելի է իրագործել նվիրվածության և աշխատասիրության շնորհիվ, ու գործդ պիտի այնպես սիրես, որ չնկատես, թե ժամանակդ ինչպես անցավ:
Գայանեն մասնագիտությամբ բանասեր է, սակայն ունենալով պրպտուն միտք, որոշեց մասնագիտությունից զատ ինչ-որ բան նախաձեռնել: Մի օր պատահաբար ձեռքն ընկավ մեղրամոմի վրա կանգնած մեղվի նկարը, երկար ուսումնասիրեց մեղրամոմի համաչափ ու հետաքրքիր կառուցվածքը: Մեղվաբուծությունից գաղափար չունեցող Գայանեն որոշեց հետազոտել նաև մեղրի ու նրա արտադրանքի պատմությունը, ու գտավ, որ բացի սննդարար լինելուց, մեղրամոմը կարող է փոխարինել մինչ այդ կենցաղում լայն սպառում ունեցեղ պարաֆինե մոմին: Գայանեն բացահայտեց, որ ի տարբերություն առողջության և միջավայրի համար թունավոր միացություններ պարունակող պարաֆինե մոմերի, մեղրամոմից պատրաստված մոմը հաճելի բույր ունի, այրվելու ժամանակ արձակում է առողջարար, մանրէասպան իոններ, ունի ավելի պայծառ լույս ու բացի դա ավելի երկար է այրվում: Մնում էր լուծել մեղրամոմից պատրաստված էկոմոմը գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնելու խնդիրը…
– Գաղափարս իրականացնելու համար անցա գործի: Ասեմ, որ շատ դժվար պայմաններում եմ սկսել այն: Մեր տան խոհանոցում գիշերներ եմ լուսացրել, սրճեփով մեղրամոմը հալեցնում էի, փորձում էի ձև տալ, չէր ստացվում, մատերս հազար անգամ այրել եմ, բայց չէի հուսահատվում: Ծնողներս չէին դժգոհում, դեռ խրախուսում էին: Եղան մարդիկ, ովքեր արածս անիմաստ զբաղմունք համարեցին, եղան նաև գաղափարակիցներ: Միևնույն է, ես անդրդվելի էի ու ստացվեց այն, ինչ ցանկանում էի-, պատմում է Գայանեն:
Այսօր մեղվի աշխատասիրությամբ վարակված են նաև Գայանեի թիմակիցները, ովքեր նրա հիմնադրած BeeArt /Բիարտ/ կազմակերպության արտադրանքի ստեղծողներն են: Բնական փաթեթավորմամբ մեղրի, մեղրամոմի ու էկոմոմերի հիմնական սպառողը զբոսաշրջիկներն են, ովքեր պարբերաբար ներկա են գտնվում մարզերում ու Երևանում կազմակերպվող բացօթյա տոնավաճառներում:
Գայանեի համոզմամբ սիրված գործով զբաղվելը նպաստում է ձերբազատվել դեպրեսիայից, իսկ նոր գաղափարների շուրջ մտածելը նոր ուժ ու եռանդ է հաղորդում իրեն:
– Ես պատասխանատվության մեծ զգացում ունեմ իմ քաղաքի հանդեպ և ուրախ եմ, որ թեկուզ փոքր, բայց աշխատատեղ եմ ստեղծել, որ չորս վարպետների երևակայության ու շնորհքի արդյունքում ծնված արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում ամենուր և հատկապես Երևանում, – ասում է նա:
Գայանեն այս տարի որոշել է բաց չթողնել միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու առիթը ու մտածում է արտադրանքի տեսականին բազմացնելու ուղղությամբ: Թեև սեփական փորձից համոզվել է, որ հայաստանյան շուկայում նորույթը փոքր–ինչ դժվարությամբ է ընդունվում, բայց ծանր շրջանն արդեն հաղթահարված է, հաճախորդները հետաքրքրվում են նոր աշխատանքներով, ուրեմն պահանջարկ կա: Գայանեն համոզված է նաև, որ ոգևորությունն ու հաջողությունը նոր գաղափարներ են ծնում, որոնց համար նա իր թիմակիցների հետ պարտավորվել է մեղվի աշխատասիրությամբ ու համառությամբ կյանքի կոչել դրանք:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Շուշան Գրիգորյանի Pepen-ոտ աշխարհը
«Հրաշագործության դպրոց». Մերի Աղախանյանի մեծ երազանքը
«Easy Travel» .վանաձորցի աղջիկների նորամուծությունը տրանսպորտի ոլորտում
Մարիաննա Պողոսյան. «Կյանքը լի է հրաշքներով»
«Օճառ հանուն հույսի». Լիլիթ Տոնոյանի նորարարությունները
WomenNet-ը փնտրում է նորարար կանանց
«ՎԻՆՆԵԹ-ն ինովացիոն մոդել է, որ համախմբում է բոլոր կանանց ուժերը»
Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Դիտումների քանակը` 7638