Հարավային Կորեայի նախկին նախագահին մերկ պատկերող կտավը զայրացրել է նրա կողմնակիցներին
Հայտնի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավի նմանօրինակ ստեղծագործությունը Հարավային Կորեայում բարձրացրել է դժգոհության մեծ ալիք և քաղաքական լուրջ սկանդալ: Կտավում, որը ցուցադրվել է երկրի խորհրդարանում, նկարիչը երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին և նրա ընկերուհուն, պատկերել է մերկ: Մեկ ամիս առաջ հենց այդ ընկերուհու պատճառով նախագահ Պակ Կին Հեն կոռուպցիայի մեջ է մեղադրվել և իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ արվել: Թեմային է անդրադառնում Panorama.am –ը նշելով, որ Պակ Կին Հեի կողմնակիցները հարձակվել և պատռել են «Կեղտոտ երազներ» կտավը:
Ստեղծագործությունը վնասելու համար ձերբակալվել է Հարավային Կորեայի նավատորմի 63-ամյա պաշտոնաթող ծովակալը: Նա հայտարարել է, որ վրդովվել է այն փաստից, որ նկարը ցուցադրվել է խորհրդարանի շենքում:
«Սենուրի» կուսակցության ներկայացուցիչները, որի ղեկավարն է հենց Պակ Կին Հեն, հայտարարել է, որ վիճելի կտավը ոչ միայն վիրավորել է երկու կանանց, այլ նաև երկրի հեղինակությունն է վնասել:
«Նկարիչները կարող են ազատորեն ծաղրել քաղաքական գործիչներին: Բայց եթե քաղաքական գործիչներն օգտագործում են արվեստի գործը քաղաքական նպատակներով, դրանց գեղարվեստական արժեքը կարող է խեղաթյուրվել»,- ասել է նախկին նախագահի կողմնակիցը:
Կին պատգամավորներին զայրացրել է այն, որ նկարը «սեռական օբյեկտիվացման» առարկա է ներկայացվել:
Նկարիչ Լի Կու Հանգն հանդես է եկել ի պաշտպանություն իր «Կեղտոտ երազներ» կտավի: Նա նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված է 20 նկարչի աշխատանքներ, որոնց գործունեությունը երկար ժամանակ արգելված է եղել կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով:
Հարավային Կորեայում նախագահի լավագույն ընկերուհու շուրջ կոռուպցիոն սկանդալ է ծագել 2016 թվականի աշնանից: Իրավապահները կասկածում են, որ նա, չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, ազդել է նախագահի կողմից քաղաքական որոշումներ կայացնելու վրա, նաև օգտվելով երկրի ղեկավարի հետ ունեցած հարաբերություններից, խաբեությամբ հարավկորեական ընկերություններից գումարներ է շորթել: Այս սկանդալի հետևանքով երկրի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին իմփիչմենթ է հայտնել նախագահ Պակ Կին Հեին: Այժմ երկրի Սահամանադրական դատարանը քննում է իմփիչմենթի սահմանադրականության հարցը և եթե այ հաստատվի, ապա երկրեւմ նոր նախագահական ընտրություններ կնշանակվեն:
Նշենք նաև, որ տարվա սկզբին ձերբակալվել է Հարավային Կորեայի մշակույթի, սպորտի և տուրզիմի նախարար Չո Յուն Սունը: Նրան կասկածում են, որ նա կազմել է մշակութային այն գործիչների «սև ցուցակը», ովքեր քննադատաբար են վերաբերում նախագահ Պակ Կին Հեի իշխանությանը: Ցուցակը, որում ընդգրկված է 9400 դերասան, երաժիշտ և մշակույթի գործիչ, ստեղծվել է, որպեսզի այդ մարդկանց զրկեն պետական ցանկացած տեսակի սուբսիդիաներից կամ օգնությունից: Դատարանը նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի ձերբակալության օրդեր է տվել: Չո Յուն Սունը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախարարը, ով ձերբակալվել է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում:
Աղբյուրը` Panorama.am
Դիտումների քանակը` 4489