8 միլիարդատեր տղամարդ ունի նույնքան կարողություն, որքան երկրագնդի բնակչության կեսը
Ութ մեծահարուստների կապիտալը հասել է աշխարհի բնակչության ամենաաղքատ կեսը կազմող՝ 3,6 միլիարդ մարդու միջոցների ընդհանուր ծավալին – այդ մասին են վկայում Oxfam միջազգային բարեգործական կազմակերպության կողմից «Տնտեսություն 99 տոկոսի համար» այս տարվա զեկույցի տվյալները:
Oxfam-ի զեկույցն հրապարակվել է հունվարի կեսին, ինչպես միշտ Դավոսյան տնտեսական ֆորումին ընդառաջ, և հիմնված է Forbes-ի և Credit Suisse-ի Համաշխարհային հարստության վերաբերյալ ամենամյա զեկույցի տվյալների վրա:
Հետազոտությունում նշվում է, որ հարուստների և աղքատների միջև տարբերությունը զգալիորեն ավելի մեծ է, քան համարվում էր նախկինում: Օքսֆամի անցած տարվա զեկույցում նշված էր, որ աշխարհում 62 հոգու կապիտալը հավասար է երկրագնդի բնակչության մեկ երկրորդի կապիտալին: Բայց այդ հաշվարկը չէր ներառում Հնդկաստանի և Չինաստանի տվյալները, որոնց հաշվին տվյալները նորացվել են եւ այժմ արդեն ստացվեց, որ ընդամենը ութ միլիարդատերեր ունեն նույնքան կապիտալ, որքան աշխարհի ոչ հարուստ բնակչության 50 տոկոսը, այն է՝ 426 մլրդ դոլար:
Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ 2015-ից ի վեր աշխարհի հարուստների 1 տոկոսը ունի նույնքան ունեցվածք, որքան աշխարհի բնակչության մյուս կեսը: Միաժամանակ աշխարհի ամենաաղքատ բնակչության 10 տոկոսի եկամուտը 1988-2011 թվականներին աճել է 3 մլն-ով, մինչդեռ մեծահարուստ 1 տոկոսինը՝ 182 անգամ:
Ինչպես հայտարարում են փորձագետները, գործարարները, որոնք խուսափում են հարկերից, նվազեցնում աշխատավարձերը և ազդում քաղաքականության վրա, միայն մեծացնում են այդ ճեղքը:
Զեկույցում նշվում է, որ 1 տրիլիոնի առաջին սեփականատերը կարող է հայտնվել առաջիկա 25 տարվա ընթացքում, մինչդեռ յուրաքանչյուր տասներորդ մարդ աշխարհում ապրում է օրական 2 դոլարից քիչ փողով:
Ի դեպ, աշխարհի ութ ամենահարուստ միլիարդատերերը տղամարդիկ են՝
Բիլ Գեյթս (ԱՄՆ), Microsoft-ի համահիմնադիր (75 միլիարդ դոլար),
Ամանսիո Օրտեգա (Իսպանիա), Inditex ընկերության հիմնադիրը, որին պատկանում է Zara խանութները, (67 միլիարդ դոլար),
Ուորեն Բաֆեթ (ԱՄՆ), Berkshire Hathaway-ի ամենամեծ բաժնետերը (60,8 միլիարդ դոլար),
Կառլոս Սլիմ Հելու (Մեքսիկա), Grupo Carso-ի սեփականատեր (50 միլիարդ դոլար),
Ջեֆ Բեզոս (ԱՄՆ), Amazon-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (45,2 միլիարդ դոլար),
Մարկ Ցուկերբերգ (ԱՄՆ), Facebook-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (44,6 միլիարդ դոլար),
Լարի Էլիսոն (ԱՄՆ), Oracle-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (43,6 միլիարդ դոլար),
Մայքլ Բլումբերգ (ԱՄՆ), Bloomberg-ի սեփականատեր (40 միլիարդ դոլար)։
Դիտումների քանակը` 3922