Նոր կյանքի ուղեգիր բռնություն վերապրած կանանց համար
«Հայաստանում գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում» ծրագրի շնորհիվ Երևանում, Սյունիքի և Լոռվա մարզերում թվով 130 կանայք ստացել են ֆինանսական աջակցություն՝ սեփական բիզնեսը սկսելու նպատակով: Ֆինանսական օժանդակության շնորհիվ կանայք կարողացել են հաջողությամբ սեփական գործը հիմնել և շարունակել զարգացնել այն: Կար ու ձև, վարսահարդարություն, խմորեղենի, կոշիկի արտադրություն, ոլորտները բազմազան են:
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր արևելքի հիմնադրամի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից: Նախաձեռնության արդյունավետության և կանանց կյանքում ունեցած ազդեցության մասին Երևանում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին ծրագրի շահառուների աշխատանքները: Ցուցադրությունը միտված էր նաև ներկայացնելու թե հասարակական կազմակերպությունները և այլ շահագրգիռ կողմերն ինչպես կարող են օգտագործել տնտեսական հզորացման ծրագրերը՝ նպաստելով բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը, գենդերային հավասարությանը և տնտեսական անկախությանը:
«Ծրագիրը նպաստում է կանանց մոտ վստահության բարձրացմանը, որոշումների կայացման և ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռնելով նրանց», – նշում է ծրագրի տնօրեն Արփինե Բաղդոյանը: Ծրագիրը նպաստել է նաև գործատուների և տարբեր շահագրգիռ կողմերի շրջանում գենդերային բռնության կանխարգելման և գենդերային հավասարության համակարգի ձեւավորմանը»:
Գործընկեր կազմակերպությունները իրենց տարածաշրջաններում համագործակցության հուշագրեր են կնքել պետական և հասարակական կառույցների միջեւ ՝ նպատակ ունենալով ստեղծել կանանց աջակցման ուղղորդման մեխանիզմ:
Արփինե Բաղդոյանը նաև ընգծել է, որ 2015թ.-ից մեկնարկած ծրագիրն աջակցել է բռնությունից տուժած 230 կանանց՝ զարգացնելով նրանց աշխատանքի ընդունվելու ունակությունները, գործարար հմտությունները, նաեւ սեփական բիզնես հիմնադրելու հնարավորություն ընձեռնելով նրանց: 70 կանայք ուսուցում են և վերապատրաստումներ են անցել տարբեր մասնագիտությունների գծով, 80 կին մշակել է կարիերայի զարգացման ծրագիր և 50-ը տեղավորվել են աշխատանքի:
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Գործընկեր կազմակերպություններն են՝ Կանանց աջակցման կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամը և Սպիտակի Հելսինկյան խումբը:
Դիտումների քանակը` 3727