Միացե՛ք մեզ, ստորագրե՛ք ուղերձը

ՈՒՂԵՐՁ

ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին մասնակցող

քաղաքական կուսակցություններին,

դրանց ղեկավարներին

և համամասնական ցուցակներում ներգրավված կանանց

Մենք,

Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի անդամ ՀԿ-ներս,

դիմում ենք.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը,

որի համամասնական ընտրացուցակի 21,8%-ը կազմում են կանայք,

«Ժառանգություն» կուսակցությանը,

որի ընտրացուցակի 24,6%-ը կանայք են,

«Հայ ազգային կոնգրես» դաշինքին,

որի ընտրացուցակում 20,3 %-ը կանայք են,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը,

որի ընտրացուցակի 31,7%-ը կանայք են,

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությանը,

որի ընտրացուցակի 24,4%-ըկանայք են,

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությանը,

որի ընտրացուցակի 21,1%-ը կանայք են,

Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը,

որի ընտրացուցակի 21,3%-ը կանայք են,

«Միավորված Հայեր» կուսակցությանը,

որի ընտրացուցակի 37,9% կանայք են,

«Օրինաց երկիր» կուսակցությանը,

որի ընտրացուցակի 20,2 %-ը կանայք են:

Հաջողություն ենք մաղթում բոլոր կուսակցություններին ընտրական արդար մրցավազքում և հույս հայտնում, որ կուսակցությունների ընտրացուցակներում ներգրավված կանայք կկարողանան իրենց ներդրումն ունենալ ընտրողների ձայների համար ազնիվ պայքարում:   Միաժամանակ, հույս ենք հայտնում, որ հաղթող կուսակցությունները, անցնելով խորհրդարան, կպահպանեն իրենց խմբակցություների կազմում կանանց այն ներկայացվածությունը, որն ամրագրված է ընտրական ցուցակներում և սահմանված ՀՀ Ընտրական օրենսգրքով` այսպիսով ապահովելով Ազգային ժողովում կանանց առնվազն 20 տոկոս ներկայացվածությունը:

 

Ազգային Ժողովում կանանց ներկայացվածության ավելացման պահանջը ինքնանպատակ չէ:

 

  • Պառլամենտարիզմի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե երկրի օրենսդիր մարմնում կանայք 10%-ից պակաս են, լրացուցիչ դժվարություններ են առաջանում տարբեր կարգի սոցիալական օրենքներ ընդունելիս:

 

  • Որոշումների կայացման մշակույթի վրա ներազդելու, քաղաքական խաղի կանոնները բարեփոխելու, քաղաքականությունն ավելի հումանիստական դարձնելու հնարավորությունն ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ կանայք կազմում են խորհրդարանի ոչ պակաս քան 25-30% :

 

  • Միջխորհրդարանական միության վերլուծությունները վկայում են` որքան շատ են կանայք խորհրդարաններում, այնքան ավելի մեծ կարևորություն են ստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը:

 

  • Բացի այդ, բոլոր այն մեխանիզմները, որ ստեղծվում են կանանց իրավունքների պաշտպանության համար, դրականորեն են ազդում երեխաների դրության վրա:

 

Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով կանանց ներկայացվածու­թյունը աշխարհի միապալատ խորհրդարաններում

կազմում է միջինը 19,7 %, ինչը նշանակում է, որ

աշխարհում 5 պատգամավորներից 1-ը կին է:

 

Խորհրդարաններում կանանց ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշը` 42% Հյուսիսային Եվրոպայի երկրներում է, ԵԱՀԿ երկրների միջին ցուցանիշը 22,6 % է: Կանանց խորհրդարանական մասնակցության ամենացածր տոկոսն արաբական աշխարհի երկրներում է ` 11,3%:   59 երկրներից, որտեղ 2011թ. ընտրություններ են անցկացվել, 17-ում գործել են քվոտաներ: Այդ երկրներում կանայք զբաղեցրեցին խորհրդարանական տեղերի 27%-ը, իսկ քվոտաներ չկիրառող երկրներում` ընդամենը 16 %-ը:

Թեպետ ՀՀ ԱԺ նախորդ ընտրություններում Ընտրական օրենսգրքում ամրագրված էր համամասնական ցուցակներում կանանց նվազագույն ներկայացվածության 15 տոկոսանոց քվոտա և կուսակցական ցուցակներում կանայք միջինը կազմել էին 22,6%, սակայն արդյունքում

 

ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման կազմում կանանց ներկայացվածությունը ընդամենը 8,3% էր:

 

Եվ դա այն դեպքում, երբ դեռևս 2008-ին համապետական սոցիոլոգիական հարցումների մասնակիցների 85,5%-ը գտնում էր , որ ԱԺ-ում կանայք պետք է լինեն ոչ պակաս քան 30-50%: Իսկ 2010թ. սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են այդ խնդրի կապակցությամբ հայաստանյան հանրային կարծիքում առկա դրական շարժընթացների մասին:   Հայաստանում գործող քվոտայով, որն ի դեպ ընդունվել է կանանց հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների համագործակցության արդյունքում՝ ընտրական համամասնական ցուցակներում կանանց ներկայացվածությունը չի կարող 20%-ից պակաս լինել, կամ ինչպես ձևակերպված է Ընտրական օրենսգրքում ՝ «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը» :

 

Հանրությունը իրավունք ունի ակնկալելու, որ կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում այդ քվոտայի շնորհիվ առնվազն կկրկնապատկվի:

 

Այս տարի, Ընտրական օրենսգրքում ամրագրված 20% գենդերային քվոտայի պարագայում, ԿԸՀ ներկայացված կուսակցական ցուցակներում կանայք միջինը գրեթե նույն 22,8%-ն են։ Հաշվի առնելով ընտրություններից հետո տարբեր պատճառաբանություններով մանդատներից հրաժարվելու` մի շարք կին գործիչների անցանկալի գործելակերպը նախորդ ընտրություններում` մենք դիմում ենք 2012թ. համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց.

 

 

Հարգելի կին գործիչներ,

մի՛ հրաժարվեք մանդատներից, ընտրողները հույսեր են կապում Ձեզ հետ` քվեարկելով Ձեր օգտին:

 

 

Դիմում ենք կուսակցությունների ղեկավարներին և կուսակցությունների բոլոր անդամներին.

 

Օրենքի պահանջը իրականացնելու նպատակով առաջնորդվե՛ք գենդերային արդարության սկզբունքով՝ հնարավորություն ընձեռելով, որ մանդատից հրաժարվող կնոջ տեղը զբաղեցնի ցուցակի մեջ ներգրավված հաջորդ կինը:

 

Հասարակության համար անընդունելի է նաև, երբ մանդատից հրաժարումը կատարվում է կուսակցության հորդորով կամ խնդրանքով: Ուստի, մենք դիմում ենք կուսակցությունների ղեկավարությանը.

 

Մի՛ առաջարկեք կուսակցության նախընտրական ցուցակներում ընդգրկված կանանց հրաժարվել իրենց մանդատներից,

քանզի հասարակությունը ուզում է տեսնել իր կողմից ընտրված գործիչներին Ազգային ժողովում:

 

 

Աջակցե՛նք միմյանց Հայաստանում բարեկիրթ հասարակության կայացման և քաղաքական կառավարման ժամանակակից համակարգի ձևավորման գործում:

Մենք դիմում ենք ՀՀ ընտրողներին և կազմակերպություններին.

Միացե՛ք մեզ` ստորագրելով այս ուղերձը:

 

 

Դիտումների քանակը` 4170

Գլխավոր էջ