Տավուշ. դատարկվող գյուղեր

lusadzor-732 տարի շարունակ ամեն առավոտ շտապում եմ աշխատանքի ու ամեն անգամ դասարան մտնելիս միայն իմ առարկայից չեմ խոսում, այլ նաև համաշխարհային գրականությունից, երկրի վիճակից, պետական մտածողությունից` «WomenNet.am »-ին պատմում է Տավուշի մարզի Լուսաձորի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սոնիկ Զեյնալյանը ու հիշում դպրոցի երանելի ժամանակները, երբ դասերն անցկացվում էին լեցուն դասարաններում։

lusadzor-2

«Ես սովոր եմ դասավանդել 20- 25 աշակերտ ունեցող դասարաններում, բայց արդեն 7- 8 տարի է իմ աշակերտների թիվը 5-ը չի գերազանցում»,- ասում է տիկին Զեյնալյանը, ու խոսում օր օրի դատարկվող գյուղերի մասին: «Մարդիկ ամեն օր բռնում են արտագաղթի ճանապարհը, ինչը  չեմ կարող ասել պատերազմի տարիների համար: Եվ առարկայի բերումով,և ընդհարանպես որպես հայ ինձ համար ցավալի է,որ ես տեսնում եմ այս վիճակը:Ես չեմ տեսնում պետական մտածողություն մեր պետական այրերի մեջ,  չեմ տեսնում,որ իրենց անձնականից վերանան մարդիկ ու մտածեն երկիրը բարձրացնելու մասին: Շատ կուզենայի ամեն հայ մտածեր միայն դրա մասին: Այսօր մենք ոչ միայն չունենք սերունդ,այլև նաև ունեցած  սերնունդն էլ  այնպես չի դաստիրակվել, որ պետք է մտածել երկրի, ոչ թե անձնական գրպանի, սեփական բարեկեցության և նման բաների մասին:Մենք պետք մի քիչ վեր կանգնենք մեր անձնականից, որպեսզի կարողանաք փրկել երկիրը»:

lusadzor-1

 Տավուշի մարզի Լուսաձորի դպրոցում ձմռան ամիսներին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները դասի են նստում վերարկուներով, տաք գլխարկներով ու շարֆերով: Մեր այցելության պահին էլ ականատես եղանք հենց այդ պատկերին. Հակառակ դասասենյակում ցրտին՝ աշակերտները ժպիտով պատասխանում էին մեր բոլոր հարցերին։ Այն հարցին, թե չե՞ն ցանկանա արդյոք տեղափոխվել այլ դպրոց, որտեղ պայմաններն առավել բարենպաստ կլինեն ու դաս անցկացնելն ավելի հաճելի, նրանք միաբերան պնդեցին՝ սիրում են իրենց դպրոցը ու չեն ցանկանում այլ վայրում սովորել: Իսկ դպրոցում իսկապես ցուրտ էր:

 

«Կազբեկը երևում է,Կազբեկի քամին էլ էստեղ է»,-ասում է դպրոցի տնօրեն Արմեն Սարդարյանը,ու հավելում,որ կաթսայատունը օրն ի բուն աշխատում է,բայց ջերմությունը չի մնում,քանի որ դպրոցի շենքը հին է,պատուհաններից էլ քամին միշտ թափանցում է ներս: Լուսաձորի հիմնական դպրոցը կառուցվել է 150 աշակերտի համար, բայց այսօր դպրոցում սովորում է 32 աշակերտ. Հետևաբար՝ ուսուցումն էլ իրականացվում է երկկոմպլեկտ սկզբունքով,այսիքն երկու տարբեր դասարանների աշակերտները միասին են դաս անում:

 

Ամենաշատ աշակերտները 9 րդ դասարանում են և նրանց թիվը ընդամենը 6-ն է: Դասվար Էլմիրա Դավթյանը, ով դպրոցի ստեղծման օրվանից աշխատում է, նշում, որ աշակերտների համար այդքան էլ դժվար չէ երկկոմպլեկտ դասարանում դաս անելը։ Դժվարը մանկավարժների համար է, թեև ասում են, որ արդեն սովորել են ու 45 րոպեանոց դասաժամը կարողանում են բաշխել այնպես, որ ոչ մի երեխայի հարց անպատասխան չմնա։

 

 Լուսաձորի գյուղապետ Վարդան Սարդարյանը, ով այս տարի է ընտրվել, ասում է, որ դպրոցում աշակերտների թիվը կարող էր ավելի շատ լիներ, եթե ձմռան ամիսներին դպրոցում այսքան ցուրտ չլիներ: Սակայն դպրոցի տնօրենը ասում է,որ որ ցուրտը միակ պատճառը չի, այլ նաև, որ դասերն անցկացվում են երկկոմպլեկտ դասարաններում։Նկատենք սակայն, որ, ըստ էության, մանկավարժներն աշխատում են երկու դասարանում ,բայց վարձատրվում են մեկ դասաժամի համար։

 

«Մեր հերոս աղջիկներին տանում են, բայց մեր հերոս տղաներին աղջիկ չեն տալիս»

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից վերջերս կազմակերպված  շրջայցի ընթացքում հնարավորություն ունեցանք  ծանոթանալ   Տավուշի մարզի  ժողովրդագրական խնդիրներին: Պատկերը հուսադրող չէր։ Այստեղ սոցիալական ու տնտեսական խնդիրներին գումարվում է նաև պատերազմի գործոնը։

 

ԱՎԾ Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանն ասում է, որ մահերի թիվը հաճախ գերազանցում է ծնունդների թվին, իսկ կան համայնքներ էլ, որտեղ մի ամբողջ տարի ծնունդ ու ամուսնություն չի գրանցվում: Մարզի բնակիչների 36 տոկոսն էլ 63 և ավելի տարեկան են։ Պաշտոնյայի խոսքով՝ եթե այսպես շարունակվի, ապա կանգնելուն ենք լուրջ ժողովրդագրական ձևախեղման առջև: «Ցավով եմ նշում,որ 12 տարվա մեջ առաջին անգամ բնական հավելաճը եղել է ընդամենը հինգ մարդ»,-ասում է Աչինյանը:

 

Նրա խոսքով,  մարզում   կան համայնքներ, որտեղ ժողովրդագրական պատկերը առավել քան վտանգավոր է: Մասնավորապես՝ Բարեկամավան գյուղում 2015 թվականի ընթացքում երեխա չի ծնվել ու գրանցվել է 6 մահ:Իսկ համայնքը ունի 185 տնտեսություն և 232 մշտական բնակիչ։ Աղավնավանքում էլ, որտեղ մշտապես բնակվում է ավելի քան 250 մարդ, 2015 թվականին ամուսնություն չի գրանցվել: Տավուշում կան բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հանրապետությունում՝ գումարած Ադրբեջանի հետ սահմանամերձ լինելը՝ ասում է Աչինյանը,ու հավելում. «Ամուսնության ու ծնելիության ցածր գործակցի վրա ազդում է ոչ միայն պատերազմական իրավիճակը, այլև գործազրկությունը» :

 

 

Պաշտոնյան մեկ դիտարկում էլ է անում,եթե ամբողջ հանրապետությունում մահացության առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, երկրորդում նորագոյացությունները, ապա Տավուշում առաջին տեղում շաքարախտով և արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են. Պատճառը թերևս պարզ է: Տավուշի մարզի 47 բնակավայրեր համարվում են սահմանամերձ, 27- ը՝ սահմանապահ, հետևաբար այստեղ պարբերաբար հնչող կրակոցները բնակիչները գտնվում են մշտական սթրեսային վիճակում: Եթե արյան շրջանառության համակարգի հիվանդություններն 30 տոկոս են կազմում,ապա Տավուշում 60 տոկոսից ավել է:

 

Կան համայնքներ էլ, որտեղ վերջին տարիներին հարևան գյուղերից հարս չեն գալիս։ Օրինակ՝ Բերքաբեր գյուղը, որը գտնվում է հենց հայ- ադրբեջանական սահմանին, ջրամբարի մի կողմում մենք ենք, իսկ մյուս կողմում էլ թշնամին : «WomenNet.am -ի » հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասում է, որ մի քանի տարի է արդեն գյուղում տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին, պատճառն էլ շատ հիմնավոր է։ «Մեր հերոս աղջիկներին տանում են, բայց մեր հերոս տղաներին աղջիկ չեն տալիս։ Պատճառը պարզ է, այստեղ միշտ կրակոցներ կան»,- ասում է գյուղապետը։

 

Արմինե Գևորգյան

Դիտումների քանակը` 3454

Գլխավոր էջ