Նարե Ղազարյան. «Մի փոքր ջանք, ժամանակ և Շիկահողում շատ բան կփոխվի»

 

nare-1

Սյունիքի մարզի Շիկահող համայնքն առաջին անգամ կին ղեկավար ունի: 26 ամյա  Նարե Ղազարյանն է: Երիտասարդ համայնքապետը մայրաքաղաքում է կրթություն ստացել, հետո աշխատել  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Վեց ամիս աշխատելուց հետո, որոշել է վերադառնալ Շիկահող և աշխատել հարազատ համայնքում:

 

 

«Ես երբեք չեմ փոշմանի իմ կայացրած որոշման համար, վերդարձել եմ, քանի որ մտածում էի, որ իմ գյուղին ավելի շատ եմ պետք, էստեղ շատ խնդիրներ ու հոգսեր կան, որոնք լուծման կարիք ունեն և ես տեսնում էի ինձ այդ խնդիրների լուծման գործընթացում: Դեռ անցյալ տարի էի մտածում, որ մասնակցեմ ընտրություններին, օրերն ինչքան մոտենում էին, այնքան ավելի շատ էր ամրապնդվում մասնակցելու   ցանկությունս: Ընտրապայքար նաև այլ թեկնածուներ մտան, հետո ինքնաբացարկ հայտնեցին, ես ընտրվեցի »,-պատմում է համայնքի ղեկավարը:

 

 

Նարե Ղազարյանն ավելացնում է, որ համագյուղացիները բավակին լավ են ընդունել համայնքապետ դառնալու իր որոշումը: 220 բնակիչ ունեցող Շիկահողը բազմաթիվ խնդիրներ ունի: Համայնքի ղեկավարը դրանցից երկուսն է առաջնային համարում. միջհամայնքային ճանապարհները և լուսավորության հարցը:

 

 

«Ես շատ ծրագրեր ու նպատակներ ունեմ:  Կնոջ համար, իհարկե,  դժվար է. պետք է հույսը չկորցնել, առաջ նայել, եթե թուլանաս, դա արդեն կվկայի որ ոչինչ չես կարող անել: Մարդիկ միշտ ակնկալիքներ ունեն. պետք է ստեղծես, պետք է խնդիրները լուծես, իսկ թե ինչպես, ոչ ոքի համար դա կարևոր չէ, ուստի պետք է կարողանաս այդ ակնկալիքներն ու հույսերը արդարացնել: Իսկ  կին լինելը ինձ ուժ է տալիս, դու կին ես ու պետք է ապացուցես, որ դու կարող ես», -ասում է  Նարեն

 

 

Ընտրություններից շատ կարճ ժամանակ է անցել, բայց համայնքի ղեկավարը արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում, մի քանի միջազգային կառուցների հետ համագործակցության նոր ուղիներ է ստեղծել, դրամաշնորհային ծրագրերի միջոցով է փորձում համայնքային խնդիրներին լուծում տալ: Ասում է` գյուղում շատ են գործազուրկ կանայք, պետք է խրախուսել նրանց մասնակցությունը գյուղատնտեսության զարգացման գործում:

 

 

Մեր  համայնքի բնակիչներն աշխատասեր են, կաջակցեն ցանկացած հարցում, զգում եմ, որ եթե կարիք լինի, ամեն աշխատանքում կարող են ներգարվվել, նպաստել, որպեսզի համատեղ լուծվեն Շիկահողի խնդիրները, մի փոքր ջանք, ժամանակ և ներդումներ, Շիկահողում շատ բան կփոխվի:

 

Իրինա Յոլյան

Դիտումների քանակը` 4063

Գլխավոր էջ