Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն
- Կինը պետք է հանդուրժի բռնությունը՝ հանուն ընտանիքի միասնության – այս պնդման հետ համաձայն են 44.6 % տղամարդիկ եւ 27.8% կանայք
- Որոշ դեպքերում կինը ծեծի է արժանի- այս պնդման հետ համամիտ են 35.2 % տղամարդիկ եւ 21% կանայք
- Երբ կին է բռնաբարվում, սովորաբար նա է ինչ-որ բան արել՝ իրեն դնելով այդ իրադրության մեջ – այսպես են կարծում 40.9% եւ 24.2% կանայք
Այս տվյալները մաս են կազմում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2016թվականին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության: Հայաստանում առաջին անգամ իրականացված այս հետազոտությունը անցկացվել է IMAGES մեթոդաբանությամբ, որը կիրառվել է աշխարհի տարբեր երկրներում և ադապտացվել նաև Հայաստանի իրականությանն ու յուրահատկություններին: Հարցմանը մասնակցել է 1600 ՀՀ քաղաքացի՝ Երևանում և մարզերում, 18-59 տարիքային խմբում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով համազգային այս հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպիսին են իրականում մեր հասարակության պատկերացումները հավասարության, առնականության, բռնության , ամուսնության, ինտիմ հարաբերությունների և ընտանեկան պարտականությունների վերաբերյալ: Այդ գործընթացում առաջին անգամ փորձել են լսելի դարձնել հատկապես տղամարդկանց ձայնը, քանի որ սովորաբար նման հետազոտություններին ավելի շատ մասնակցում են կանայք.
«Տվյալները մտահոգիչ են, բայց կան նաև որոշակի դրական պատկերներ: Օրինակ, հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ համապատասխան պրոֆեսիոնալ որակավորումներ ունեցող կինը և տղամարդ կարող են հավասարապես լավ աշխատել: Ու չնայած մեր պատկերացումներում կարծես թե առկա է այդ հավասարությունը , սակայն, իրականում այն չի համապատասխանում իրավիճակի, որ մենք ունենք: Դրական է նաև այն, որ զույգերի, ընտանիքների մեծ մասը, ըստ հարցման, իրենց ազատ ժամանակը հիմնականում անցկացնում են միասին՝ գնումներ կատարելով, երեխայի դաստիարակության հարցերով զբաղվելով և այլն: Հետաքրքիր ու դրական տվյալ է նաև այն, որ հարցվածների 56 տոկոսից ավելին դրական ու ընդունելի են համարում կնոջ մասնակցությունը քաղաքական գործընթացներում: Շուրջ 90 տոկոսը մերժել է այն պնդումը, որ կնոջը կարելի է ֆիզիկական պատժի ենթարկել, օրինակ, սեռական հարաբերությունը մերժելու համար»,- թվարկեց Հայրապետյանը:
Չնայած այս ամենին, շարունակեց նա, հետազոտությունը բացահայտել է, որ ունենք բավականին մտահոգիչ իրավիճակ որոշ հարցերի նկատմամբ և հատկապես բռնության վերաբերյալ: Եվ դա վերաբերում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց և թե՛ երեխաներին:
Նախքան տվյալները ներկայացնելը փորձագետ Ջինա Սարգիզովան, նախ, շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, որ նման հետազոտություն է իրականացվել Հայաստանում: Նրա խոսքով՝ 20 տարուց ավելի լինելով այդ հարցերի ու խնդիրների ուսումնասիրությունների կիզակետում, մշտապես զգացել է այն պակասը, որ այդ խնդիրների մասին խոսեն ոչ միայն կանայք ու երեխաները, այլև տղամարդիկ, որովհետև եթե այդ հարցերը տալիս ես միայն հասարակության մի մասին, անգամ եթե խոսքը մեծամասնության մասին, միևնույն է հնարավոր չէ ստանալ լիարժեք պատկերացում ամբողջ հանրապետությունում տիրող իրավիճակի մասին.
«Համաշխարհային այս մեթոդաբանությամբ ու գրեթե նույն հարցաթերթով հետազոտությանը մասնակցելը մեզ թույլ է տալիս համեմատել Հայաստանում և մյուս երկրներում ստացված պատասխանները : Դա փայլուն հնարավորություն է ընձեռում հասկանալու՝ արդյո՞ք մենք ունենք ինչ-որ առանձնահատկություն, արդյո՞ք մեր պատկերացումները տարբերվում են այլ ազգերի և այլ ժողովուրդների պատկերացումներից և ստանալ համոզիչ պատասխաններ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հիմնական հարցը, որ այս հետազոտության առանցքում է եղել՝ ի՞նչ է հասկանում Հայաստանի հասարակությունը առնականության և կանացիության հասկացության տակ, ի՞նչն է կարևորում այս երկու հասկացությունների մեջ:
Ինչ վերաբերում է թվային պատկերին, ապա Ջինա Սարգիզովան նշեց, որ հարցվածների մեծամասնությունը՝ թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ նշել են, որ այսօր միանշանակորեն տեսնում են կանանց դերը քաղաքականության մեջ: Փորձագետը, ի դեպ, հնչած պատասխաններին փոքր-ինչ վերապահումով է վերաբերվում՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ իրական կյանքում, այնուամենայնիվ, որոշումների կայացման մակարդակում ունենք շուրջ 90 տոկոս տղամարդկանց ներկայացվածություն: Ի դեպ, հարցվածների մեծամասնությունը, այդ թվում և տղամարդիկ, ունեն այն համոզմունքը, որ կանայք կարող են բարձր դիրքեր զբաղեցնել նաև բիզնեսում:
Հետաքրքիր հանգամանք. հարցվածների մի զգալի մասը կարծում է, որ տալով որևէ իրավունք կնոջը, մենք զրկում ենք այդ իրավունքից տղամարդուն: Սա, բանախոսի խոսքով, վկայում է այն մասին, որ հավասար դաշտ չի դիտարկվում, այլ դիտարկվում է մեկը մյուսի հաշվին հնարավորություններ տալը, ինչը արմատապես սխալ է՝ թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է ունենան նույն իրավունքներն ու հնարավորությունները հասարակությունում կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները:
«Շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ հարցման մասնակիցները խոսել են ՀՀ օրենսդրության մասին իրենց իրազեկվածության մասին: Ուրախալի է, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մեծ մասը նշել է, որ տեղյակ է, որ ՀՀ-ում գոյություն ունի կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և հավասար իրավունքներին ուղղված օրենք: Մյուս կողմից, սակայն մինչ այսօր ոչ մի դատարանում այս օրենքի կիրառմամբ դեռևս որևէ վարույթ տեղի չի ունեցել»,- ընդգծեց նա:
Հաջորդ ուշագրավ փաստը, որ ի հայտ է բերել հարցումն այն է, որ հարցվածների մեծամասնությունը, տեղյակ լինելով ընտանեկան բռնության երևույթի մասին, վստահություն են հայտնել, որ Հայաստանում վաղուց արդեն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրություն գոյություն ունի: Մինչդեռ այն դեռ չի ընդունվել.
«Սա մեզ հնարավորություն է տալիս երկու հետևություն անել. մի կողմից լավ է, որ մարդիկ կարծում են, որ նման օրենք կա և այն պաշտպանիչ միջոց է կանանց համար: Մյուս կողմից սա շատ լավ նախադրյալ է նման օրենք ունենալու և այն ընդունելու առանց որևէ վերապահումների և կասկածների» ,- ընդգծեց փորձագետը:
Շարունակելով բռնության թեման, Սարգիզովան հիշեցրեց, որ տարիներ առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում իրականացրել էր ընտանիքներում բռնության խնդրին նվիրված հետազոտություն: Ըստ դրա՝ սեռական բռնության ենթարկվել է հարցվածների 1 տոկոսը, հոգեբանական բռնության՝ 25 տոկոսը, իսկ վերահսկողական վարքի մասով՝ 60 տոկոսը: Իսկ ներկայումս, նշեց փորձագետը, կիրառված մեթոդիկան հնարավորություն տվեց բացահայտել իրականությանը ավելի մոտ պատկերը.
«Այսպես, հոգեբանական բռնության մասին փաստել են կանանց 45,9 տոկոսը, տնտեսական բռնության ենթարկվելու մասին 21 տոկոսը, ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին փաստել է կանանց 12 տոկոսը, իսկ ինքնալրացվող թերթիկներում կանանց 22 տոկոսն է խոստովանել, որ ենթարկվում է ֆիզիկական բռնության: Բայց մտահոգող փաստն այն է, որ տղամարդկանց ավելի մեծ տոկոսն է խոստովանել, որ ենթարկում է կանանց բռնության, քան կանանց տոկոսը, որ ենթարկվում են բռնության: Այստեղից երկու հետևություն կարելի է անել. տղամարդը պատրաստ է խոսել այն մասին, որ ենթարկում է բռնության կնոջը, քանի որ, ցավոք, սա արդեն իր համար նորմա է»,- տեղեկացրեց բանախոսը:
Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա այս հարցը տրվել է միայն տղամարդկանց և ինքնալրացվող թերթիկում: Ըստ այդմ, տղամարդկանց 12 տոկոսը փաստել է, որ սեռական բռնության է ենթարկել իր զուգընկերներին:
Հետազոտությունը նաև հնարավորություն տվեց առաջին անգամ խոսել այն մասին, որ բռնության երևույթը վերաբերում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց: Տղամարդիկ ևս ենթարկվում են բռնության իրենց կյանքի ընթացքում՝ ծնողների, ընկերների, սեռական զուգընկերների կողմից:
Հետազոտության մեջ նաեւ կային հարցեր , սեռական առողջության վերաբերյալ: Ինչպես նշեց բանախոսը, սեռական առողջությանը հետևելուն շատ քիչ ջանք է գործադրվում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կողմից և պահպանակների օգտագործումը շատ ցածր տոկոս է կազմում՝ անհամարժեք իրազեկվածության բարձր մակարդակին: Սեռական հարաբերությունների որակին վերաբերող հարցին, տղամարդկանց 86,6 տոկոսը գոհ են սեռական հարաբերություններից և որակից, իսկ կանանց ավելի բարձր տոկոսն է գոհունակություն հայտնել:
Հետազոտության հատկանշական փաստերից մեկը Ջինա Սարգիզովան անվանեց այն, որ ըստ հարցված կանանց՝ տղամարդկանց 86,6 տոկոսը մասնակցել է հղիության արհեստական ընդհատման որոշման ընդունմանը, մինչդեռ տղամարդկանց միայն 23,6 տոկոսն է նշել իրենց մասնակցության մասին:
Տղամարդկանց գերիշխող մեծամասնությունը իրենց դերը ընտանիքում դիտում է որպես մատակարարի, սակայն նրանց մեծ մասը չի մերժել, որ ժամանակի առկայության դեպքում մեծ հաճույքով ավելի շատ ժամանակ կանցկացնեին իրենց երեխաների հետ և չեն մերժել այն փաստը, որ տղամարդկանց մասնակցությունը երեխայի դաստիարակության գործում նույնպես կարևոր է:
Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանը, ներկայացնելով մեթոդաբանությունը, որով իրականացվել է հարցումը նշեց, որ հասարակությունը պատրաստ չէր նման հարցմանը մասնակցություն ունենալու, ինչի մասին վկայում են մերժումների թվերը: Այդպես, Երևանում մերժումների թիվը բավականին բարձր է եղել՝ 73,3 տոկոս, մարզերում՝ 33 տոկոս: Նա նաև ընդգծեց, որ վստահելիության տոկոսը ստացված պատասխանների հանդեպ 95 տոկոս է կազմում:
Լիա Խոջոյան
Ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ այստեղ.
Դիտեք հետազոտության ինֆոգրաֆիկաներն ամբողջությամբ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ
Դիտումների քանակը` 3888