Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ
«Կանանց 45,9%-ը խոստովանել է, որ ենթարկվում է հոգեբանական բռնության իրենց զուգընկերոջ կողմից: Հարցմանը մասնակցած 21,3%-ը պատասխանել է, որ ենթարկվում է տնտեսական բռնության, իսկ 12,5%-ը՝ ֆիզիկական բռնության: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց 52,3%-ն է խոստովանել, որ իրենք ենթարկում են հոգեբանական բռնության իրենց զուգընկերոջը, 28%-ն ասել է, որ զուգընկերոջը ենթարկում է տնտեսական բռնության, իսկ 17,4%-ը խոստովանել է, որ զուգընկերոջը ենթարկում է ֆիզիկական բռնության»…
Այս մասին են փաստում մեր հանրապետությունում առաջին անգամ իրականացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցոլոգիական հետոզոտության արդյունքները, որոնք ներկայացվեցին Երևանում Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ , IMAGES հարցաշարի հիման վրա, որն ընդգրկում է հարցեր տարբեր թեմաներով , այդ թվում գենդերային բռնության վերաբերյալ:
«Տղամարդկանց 95,5%-ը վերահսկողական վարք է կիրառում ուգընկերոջ նկատմամբ»…
Զեկույցի փորձագետ Ջինա Սարգիզովան՝ ներկայացնելով հետազոտության տվյալները գենդերային բռնության մասով, նշեց, որ Հայաստանում սա իր տեսակի մեջ առաջին հետազոտությունն է, որն ուղղված է խնդրին տղամարդկանց վերաբերմունքի և փորձի ուսումնասիրությանը : «Առաջին անգամ համապետական կտրվածքով հարցեր են տրվել գենդերային հավասարության, մեր կյանքի տարբեր երևույթների մասին տղամարդկանց և կանանց, ինչի արդյունքում փորձել են հասկանալ, թե տվյալ երևույթի մասին կանայք և տղամարդիկ ինչ պատկերացումներ ունեն»,- ասաց նա:
Հետազոտությունն իրականացվել է Երևանում և մարզերում 2015-2016թթ-ին: Հարցաթերթիկները լրացրել է 1617 հոգի. այս թիվը հավասարաչափ բաժանված է կանանց և տղամարդկանց միջև:
Ջինա Սարգիզովան ասաց, որ հետազոտությունն անցկացվել է երեք տարբեր հարցաշարերով. մեկ հարցաշարը եղել է ընդհանուր, իսկ երկու հարցաշարը տարբեր են եղել, որոնցից մեկը տրվել է միայն տղամարդկանց, իսկ մյուսը՝ կանանց: Այստեղ արդյունքներն այլ են եղել, մասնավորապես, եթե ընդհանուր հարցաշարով կանանց 12,5%-ն է ասել, որ ենթարկվում է ֆիզիկական բռնության իրենց զուգընկերոջ կողմից, ապա մյուս հարցաշարով արդեն 22,4%-ն է խոստովանել, որ ենթարկվում է ֆիզիկական բռնության: Իսկ տղամարդկանց տրամադրած հարցաշարում այն հարցին՝ թե արդյոք ենթարկել եք սեռական բռնության ձեր զուգընկերոջը, տղամարդկանց 14,6%-ը պատասխանել է՝ այո:
« Ավելին, այն հարցին, թե արդյոք ձեր զուգընկերոջ նկատմամբ կիրառում եք վերահսկողական վարք, տղամարդկանց 95,5%-ը պատասխանել է՝ այո: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր Հայաստանում իրավիճակը շատ մտահոգիչ է, և որքան մենք շարունակենք ապրել այս երևույթի կողքին և փորձենք չնկատել այն՝ ասելով երևույթը կա, բայց ավելի հրատապ հարցեր կան, այնքան ավելի դժվար կլինի պայքարել դրա դեմ վաղը»,- ասաց Ջինա Սարգիզովան:
Փորձագետը նաև նշեց, որ տղամարդկանց ուղղված հարցերից մեկն էլ եղել է այն, թե արդյոք իրենք մանկության տարիներին բռնության ենթարկվել են, հարցված տղամարդկանց 27,2%-ը պատասխանել են, որ մինչև 18 տարեկանը ենթարկվել են ֆիզիկական բռնության իրենց ընտանիքում, 10,9%-ը՝ հոգեբանական բռնության, 3,5%-ը՝ սեռական բռնության, 1%-ն ասել են, որ իրենց արհամարված ու լքված են զգացել: «Այո, ստեղծված իրավիճակը գալիս է ընտանիքից և զարգանում հասարակությունում: և մինչև մենք չփորձենք փոխել մեր վերաբերմունքն այս իրավիճակի հետ կապված, ապա ոչինչ էլ չի փոխվի»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ փորձել են պատասխանները գնահատել կրթության մակարդակի տեսակետից, որտեղ տարբերությունն ակնհայտ է: Բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում բռնության արտահայտումները շատ ավելի քիչ են, այսինքն՝ այդ կանայք ավելի քիչ են ենթարկվում բռնության:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա հետաքրքիր բացահայտում է եղել, որ այն տղամարդիկ, որոնք զուգընկերոջ հետ այլևս չեն ապրոմ, այնուամենայնիվ հակված են պարբերաբար սեռական հարաբերությունները պահպանել նախկին զուգընկերների հետ, և այս պարագայում նույնպես կիրառում են բռնության որոշակի տեսակներ և վերահսկողություն են իրականացնում:
«Կինը ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդման հետ համաձայն է յուրաքանչյուր չորրորդը
Զեկույցի այլ փորձագետ Վլադիմիր Օսիպովի դիտարկմամբ, այն տղամարդիկ, որոնք մինչև 18 տարեկան ենթարկվել են բռնության, նրանք ավելի շատ են հակված կիրառել բռնությունը կանանց նկատմամբ:
Վլադիմիր Օսիպովը ներկայացրեց գենդերային բռնության նկատմամբ վերաբերմունքը: Հարցվողներին ներկայացվել են չորս պնդումներ, որոնք պարունակում են մի շարք պատճառներ, որոնցով արդարացնում են զուգընկերոջ կողմից կանանց հանդեպ գործած ֆիզիկական բռնությունը: Տվյալները, ըստ Վլադիմիր Օսիպովի, արտահայտում են հակասական պատկերացումները և արդի հայ հասարակության մեջ գոյություն ունեցող արժեքների բախումը:
Այսպես, հարցվածները պետք է պատասխանեին, թե արդյոք նրանք համաձայն են հետեւյալ պնդումների հետ.
- «Կինը պետք է հանդուրժի բռնությունը հանուն ընտանիքի պահպանման» պնդմանը հարցվածների 35,7%-ը դրական է պատասխանել:
«Որոշ չափով ստացվում է պարադոքսային իրավիճակ. մի կողմից ավանդական ընտանիքը հանդիսանում է բացարձակ արժեք հայ ժողովրդի համար, մյուս կողմից՝ արդարացվում է բռնությունը, որն ընտանեկան արժեք չէ, քանի որ բռնությունը քայքայում է ընտանիքը»,- ասաց բանախոսը:
- «Կինը ծեծի է արժանի որոշ դեպքերում » երկրորդ պնդմանը համաձայնել են հարցվածների 27,7%-: Այսինքն՝ հարցվածներից յուրաքանչյուր 4-րդը արդարացնում է բռնությունը:
- «Եթե կինը տղամարդուն դավաճանում է, ապա վերջինս կարող է կնոջը խփել», երրորդ պնդման դեպքում հարցվածների 55,4%-ը համարում են, որ ամուսնական անհավատարմությունը արդարացի պատճառ է բռնության համար:
- «Տղամարդը կարող է խփել կնոջը, եթե նա հրաժարվում է իր հետ սեռական հարաբերություն ունենալ» չորրորդ պնդմանը՝ հարցվածների միայն 5,1%-ն է համաձայնել:
Հարցումները ցույց են տալիս, որ կանայք ավելի քիչ հակված են արդարացնել բռնությունը, քան տղամարդիկ: Բարձրագույն կրթություն ունեցող տղամարդիկ, մասնավորապես երիտասարդները, որոնք բնակվում են մայրաքաղաքում, ավելի քիչ են հակված արդարացնել զուգընկերոջ բռնությունը կանանց նկատմամբ:
Վլադիմիր Օսիպովը նշեց, որ հետազոտությունը հաստատել է այն հայտնի պնդումը, որ կանանց նկատմամբ բռնություն գործադրելը և դրա հանդեպ վերաբերմունքը սերտորեն փոխկապակցված են:
«Ընդհանուր առմամբ՝ բռնարարները 1,5-2 անգամ ավելի են հակված արդարացնելու զուգընկերոջ բռնությունը, քան երբևէ բռնություն չգործադրած տղամարդիկ: Նաև բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ այս հետազոտության տվյալները հաստատում են սկզբնական վարկածը, որ կանանց նկատմամբ բռնությունը արդարացնող տղամարդիկ ավելի շատ են հակված բռնություն գործելու»,- ասաց նա:
Փորձագետը նշեց նաեւ, որ հարցվածների 32,2%-ը ընդունել է նաև հետևյալ պնդումը՝ «եթե կինը բռնաբարվում է, սովորաբար նա է ինչ-որ բան արել՝ ինքն իրեն դնելով այդ իրադրության մեջ»: Հարցվածների 35,8%-ն էլ պատասխանել է, որ բռնաբարության որոշ դեպքերում կանայք իրականում ուզում են, որ դա տեղի ունենա, իսկ 59,8%-ը պատասխանել է, որ եթե կինը ֆիզիկապես չի հակադարձում, ապա հնարավոր չէ հաստատապես պնդել, որ տեղի ունեցածը բռնաբարություն է: Իսկ այն պդնմանը, թե ցանկացած բռնաբարության դեպքում անհրաժեշտ է պարզել, թե արդյոք զոհը պատահական սեռական կապեր կամ վատ համբավ չի ունեցել, համաձայնել է հարցվածների 62,7%-ը:
Ուսումնասիրության արդյունքները հստակորեն ցույց են տալիս, որ հայրիշխանական և «ավանդական» խստահայաց սոցիալական նորմերը և ընկալումները առնականության, կանացիության, գենդերային հավասարության, սեռականության, ընտանիքի այլ անդամների, այդ թվում՝ երեխաների հետ հարաբերությունների, տնային պարտականությունների բաշխման, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության մասին դեռևս լայն տարածում ունեն հայ հասարակության շրջանում:
Նշենք, որ այս հետազոտության տվյալներն ամբողջությամբ ներկայացվելու են հանրությանը առաջիկայում:
Մ. Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մեծ խնդիր մնալ ողջ աշխարհում
Կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը
Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ
Դիտումների քանակը` 5294