Հիլարի Քլինթոնը զանգահարել է Դոնալդ Թրամփին՝ ընդունելով իր պարտությունը
CNN-ը ներկայացնում է թեկնածուների ընտրողների դիմանկարը
ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, ու ընդունել իր պարտությունը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ Քլինթոնը չի պատրաստվում այսօր հանդես գալ ընտրությունների ելքի վերաբերյալ ելույթով:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ Ընդ որում, ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ընտրական կոլեգիայի անդամներից 270-ի ձայները:
Հիշեցնենք, որ ընտրությունների նախօրեին հրապարակված սոցիոլոգիական գրեթե բոլոր հարցումների արդյունքով առաջատարը Հիլարի Քլինթոնն էր: Քլինթոնն առաջ էր անցնում Թրամփից 4 տոկոսային կետով , 48%- 44% հարաբերակցությամբ: Բացի այդ նախնական հարցումներով Քլինթոնն ուներ նաեւ ընտրական կոլեգիայում 290 ընտրիչների ձայն , իսկ Թրամփը՝ 245: Ինչպես տեսնում ենք, հարցումների արդյունքներն ու հետընտրական պատկերը խիստ տարբերվում են:
Այդ կապակցությամբ այսօր հանդես է եկել հայտնի ամերիկյան սոցիոլոգ, Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Սեմ Վանգը, ով ասել է, որ սոցհարցումների ողջ ինդուստրիան ձախողվել է Միացյալ Նահանգների ընտրություններին: Ի դեպ, նա գլխավորում է Princeton Ընտրական կոնսորցիումը, որը կանխատեսել էր հաղթանակը դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակն ավելի քան 99% հավանականությամբ: « Տոկոսներն, իրականում, դետալներ են, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարող էր այդպես սխալվել կայացած մի ոլորտ», – ասել է նա:
Ընտրությունների վերջնական արդյունքների վերլուծությոնները դեռ առջեւում են, այս պահին կարելի է միայն փաստել, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ՝ հաղթելով նոյեմբերի 8-ի ընտրություններում: Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին:
Նախընտրական կամպանիայի ընթացքում Թրամփը աչքի ընկավ մի շարք սկանդալային արտահայտություններով, այդ թվում սեքիստական բնույթի: Ըստ այդմ, նախնական հարցումներով Թրամփը չէր վայելում կին ընտրողների մեծամասնության համակրանքը:
Ընտրություններից հետո CNN -ը կազմել է թեկնածուների ընտրողների դիմանկարը էքզիթ-փոլերի արդյունքներով: Այսպես, կանանց 54% -ը քվեարկել է Քլինթոնի օգտին ընդդեմ կանանց 42% – ի, ովքեր ասել են, որ քվեարկել եմ Թրամփի օգտին:
Տղամարդկանց 53%-ը խոստովանել են, որ իրենք կողմ են քվեարկել Թրամփին, 41% – ը՝ Քլինթոնի. Մնացածը կամ կողմ են քվեարկել մյուս թեկնածուներին, կամ հրաժարվել են պատասխանել:
Քլինթոնի օգտին քվեարկել են հիմնականում 18-29 եւ 30-44 տարիքային խմբերի ընտրողները: Իսկ Թրամփի ընտրողները հիմնականում 45-64 եւ 65-ից բարձր տարիքային խմբերում են:
Ստացվում է, որ Քլինտոնի ընտրողների մեծամասնությունն ավելի երիտասարդ տարիքի են եւ կանայք են, իսկ Թրամփի հիմնական ընտրողները՝ տարիքով սպիտակամորթ տղամարդիկ են: Այսինքն, գոնե այս մասով նախնական հարցումների գնահատականները հաստատվել են:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ԱՄՆ նախագահական ընտրություններ. Կանայք քվեարկում են կնոջ օգտին
Հիլարի Քլինտոն . «Իմ հաղթանակը պատմական իրադարձություն է կանանց իրավունքների համար պայքարում »
Թրամփը կարող է ձայներ կորցնել իր կնատյաց արտահայտությունների պատճառով
Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց
Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին
Դիտումների քանակը` 3162