ՀՀ Նախագահ. «Շարունակենք ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում»
Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ տարածքային և մարզային կառույցների ավելի քան 600 անդամներ, հասարակական-քաղաքական ազդեցիկ և հեղինակավոր գործիչ-կանայք՝ Հայաստանից, Արցախից ու արտերկրից: Հրավիրյալների թվում էին` գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի բնագավառների կին գործիչներ, զոհված զինվորների մայրեր, ազատամարտիկներ:
Իր ողջույնի խոսքում նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով ընտանիքում և հասարակությանում կնոջ դերին, մասնավորապես, ասել է.
«Հանրապետականը պահպանողական կուսակցություն է: Մենք ցանկանում ենք պահպանել և ամրապնդել մեր ավանդական ընտանիքը, որը մշտապես եղել է հայ ժողովրդի պատմական գոյությունը երաշխավորող ամենաանառիկ ամրոցը:
… Սակայն խոսքս բնավ չեմ ցանկանում սահմանափակել հայկական ընտանիքի կյանքում կնոջ դերակատարմամբ, երեխաների դաստիարակությամբ և կենցաղի կազմակերպման գործով: Ոչ պակաս կարևոր են կնոջ դերը, մասնակցությունը և ներդրումը հասարակության կյանքում: Մենք հպարտ ենք Հայաստանի կանանց ձեռքբերումներով մեր կյանքի բոլոր ոլորտներում ՝ մշակույթից և կրթությունից մինչև բանակ, գործարարությունից մինչև առողջապահություն:
Իմ կարծիքով, մեր դարաշրջանի խնդիրներից մեկը արհեստական հակասությունն է անձնականի ու ընտանեկանի միջև՝ մի կողմից, և հասարակականի ու պետականի միջև՝ մյուս կողմից: Համոզված եմ, որ նման երկընտրանք չպետք է լինի:
Մեր հասարակությունը բաղկացած է կայացած կանանցից ու տղամարդկանցից: Հաջողություն ունեցող տղամարդու կողքին պետք է միշտ ներկայացված լինի կինը՝ հաջողություն ունեցող կինը: Մենք դա խրախուսում ենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և այդ դիրքորոշումը միշտ արտահայտվելու է մեր հստակ կեցվածքում»:
Նախագահը խոսել է նաև քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում կանանց ներգրավվածությունը ընդլայնելու մասին.
«Մեր երկրի Սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են կանանց և տղամարդկանց լիարժեք իրավահավասարությունը: Ուստի, պետք է հետևողականորեն իրագործենք արդեն իսկ մշակված օրենքի դրույթները, մասնավորապես՝ շարունակենք ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում», – ասել է Սերժ Սարգսյանը, հատակապես կարևորելով կանանց ակտիվ ներգրավումը և մասնակցությունը երկրում Սահամանադրության փոփոխության հետ միասին սկիզբ առած բարեփոխումներում:
« Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը», – ասել է երկրի նախագահը՝ դիմելով համաժողովի մասնակիցներին:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Հայտարարելով համաժողովի մեկնարկի մասին՝ իր ելույթում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը ընդգծեց, որ պատմական այս դահլիճում, որտեղ ընդունվել է ՀՀ անկախության հռչակագիրը, խոսվելու է մեր երկրի անցած ուղու և ապագայի անելիքների մասին: Իր զեկույցում Հերմինե Նաղդալյանը խոսել է Սահմանադրության փոփոխություններից հետո և խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ընթացող գործընթացներից, Հայոց ցեղասպանության 100-ամյակի իրադարձություններից, ապրիլյան քառօրյա պատերազմից:
Համաժողովի մասնակիցները հոտնկայս պատվել են հայրենիքի համար նահատակված զինվորների և նրանց մայրերին: Համաժողովի ամբիոնից ելույթ է ունեցել ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը: «Մեր տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական, ոսկե տառերով պետք է գրվեն հայոց պամության էջերում»,- իր ելույթում ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ հիմա ավելի քան երբևէ բոլորը հասկանում են, որ տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել՝ խափանելով թշնամու ծրագրերը:
«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին հնչեցին նաև Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ուղերձները, ԵԺԿ Կանանց կազմակերպության ղեկավար Դորիս Փեքի տեսաուղերձը, Կանանց Համաչինական ֆեդերացիայի ուղերձը:
Արտերկրից համաժողովին մասնակցում էին և ելույթներով հանդես եկան պատգամավորներ՝ ՌԴ Դաշնության խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Զ. Դրագունկինան, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տ. Բատիշևան, Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի պատգամավոր, օրենսդրության եւ դատաիրավական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Ն. Միքայելյանը և այլոք:
Համաժողովի ընթացքում քննարկված խնդիրների շարքում են. կանանց տեղն ու դերը հասարակական-քաղաքական կյանքում, ժամանակակից աշխարհում, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում, ընտրություններում կանանց ներգրավվածությունը, կանանց ինքնադրսևորման խթանները և արգելքները: Անդրադարձ է կատարվել նաև արդի ժողովրդագրական խնդիրներին ու այդ ուղղությամբ կանանց անելիքներին:
ՀՀ Նախագահի ելույթն ամբողջությամբ այստեղ
Դիտումների քանակը` 2460