CEDAW կոմիտեն քննարկում է Հայաստանի կառավարության պարբերական զեկույցը

cedaw

Նոյեմբերի 4-ին   Ժնևում  ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 65-րդ նստաշրջանում  քննարկվելու է  ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) կատարման  վերաբերյալ    Հայաստանի  հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական զեկույցը:  Կոմիտեն  դիտարկելու է  նաև քաղաքացիական հասարակության   կողմից  ներկայացված  Հայաստանում կանանց իրավիճակի մասին 6 այլընտրանքային զեկույցները, նրանց  թվում մեկը՝  Ադրբեջանից  է:

 

 

Զեկույցը ներկայացնելու համար  Ժնև մեկնած  պետական պատվիրակության կազմում 11 պաշտոնյա է   ներգրավված, նրանց թվում նաև Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական  ներկայացուցչության անդամները:  Նույնքան պատկառելի է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների  պատվիրակությունը,  որի կազմում են  հայաստանյան  մի շարք  ՀԿ-ների անդամներ,  ովքեր մասնակցել են CEDAW  կոմիտեին  ներկայացված  այլընտրանքային զեկույցների պատրաստմանը:

 

 

Հիշեցնենք,  որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան  1993 թվականին :  Կոնվենցիայի հիմնական   առանձնահատկությունն այն է, որ այն նախատեսում է պետության ստանձնած պարտավորությունների կատարման պարբերական հաշվետվություն: Փաստաթղթի  համաձայն,  մասնակից պետությունները պարտավորվում են, պարբերաբար զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին   Կոնվենցիայի դրույթների կատարման  համար ձեռնարկված քայլերի  և ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ:

 

 

Վավերացումից հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանը Կոնվենցիայի կոմիտեին է ներկայացրել չորս հաշվետվություն: Վերջինը ՝ 3-րդ և 4-րդ համատեղ զեկույցն էր, որը  կոմիտեն դիտարկել է   2009 թվականի փետրվարին,   ինչի արդյունքում ընդունվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի մասին երկիրը պետք է տեղեկացնի Կոմիտեին` հաստատված ժամկետների համաձայն:

 

 

Հայաստանի  կողմից  այս տարի ներկայացվող զեկույցը   5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցն է, որը ներառում է  2009-2012թ.թ. ժամանակահատվածը : Իրականում այն   նախապատրաստվել է  ՀՀ  Կառավարությունում  ձևավորված  միջգերատեսչական հանձնաժողովի կողմից  (աշխատանքները համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը) և  հաստատվել կառավարության որոշումով դեռ  2014-ի հոկտեմբերին: Սակայն  CEDAW կոմիտեի ժամանակացույցով Հայաստանի զեկույցին  հերթը հասել է միայն այս տարի:

 

 

CEDAW Կոնվենցիայի կարևոր  առանձնահատկություններից   մեկն էլ  այն է, որ նրա ընթացակարգերով  խրախուսվում   է  այլընտրանքային  և ստվերային զեկույցների  ներկայացումը հասարակական կազմակերպությունների կողմից,  ընդ որում ընթացակարգերով դա կարող են անել   ոչ միայն հայաստանյան,  նաև  այլ երկրների կազմակերպությունները:

 

 

Ըստ այդմ,  CEDAW կոմիտեի էջում  պետական զեկույցի հետ միասին ներկայացված  է նաև  6 այլընտրանքային զեկույցներ, որոնք  նախապատրաստել  են.

 

–  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան,

 

մի խումբ  ՀԿ-ներ կողմից (դրանց  թվում են «Դեմոկրատիան այսօր»,  Ընդդեմ կանանց նկատմաբ բռնության կոալիցիան,   «Դիսաբիլիտի ինֆո»-ն, Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը, Եզդի կանանց միությունը),

 

–  «Մեմորիալ»  հակախտրական կենտրոնը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը  համատեղ , ինչպես նաև

 

-Վրաստանից՝  Մարդու իրավունքների  մշտադիտարկման կովկասյան կենտրոնը (CCHRM),

 

-Ադրբեջանից ՝  Մարդու իարվունքների  կրթության և հետազոտությունների  հանրային կենտրոնը (HRER)  ,

 

Երեխաների նկատմամբ մարմնական պատիժների վերացման  Գլոբալ նախաձեռնությունը:

 

Բացի դրանից իր դիտարկումներն է ներկայացրել նաև   ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

 

 

Նշենք, որ  Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ընդունված 1979 թ. դեկտեմբերի 18-ին, ըստ էության,  ներկայումս միակ միջազգային իրավաբանական գործիքն է, որը նախատեսված է տղամարդկանց և կանանց անհավասարության դեմ պայքարի համար: Կոնվենցիան նաև ամենամեծ թվով երկրների  կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ  փաստաթուղթն է:

 

 

Հայաստանը՝ վավերացնելով 1993 թվականին  այս կոնվենցիան , դրանով իսկ պարտավորություն է ստանձնել ոչ միայն դե-յուրե  հռչակելու  կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները ,  այլ նաև  դե- ֆակտո ապահովելու հավասար հնարավորությունները դրանց իրականացման համար: 2013-ին ընդունված Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքը հենց այս Կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորություններից է բխում:

 

 

Հիշեցնենք նաև, որ 2006 թվականի մայիսի 23-ին, հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է նաև  Կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը, որն ընդունվել է 2000 թ. դեկտեմբերին: Այս փաստաթղթով կանանց նոր հնարավորություն է ընձեռում ազգային բոլոր միջոցներն սպառելուց հետո  անձամբ կամ կազմակերպությունների անունից բողոք ներկայացնելու Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե կոնվենցիայով պաշտպանվող իրենց իրավունքների խախտման մասին:

 

 

Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը արտացոլված է գենդերային հավասարությանը նվիրված ՄԱԿ-ի բոլոր հետագա փաստաթղթերում:

 

WomenNet.am

Դիտումների քանակը` 3715

Գլխավոր էջ