Երևանում մեկնարկում է «Կին» միջազգային կինոփառատոնը
Երևանում նոյեմբերի 4-ին կմեկնարկի «Կին» միջազգային XIII կինոփառատոնը (Kin International Film Festival): Այն կտևի մինչև նոյեմբերի 8-ը: Փառատոնում ներկայացված է լինելու 60 ֆիլմ 20 երկրներից, որոնք կցուցադրվեն Հայկակaն բարեգործական ընդհանուր միության (AGBU –Armenia) շենքի դահլիճում, ինչպես նաև Նարեկացի Արվեստի Միությունում, հաղորդում է փառատոնի մամուլի ծառայությունը:
Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
Այս տարի փառատոնի հետահայաց ցուցադրումը նվիրված կլինի հայ վավերագրող Արշա Օվաննեսովային: Կցուցադրվի «Կինը` պողպատից ու արցունքներից» վավերագրական ֆիլմը, որը կպատմի նրա ստեղծագործական ուղու մասին: Ֆիլմը նկարահանել է մեկ այլ հայազգի վավերագրող Սեդա Պումպյանսկայան, ում ծննդյան 100-ամյակը լրանում է այս տարի:
«Հյուրերի» ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր` «Վարպետն ու Տատյանան»` ռեժիսոր Գեդրե Ժիցկիտե, «Փոշոտ կտոր»` ռեժիսոր Ահու Օզթուրք, իսկ փակմանը կներկայացվի Էլլա Մանժեևայի «Ճայեր» ֆիլմը: Բացի այդ, կկազմակերպվեն վարպետության դասեր և կլոր սեղաններ:
Ֆիլմերը կգնահատի ժյուրին, որի կազմում են կինոգործիչներ Կարինե Վերդյան-Կոսմոլը (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ռուսլան Սաղաբալյանը (սցենարիստ, Հայաստան/Ռուսաստան), Ռութ Օլշանը (ռեժիսոր, Գերմանիա), Մելիս Բեհլիլը (կինոգետ, Թուրքիա), Մոա Ջանստրոմը (ռեժիսոր, Շվեդիա): Փառատոնի հյուրերն են Զեյնեփ Կոպրուլուն (ռեժիսոր, Թուրքիա), Ելենա Գլիկմանը (պրոդյուսեր, Ռուսաստան) և ուրիշներ:
Փառատոնի հաղթողներին մրցանակներ կշոնրհվեն «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում, դիպլոմներ` «Լավագույն ռուսական ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում:
***
Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին ժամը 19:00 ՀԲԸՄ Հայաստան դահլիճում, փ.Մելիք Ադամյան, 2/2
Նոյեմբերի 4-ին ժամը 11:00 Երևանի պետական Թատրոնի և կինոյի ինստիտուտում ժյուրիի անդամ Ռութ Օլշանը կվարի վարպետության դաս ուսանողների համար:
Նոյեմբերի 5-ին ժամը 11:00 Հոտել Հաուզ հյուրանոցում, Արամի, 42, տեղի կունենա կլոր սեղան “Կինը և կինեմատոգաֆիան” թեմայով:
Նոյեմբերի 9-ին ժամը 11:00 Երևանի պետական Թատրոնի և կինոյի ինստիտուտում “Ճայեր” ֆիլմի պրոդյուսեր Ելենա Գլիկմանը կվարի վարպետության դաս ուսանողների համար:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում
Ուշադրություն՝ «Հայոց թագուհիներ» ֆիլմը ցուցադրվելու է «Կին» փառատոնի շրջանակում
“ԿԻՆ” միջազգային XII կինոփառատոնը Երեւանում
«Կին» միջազգային կինոփառատոնը բաժանեց մրցանակները/ տեսանյութ
Երևանում մեկնարկում է «Կին» միջազգային կինոփառատոնը
Մեկնարկեց «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը
«Լսելի դարձնել կանանց ձայնը». մեկնարկում է 9-րդ “Կին” կինոփառատոնը
Դիտումների քանակը` 3441