Կառավարությունն ընդլայնում է կանանց զինծառայության անցնելու հնարավորությունները, բայց լռում այլ հնարավորությունների մասին
ՀՀ Կառավարությունն ընդլայնում է կանանց զինծառայության անցնելու հնարավորությունները, բայց չի հիշատակում իր նոր ծրագրում գենդերային հավասարության խնդիրը, թեպետ մինչ այդ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պարտավորությունը տեղ էր գտել կառավարության բոլոր ծրագրերում՝ 2008-ից սկսած:
Ինչպես հայտնի է վերջերս ընդունված ՀՀ Կառավարության ծրագրով, որը ստացավ նաև Ազգային ժողովի հավանությունը, նախատեսվում է կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունների ընդլայնումը: Նման դրույթ նախորդ կառավարության ծրագրում չի եղել: Դրա հետ մեկտեղ կառավարության ծրագիրը չի անդրադառնում այլ ոլորտներում կանանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը, և ի տարբերություն նախորդ ծրագրերի չի հիշատակում գենդերային հավասարության ապահովման խնդիրը:
Հիշեցնենք, որ 2014-ին ընդունված ՀՀ Կառավարության ծրագրով «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնում սոցիալական պաշտպանության քաղաքականությունն ենթադրում էր. « կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորու թյունների ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրման, ինչպես նաև ընտանեկան բռնության և թրաֆիքինգի երևույթի կանխարգելման ծրագրեր»
Նույն մոտեցումը կար 2013-ին ընդունված ՀՀ Կառավարության ծրագրում, որի շրջանակում նախատեսվում էին. «Գենդերային քաղաքականության ներդրման` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների շարունակական ապահովում, ինչպես նաև բռնության և թրաֆիքինգի երևույթի կանխարգելման ծրագրեր»:
ՀՀ կառավարության2012-2017 ծրագրով նախատեսվում էր. «Հատուկ ծրագրերի իրագործում կանանց գործարարության զարգացման համար»:
ՀՀ Կառավարության 2008-2012 ծրագրով ավելի լայն մոտեցում էր պարունակում, մասնավորապես, սոցիալականպաշտպանության քաղաքականությունը այլ խնդիրների հետ մեկտեղ ուղղված էր լինելու. «գենդերային հավասարությանը` հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը»:
Մենք հեռու ենք այն մտքից, որ հարցի հիշատակումը պետական ծրագրերում այդ հարցի մեխանիկակակն լուծում է ենթադրում, անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ գենդերային հավասարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ավելի քան համեստ են, սակայն գենդերային մոտեցումների ներառումը զարգացման ծրագրերում առաջին նախապայմանն է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
ՀՀ Կառավարության նոր՝ 2016-ի ծրագիրը որպես նպատակ է դիտարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացու արդար հասարակության մեջ ապրելը, շեշտադրում է որպես ռազմավարական խնդիր սոցիալական արդարության հաստատումը, մարդկային կապիտալի զարգացումը և խոստանում « հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովումը բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք: Սակայն այս ամենը չի դիտարկվում կանանց ու տղամարդկանց հնարավորությունների տարբերության տեսակետից, ինչը հակասում է Կառավարության կողմից ընդունված «Գենդերային քաղաքականության հայեցակարգին» Գենդերային քաղաքականության հայեցակարգ և միջազգային տարբեր ատյաններում երկրի պարտավորություններին: Իսկ այն, որ ՀՀ կառավարությունը այնուամենայնիվ ընդունում է կանանց նկատմամբ խտրականության առկայությունը և կարևորում դրա դեմ պայքարը, կարելի է չկասկածել: Համենայն դեպս, այս օրերին՝ նոյեմբերի 4-ին CEDAW կոմիտեին Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) կատարաղոկանի վերաբերյալ Հայաստանի հերթական զեկույցը ներկայացնելու նպատակով Ժնև մեկնած պետական պատվիրակությունը կազմված է 11 պաշտոնատար անձանցից:
Մինչդեռ նշենք, որ 2015-ին ավարտված ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրին հաջորդող ծրագիր մինչ օրս չի ընդունվել: Դեռ անցյալ տարվա վերջում դրա իրագործման շուրջ Գնահատման զեկույց էր պատրաստվել, ինչը թույլ էր տալիս ակնկալելու, որ նոր ծրագրի ընդունումը չի հապաղի : Սակայն այս պահին հաջորդ տարիների համար ծրագիրը դեռևս գտնվում է աշխատանքային խմբի ձևավորման փուլում: Բացառված չէ, որ այս փաստը որոշակի դեր է խաղացել նաև Կառավարության նոր ծրագրում այդ ուղղությամբ պարտավորություններ չներառելու հարցում:
Հուսանք, որ Ժնևից վերադառնալուց հետո պատասխանատու անձինք ավելի շատ կմտահոգվեն գենդերային քաղաքականությունը կյանքի կոչելու և պետական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում այդ հարցը ներառելու խնդրով:
WomenNet.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կառավարությունը խոստանում է հավասար իրավունքներ և երաշխիքներ ապահովել բանակում ծառայող աղջիկների եւ տղաների համար
Դիտումների քանակը` 3507