Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ
Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տավուշի մարզում ինչպես եւ նախկինում համայնքի կին ղեկավար չի լինելու: Այդ պաշտոնում առաջադրված 2 կանանցից և ոչ մեկը չկարողացավ ընտրվել:
– Ես կարող եմ հիշել, որ Տավուշում մի ժամանակ ամենաշատն էին համայնքի ղեկավար կանայք: Չգիտեմ ինչու փոխվեց իրավիճակը, չեմ ուզում դա որպես քաղաքականություն դիտարկել, բայց կանայք սկսեցին իրենց տեղը զիճել որպես համայնքի ղեկավարի: Որպես ավագանի ես միշտ առավելություն եմ տվել կանանց , և շարունակում եմ ասել , որ կանայք որպես ավագանու անդամներ ավելի լուրջ են մոտենում հարցերին քան տղամարդիք, – ասում է Կիրանց համայնքի բնակիչ Համայակ Նազարյանը :
Նշենք, որ ավագանիների կազմում կանանց ներկայացվածության առումով մարզում մի փոքր առաջընթաց է արձանագրվել: Ընտրությունների արդյունքում մարզի ավագանիներում կանայք 12 % են կազմելու, մինչ այդ մարզի ավագանիների կազմում նրանք 8% էին: Այս առաջընթացը սակայն չի վերաբերվում 3 խոշորացված համայնքներում՝ Նոյեմբերյանըում Այրումում եւ Կողբում կայացած ընտրություններին: Մինչ խոշորացումը Նոյեմբերյանի, Այրումի եւ Կողբի կազմում ընդգրկված համայնքների ավագանիների կազմում կանայք 7 % էին կազմում, խոշորացումից հետո 2.7%, այսինքն այժմ նրանց տոկոսային ներկայացվածությունը մոտ երեք անգամ պակասել է:
Ինչպես փաստում են ընտրությունների արդյունքները, Այրումի եւ Կողբի ավագանիները կազմված են լինելու բացառապես տղամարդկանցից: Ու եթե խոշորացված Կողբի ավագանիների կազմում մինչ այդ էլ կին չի եղել, ապա Այրումում խոշորացումից հետո կանայք դուրս են մնացել ընտրապայքարի արդյունքում:
Այրում խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ: Մինչ խոշորացումը նրանց կազմում ավագանու 54 անդամներից 3-ն էին կանայք (5%) , 2-ը՝ Բագրատաշենում, 1-ը՝ Պտղավանում: Այժմ Այրումը կունենա ավագանու 11 անդամ եւ նրանցից ոչ մեկը կին չէ: Այստեղ առաջադրված 36 թեկնածուներից 7-ն էին կանայք, նրանցից որևէ մեկը ավագանու անդամ ընտրվելու համար բավարար ձայներ չստացավ: Բագրատաշեն համայնքի դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանը մեկն է այդ կանանցից, նրան ընդամենը 4 ձայն չհերիքեց ավագանու անդամ ընտրվելու համար:
-Ես հերթական անգամ համոզվեցի , որ ընտրությունները անցնում են ոչ թե թեկնածուների որակական չափանիշների ներքո այլ խնամի ծանոթ բարեկամ սկզբունքնո, ու դա շատ ցավալի է: Ես գտնում եմ, որ պետք է լինեն որոշակի չափորոշիչներ որոշակի պահանջներ, ի վերջո ավագանի լինել կամ գյուղապետ լինել դա եդքան էլ հեշտ գործ չի, մատերի արանքով չի կարելի նայել: Առնվազն մարդը պետք է ունենա բարձրագույն կրթություն: Եթե ավագանին բյուջե է քննարկելու կամ հավանություն է տալու գյուղապետի կազմած նախահաշվին, նա պետք է գաղափար ունենա գոնե այդ նախահաշվից, – կարծում է Լիանա Ալավերդյանը:
Կանանց թիվը խոշորացված Նոյեմբերյանի ավագանու կազմում նույնպես ավելի քիչ է քան մինչև խոշորացումը: Նոյեմբերյանը խոշորացվել է՝ իր մեջ ընդգրկելով եւս 7 համայնքներ: Այն կունենա ավագանու 15 անդամ, որոնցից մեկն է կին (7%), թեպետ մին չ այդ համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 44 անդամ, որոնցից 5-ը կանայք էին (11,4%): Այստեղ առաջադրված 5 կանանցից միայն «Մասիս Տոբակո» ընկերության գործակալ Էմմա Հակոբյանը անհրաժեշտ թվով ձայներ հավաքեց եւ ավագանու անդամ դարձավ:
-Ուզում եմ որ օգտակար լինել ոչ միայն իմ համայնքի բնակիչներին , այլ նաև բոլոր 9 համայնքների ազգաբնակչությանը, – ասում է Էմմա Հակոբյանը, ով երկար տարիներ անեւ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի ղեկավար է եղել:
Կոթի համայնքը խոշորացող համայնքներից մեկն է, որ միավորվել է Նոյեմբերյան համայնքին: Կոթիի նախկին ավագանիներից 11-ից 2-ը կանայք են եղել՝ ուսուցչուհիններ Անահիտ Բեջանյանը և Անահիտ Խաչատրյանը, ովքեր բավականին ակտիվ աշխատել են ի օգուտ իրենց համայնքին Այս անգամ սակայն նրանց ավագանու ընտրություններին չմասնակցելը կապված էր համայնքի խոշորացման հետ:
– Տեղական կառավարման համակարգում կնոջ դերը մեծ է: Բայց հիմա մենք այլեւս չենք կարող մեր թեկնածությունը առաջադրել , որովհետև ես իվիճակի չեմ տանը թոռնիկներին թողելու և կրակի բերանով հասնել Նոյեմբերյան: Միաժամանակ նաև մանկավարժ լինելով չենք կարեղ մեր աշխատանքը լքել , պետք է բազմաթիվ անգամ պետք է դասերից բացակայեմ , որ մեկնեմ Նոյեմբերյան մասնակցելու բոլոր ժողովներին, իսկ դա անհնարին է: Մեր համայնքում ավագանի լինելով մենք կարողանում էինք ինչ, որ պահի ներկա լինել, դասերից հետո և ընթացքում երբ, որ ազատ ժամանակ էինք ունենում : Ցավոք սրտի , չեմ առաջադրվել այս տարի, որովհետև անհնարին է նման պայմաններում այստեղից մինչև Նոյեմբերյան մեկնել և այնտեղից փորձել գյուղի բոլոր հարցերին դրական պատասխան տալ: Դե եթե խոշոացումը չլիներ ես կարող էի դնել իմ թեկնածություն, որովհետև տեղում էի լինելու, անկախ նրանից թե ինչ դժվարություններ կային , գյուղում լինելով կարողանում եինք տեղում մեր հարցերը լուծել, – ասում է Անահիտ Խաչատրյանը, ով Կոթի համայնքի միջնակարգ դպրոցի դասվար է աշխատում:
Կոթի համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Բեջանյանն, ով 2012-ից ավագանու անդամ էր, այս տարի չի էլ փորձել առաջադրվել:
-Ընտրվելով 2012-ի համայնքի կողմից ավագանու անդամ , ես մոտիկից ծանոթացա գյուղի հիմնական խնդիրներին , եւ սոցիալական, եւ տնտեսական ,ու այստեղ կարողանում էինք լուծել գյուղի հարցերը, բայց հիմա երբ են համայնքների մեծացման հարց բարձրացավ , առանց գյուղի նախնական կարծիքը հարցնելու ես բնականաբար չեի կարող իմ թեկնածությունը տալ ավագանու համար: Բացի այդ գյուղից մոտ 30 կիլոմետր Նոյեմբերյան համայնքը հեռու է, դա գյուղի համար մեծ սոցիալական խնդիր է, որովհետև ոչ մեկը ձրի տրանսպորտով չի գնալու Նոյեմբերյան , – ասում է Անահիտ Բեջանյանը:
Կանանց ներկայացվածությունը պակասել է նաեւ փետրվարի 14-ին խոշորացած Դիլիջանում անցկացված ընտրություններից հետո: Մինչ խոշորացումը Դիլիջանում ու նրա շուրջ 6 միավորված համայնքներում ավագանու անդամների ընդհանուր թիվը եղել է 51, որոնցից 4-ը կին, ինչը 8% էր կազմում: Ընտրություններից հետո Դիլիջանի ավագանու անդամների թիվը 15 է, եւ ոչ մի կին:
Հովք համայնքն այն վեց համայնքներից է, որոնք փետրվարի 14-ին կայացած ընտրությունների արդյունքում միավորվել են Դիլիջանին: Հովքում արդեն երեք տարի է, ինչ հաջողությամբ գործում է Օքսֆամի աջակցությամբ հիմնադրված կանանց գյուղատնտեսական կոոպերատիվը: Այստեղ շատ ակտիվ կանայք կան , ովքեր պատրաստ են նաեւ մասնակցել իրենց համայնքի ղեկավարմանը: Սակայն նրանք չեն էլ առաջադրվել խոշորացված ընտրություններում: Նրանցից մեկը Հովք համայնքի ջերմոցային տնտեսության նախագահ Ալվարդ Չատյանն է, ով համարում է, որ ավագանու կազմում պետք է պարտադիր կանայք լինեն: Այնումենայնիվ, այս տարի չի առաջադրել իր թեկնածությունը , թեպետ մինչ խոշորացումը պատրաստվում էր դա անել:
-Որովհետև արդեն ուշ էր, թեկնածուներ կային Դիլիջանից, մենք նույնիսկ չգիտեինք ովքեր էին , հետո իմացանք, որ արդեն լրացած են տեղերը«- ասում է նա:
Խոշորացումից հետո խնդիրներով հարուստ այս համայնքում մինչև այս պահը ոչինչ չի փոխվել եւ կանայք համարում են, որ իրենց ձայնը խոշորացված Դիլիջանում լսելի չէ:
-Գյուղում շատ խնդիրներ ունենք շատ, մեր ճանապարհների հարցը մեր տրանսպորտի հարցը, մեր երեխեքի հարցը, մանկապարտեզ մի հատ չունենք, բուժկետ չունենք , մեծ գյուղ է, շատ ընտանիքներ կան, մի երեխա հիվանդանալու համար պիտի տաքսի բռնեն, գնան հասնեն Իջևան կամ Դիլիջան, պատկերացնում եք դա ինչ ա գյուղի համար; Այսքան երեխեք կան մի գյուղում- 23 երեխա է այս տարվա մեջ ծնվել: Պատկերացնում եք ամեն երեխու համար պետք է տաքսի բռնեն , հասնեն Իջևան կամ Դիլիջան , որ իրենց երեխուն մի դեղ առնեն: Այս հարցերի մասին ով պիտի մտածի: Գիտեք, քաղաքապետը , որ եկավ, ճիշտն ասած, մենք ասեցինք, այդ հարցը դրեցինք, ասեցինք, որ մանկապարտեզ չունենք, բուժկետ չունենք, տրանսպորտ չունենք; Դե մեզ խոսք են տվել որ կանեն, կօգնեն , բայց մինչ օրս ոչ մի բան չկա, ոչ մի բան չի առաջադիմել, – պատմում է Ալվարդ Չատինյանը, նկատելով, որ ընտրություններից հետո արդեն 9 ամիս է անցել:
Խոշորացող համայնքներ գաղափարը միտված է համայնքների բարեկեցությանը, նոր ծրագրերի իրականացմանը, փոքր համայնքների խնդիրների արդյունավետ լուծմանը: Սակայն այն փաստը , որ կանանց մասնակցությունը ավագանիների կազմում ակնհայտորեն պակասում է , կարող է հարցականի տակ դնել այն դրական ակնկալիքները, որոնք դրված են խոշորացման գործընթացի հիմքում: Անհրաժեշտ է նոր մեխանիզմներ մտածել, որոնք թույլ կտան ներգրավել ակտիվ կանանց ներուժը իրենց իսկ համայնքերին վերաբերող որոշումների ընդունմանը:
Հեղ. Նաիրա Խաչիկյան
Հ.Գ. Նշենք, որ հոկտեբերի 2-ին Շիրակի և Վայոց Ձորի մարզերի խոշորացված վեց համայնքներում կայացած ընտրությունների արդյունքներով, բոլոր համայնքներում, բացի մեկից արձանագրվել է հետընթաց կանանց ներկայացվածության առումով: Ընդահանուր առմամբ, կանանց ներկայացվածությունը նշված 6 խոշորացված համայնքներում պակասել է երեք անգամ՝ մինչ խոշորացումը եղել է 15%, իսկ խոշորացումից հետո 5% է:
Նույն պատկերն է մինչ այդ սեպտեմբերի 18-ին խոշորացված համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքներով: Ութ խոշորացված համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում, Գորայքում, Տեղում , Այրումում, Նոյեմբերյանում, Կողբում և Ուրցաձորում , սեպտեմբերի 18-ին անցկացված ընտրությունների արդյունքում կանանց ներկայայացվածությունը միավորված համայնքների ավագանիներում կիսով չափ պակասել է ՝ 10%-ից խոշորացումից առաջ մինչեւ 5.5 % խոշորացումից հետո:
Հիշեցնենեք, որ փետրվարի 14-ն երեք խոշորացված համայնքներում՝ Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված ավագանիների կազմում կանանց ներկայացվածությունն տոկոսային հարաբերությամբ նույնպես կրճատվել էր երեք անգամ ՝ մինչ խոշորացումը համայնքների ավագանիներում նրանց ներկայացվածությունն ընդհանուր թվով 9,2 տոկոս էր կազմում , իսկ խոշորացումից հետո հետ՝ 2,8 տոկոս է:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում
ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Դիտումների քանակը` 3831