«Գիտեմ, ում եմ ընտրելու։ Գիտեմ, ինչի համար…»
Մեր փոքրիկ հարցախույզը, որ անց ենք կացրել Երեւանի փողոցներում, ներառել է մեկ հարց՝ որ հատկանիշիներն եք պարտադիր համարում Ազգային ժողովի պատգամավորի համար։ Պատասխանները ներկայացնում ենք ստորեւ՝ մեկնաբանություններն ու եզրակացությունները թողնելով յուրաքանչյուր ընթերցողի։
Հրաչ՝ 38 տարեկան, հոգեբան – Պարկեշտ ու գիտակպիտի լինի էն մարդը, ում ձայնս տալով, մուտք ապահովեմ Ազգային ժողով։ Ցավոք, թեկնածուների մեջ դեռ նման մեկին չեմ գտնում։
Անահիտ՝ 18 տարեկան, ուսանող – Առաջին անգամ եմ մասնակցելու ընտրությունների։ Մտածում եմ, որ պատգամավորը նախ պիտի լինի խելացի։ Հա, մեկ էլ մի քիչ գողական, որ կարողանա իր ճիշտ ու խելացի մտքերն անցկացնի օրենքներ։ Արդեն գիտեմ, թե ում եմ ձայնս տալու։
Արման՝ 26 տարեկան, թանգարանագետ – Գտնում եմ, որ պատգամավոր պետք չի մեզ։ Մեզ մոտ օրենքները, միեւնույն է, ընդունում է նախագահը։ Ազգային ժողովի փոխարեն կարող ենք ունենեալ մասնագիտական խմբեր։
Տիգրան՝ 43 տարեկան, բանասեր – Ընտրություններին չեմ մասնակցելու։ Իմ համար մեկ պահանջը՝ պատգամնավորներին անձեռնմխելիությունից օրենսդրորեն զրկելն է եւ նրանց աշխատավարձերը մեծապես կրճատելը։ Այդ դեպքում խորհրդարան գնալու ցանկություն կհայտնեն աշխատող մարդիկ։
Շուշաննա՝ 23 տարեկան, ուսանող – Կարծում եմ, որ մեզ մոտ կանայք պատգամավոր պիտի չդառնան։ Արդեն պատգամավոր կանայք մի քիչ լաչառացել են։ Պատգամավորը պիտի գիտելիքներ ու կյանքի փորձ ունենա։
Տիգրան՝ 29 տարեկան, ծրագրավորող – Կուզենայի մեր խորհրդարանում տեսնել ազնիվ, բանիմաց, փորձառու մարդկանց՝ չնայած երիտասարդներին էլ եմ վստահում, քանի որ ժամանակի լավ զգացողություն ունեն եւ համաշխարհային առաջընթացին ավելի տեղյակ են։
Ալինա՝ 33 տարեկան, տնային տնտեսուհի – Բոլոր նրանք, ում գործունեությունը մինչեւ այսօր հրապարակային է եղել ու կարող ենք գնահատել, ինձ հիասթափեցրել են։ Հավատում եմ արդեն հայտնիներից միայն մեկին եւ ամբողջ հույսս հենց նա է ու նրան էլ պիտի ընտրեմ։ Գուցե դրանից հետո հնարավոր լինի տանը չնստել ու ի վերջո աշխատանք գտնել՝ կրթությամբ կենսաբան եմ։
Ռուզաննա՝ 41 տարեկան, մաթեմատիկոս-առեւտրական – Անիմաստ եմ համարում որեւէ մեկի օգտին քվեարեկալը։ Ազգային ժողով են գնում ոչ թե մեր երկրի զարգացման, մեր կյանքի բարելավման, այլ իրենց ունեցածը պեհլու եւ ավելացնելու համար ավելի ամուր հիմքեր ստեղծելու համար։
Ավետ՝ 50 տարեկան, ճարտարապետ – Ինձ համար բարդ է հավատալ, որ մեր երկրի իրականությունում կա մեկը, ով անգամ շատ ազնիվ ու արդար լինելու դեպքում կարողանա պատգամավորի աշխատանքը ցանկալի չափանիշներով իրականցնել։ Մեր իրականությունում իշխանությունն անհնար է սեփական շահերի համար չօգտագործել։ Ինքս էլ, իշխանություն ունենալու դեպքում ստիպված կլինեմ այն սեփական շահերիս համար օգտագործել։
Հակոբ՝ 35 տարեկան, օպերատոր – Իմ պատգամավորը առաջին հերթին կուզեի լինի իրավաբան, քանի որ օրենքների հետ գործ պիտի ունենա եւ չլինի բիզնեսմեն։
Հռիփսիմե՝ 28 տարեկան, տնտեսագետ – Նորերից ոչ ոքի չեմ ճանաչում։ Ում էլ գիտեմ, հազիվ թե արժանի են պատգամավոր դառնալու։ Միայն մեկին կարող եմ վստահել, քանի որ կարողացել է իր մասնագիտական իմացություններն ու ազնվությունը ցուցաբերել խորհրդարանում։
Վահե՝ 30 տարեկան, լեզվաբան-առաքիչ – Ոչ մեկն էլ իմ բանը չի։ Իշխող կուսակցությունից սկսած մինչեւ ամենաանհայտ իրեն ընդդիմադիր համարող կուսակցունը զզվանք են առաջացնում։ Սուտ են բոլորը։ Ընտրություններն էլ իրենցն են ու ոչ իմն ու քոնը։
Հասմիկ՝ 23 տարեկան, վաճառողուհի – Ընտրությունների մեկ անգամ եմ մասնակցել։ Իսկ նախորդ ընտրություններում տարբեր կուսակցություններ տարբեր բաներ առաջարկեցին։ Թե համաձայնեիք, դրանցից մեկը յուրաքանչյուր ձայնի համար հինգ հազար դրամ կվճարեր՝ էն էլ նախապես։ Մեր ընտանիքը մերժեց։ Բայց հենց դրանք էլ հաղթողների թվում հայտնվեցին: Էլ ինչո՞ւ գնամ ընտրության։
Սիլվա՝ 61 տարեկան, դերձակ – Պարտադիր մասնակցելու եմ ընտրություններին։ Ուրախ եմ, որ գտա իմ թեկնածուին։ Վստահում եմ նրան։ Շատ մեծ հույս ունեմ, որ նա կլինի խորհրդարանում եւ իր գործունեությամբ հիասթափություն չի առաջացնի իրեն ընտրողների մեջ։ Պարկեշտ է, գիտակ ու ներկայանալի։ Կարեւոր է նաեւ, որ հավատավոր մարդ է։
Գայանե՝ 53 տարեկան, տնային տնտեսուհի – Լավ կրթություն ու աշխատանքային փորձ ունենալը պարտադիր եմ համարում։ Հետո՝ ընտանիք ու երեխաներ ունեցող մարդիկ լինեն։ Կուզենայի կանայք ավելի շատ լինեն Ազգային ժողովում։ Իրենք, գուցե, ավելի կարեւոր համարեին կանանց համար աշխատատեղեր ստեղծելու հարցը։
Մանե՝ 19 տարեկան, ուսանողուհի – Ոչ ոքի չեմ ճանաչում։ Ու մտքումս մի հարց ունեմ՝ եկող ուսումնական տարում որտեղից պիտի կարողանամ ուսմանս վարձը վճարել։ Ամեն դեպքում կուզենայի, որ խորհրդարանում համառ, լաչառ կանայք շատ լինեն։
Մհեր՝ 35 տարեկան, անհատ ձեռներեց – Ընտրություններին մասնակցելու եմ, որպեսզի կարողանամ ձայնս տալ. իմ կարծիքով, շատ լավ մարդու։ Հավատում եմ, որ նա իրոք, հայրենասեր է։
Արմեն՝ 37 տարեկան, արհեստավոր- Ում էլ ձայնս տամ, միեւնույն է, չեմ կարողանալու ավելի լավ ապրել։ Բայց կուզենայի, որ անգրագետներն ու մարդկանց ոչ թե աշխատացնողները, այլ օգտագործողները Ազգային Ժողովում չլինեն։
Կարինե՝ 31 տարեկան, գործազուրկ – Գիտեմ, ում եմ ընտրելու։ Գիտեմ, ինչի համար։ Ու էդ մասին ոչ մի բացատրություն տալ չեմ ուզում։
Նանա Պետրոսյան
Դիտումների քանակը` 4257