«Անտարբեր լինելը հանցագործություն է»…
«Միավորված հայեր» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ թեկնածուն՝ Գայանե Անդրեասյանը վերջերս «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հյուրն էր: Քարոզարշավի ընթացքում իրականացվող «Իրազեկվեք, որ ճիշտ ընտրեք» ծրագրի շրջանակներում կենտրոնը հանդիպումներ է կազմակերպել ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, առավելապես կին թեկնածուների հետ:
Հիշեցնենք, որ «Միավորված հայեր» կուսակցության ցուցակում կանայք ամենաշատն են ներկայացված , նրանց թիվը ցուցակում 38 տոկոս է: Գայանե Անդրեասյանը կուսակցության ցուցակի առաջին եռյակում է ընդգրկված, մասնագիտությամբ իրավաբան է : Նրա կարծիքով` երկրում գործում է ուժի օրենքը, ընտրվելու դեպքում պայքարելու է, որ գործի օրենքի ուժը` հանդես գալով դատաիրավական փոփոխությունների օրենսդրական նախաձեռնություններով:
«Մեր կուսակցության անդամների 70%-ը իրավաբաններ են, 20%-ը’ ակատեմիկոս-գիտնականներ, 10%-ը’ տնտեսագետներ, այսինքն’ կուսակցությունը ներկայացնում է մտավորական մեծ ուժ, որի գաղափարախոսության հիմքում ընկած է ազգի շահը: Առհասարակ՝ ամբողջ աշխարհում քաղաքական դաշտը բաժանվում է իշխանամետների և ընդդիմության, սակայն մենք մեզ համարում ենք երրորդ ուժ, նոր ուժ՝ ո՜չ իշխանամետ, ո՜չ ընդդիմություն: Մենք պետականամետ ենք, ընդունում ենք օրենքի ուժը ու գտնում, որ պետք է օրենքի փոփոխությամբ կարողանանք այս երկիրը դարձնել իրավական, ուժի օրենքը փոխենք օրենքի ուժով:
Ծրագրերում ունենք սահմանադրությանն առնչվող որոշ փոփոխություններ, օրինակ՝ մեր կուսակցությունը գտնում է, որ պետք է վերացնել ԱԺ պատգամավորի անձեռնամխելիության ինստիտուտը:
Ունենք տնտեսական և սոցիալական ոլորտին վերաբերվող ծրագրեր, որոնց հիմնական նպատակը ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է: Այսօր կնոջ սոցիալ-տնտեսական վիճակը զարգացում չի ապրում, ուստի կուսակցության ծրագրում նախատեսում ենք կնոջն ապահովել սոցիալ-տնտեսապես: Մեր կուսակցությունն ունի ծրագրեր, որոնց ներդրումների հաշվին կկարողանանք աշխատատեղեր ստեղծել, բյուջեի գումարների հաշվին սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ մայրերին, երիտասարդ ընտանիքներին օգնություն ցուցաբերել:
Ինչ վերաբերում է կրթական ոլորտին, մենք ցանկանում ենք ստեղծել հատուկ ֆոնդ, որի միջոցով շնորհալի երեխաները հնարավորություն կունենան կրթություն ստանալ:
Միավորված հայեր կուսակցության 40%-ը կանայք են, կուսակցությունը բավականին մեծ տեղ է տալիս կանանց, օգնում է, աջակցում՝ հասարակական, քաղաքական գործունեություն ծավալելու համար: Վերջինս խոսում է այն մասին, որ կուսակցությունը աջակցելու է կանանց իրավունքները պաշտպանող ամեն նախագծի:
Կուսակցությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև երիտասրդների ակտիվությանը և խրախուսում նրանց մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական գործունեությանը: Կուսակցության անդամների կազմում կան երիտասարդներ, որոնց մտածողությունը շատ նորարար է և լավատեսական, նրանց կարծիքը՝ շատ կարևոր»:
Գայանե Անդրեասյանը մատնանշեց գալիք ընտրություններին մարդկանց անտարբեր չլինելու կարևորությունը. «Ավելի լավ է՝ մարդ լինի իշխանամետ կամ ընդդիմություն, քան անտարբեր լինի այս հարցում, քանի որ անտարբեր լինելը հանցագործություն է »:
Ըստ Կանանց ռեսուրսային կենտրոնի հաղորդագրության
Դիտումների քանակը` 4145