Գյուղի կանայք` կայուն զարգացման կարեւոր դերակատարներ
ՄԱԿ-ը փաստում է, որ ողջ աշխարհում կանայք կազմում են գյուղատնտեսությունում զբաղվածների գրեթե կեսը, իսկ զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 32 %-ը, մոտ 80 % տնտեսապես ակտիվ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ: Դրա հետ մեկտեղ կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70 %-ը:
Արժեւորելով գյուղի կանանց կարևորագույն դերը և նրանց ներդրումը գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և աղքատության վերացման մեջ ՄԱԿ-ն իր պաշտոնական օրացույցում հոկտեմբերի 15-ը որպես Գյուղաբնակ կանանց միջազգային օր է հռչակել:
Պատահական չէ, որ այդ օրվան անմիջապես հաջորդող օրերին ՄԱԿ-ը նշում է ևս երկու տարեթիվ` հոկտեմբերի 16-ին պարենի համաշխարհային օրը, հոկտեմբերի 17-ին` աղքատության վերացման միջազգային օրը: Այդկերպ ընդգծվում է գյուղի կանանց առանձնակի դերը քաղցի և աղքատության վերացման և պարենային անվտանգության ապահովման գործում: Ի դեպ, 2010-ից սկսած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը իր նախապատվություններից մեկն է դարձնում «Կանայք – սննդի անվտանգության բանալին են» սկզբունքը ՝ առաջարկելով դիտարկել գենդերային անհավասարության վերացումը գյուղատնտեսության մեջ որպես զարգացման եւ պարենի անվտանգության խնդիր:
Գյուղատնտեսությունը Հայաստանում հանդիսանում է զբաղվածություն ապահովող գերակա ոլորտներից մեկը, Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է 17,3 % գյուղատնտեսական ոլորտում զբաղված են հանրապետության աշխատանքային ռեսուրսների 34.8%-ը, որից շուրջ 56 %-ը կանայք են, ինչը կանանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Ընդ որում, տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 29.6 %-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում՝ 40.5 %-ը: Բացի այդ, կանանց ոչ ֆորմալ զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը 82.1% է: Ըստ էության , գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորողները: Տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու պայամաններում կանանց այդ դերակատարումը միայն մեծանում է:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների միջին ամսական զուտ եկամուտը գյուղատնտեսության ոլորտում կազմել է 74.0 հազ. դրամ է, ինչը ցածր է տնտեսության մեջ միջին ցուցանիշից, որը 91.7 հազ. դրամ է կազմում: Դրա հետ մեկտեղ զգալի է նաև կանանց ու տղամարդկանց եկամուտների տարբերությունը գյուղա¬տնտեսությունում, որը 44 %-ի է հասնում: Ոչ ֆորմալ զբաղվածության պարագայում ավելի է ընդգծվում կանանց ու տղամարդկանց եկամուտների տարբերությունը, որն այս դեպքում ավելի մեծ է, քան միջինում գյուղատնտեսության մեջ, ինչը հիմք է տալիս բնութագրելու կանանց որպես աշխատաշուկայի ամենացածր վարձատրվող և սոցիալապես չպաշտպանված սեգմենտի ներկայացուցիչներ:
Գյուղական վայրերում որակյալ ենթակառուցվածքների և ծառայությունների բացակայությունը հատկապես ծանր են անդրադառնում կանանց վրա՝ սահմանափակելով նրանց հնարավորությունները շուկաների, տեղեկատվության, տրանսպորտի, ջրամատակարարման, առողջապահական հիմնարկների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության առումով, դրանով իսկ խոչընդոտելով կանանց արտադրական և տնային պարտականությունների համատեղումը և իջեցնելով տնային տնտեսությունների բարեկեցության մակարդակը
Մինչդեռ, տնային տնտեսությունների մակարդակով պարենի անվտանգության հիմնական երաշխավոր են հանդիսանում կանայք՝ հաշվի առնելով նրանց դերը ընտանիքի սննդակարգի որոշման և ձևավորման մեջ: Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, նրանց որպես սննդի արտադրողների և մատակարարների դերի կարևորումը անմիջական ազդեցություն ունեն տնային տնտեսությունների պարենային անվտանգության վրա: Սակայն այս հանգամանքը պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացման ծրագրերում արտացոլված չէ:
Գենդերային անարդարությունը գյուղի կանանց տնտեսական գործունեությունում դրսևորվում է նաև հանայնքային որոշումների կայացման գործընթացներում: Հանդիսանալով գյուղատնտեսության շարժիչ ուժը կանայք գրեթե չեն մասնակցում իրենց իսկ համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը, դրանով իսկ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից: 2015-ի տվյալներով հանրապետության 866 գյուղական համայնքներից ընդամենը 18-ն էին ղեկավարում կանայք (2%), գյուղական ավագանիների կազմում նրանց ընդգրկվծությունը ընդամենը 9,9 % էր: Ցավալի է, սակայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով էլ պատկերն էականորեն չի փոխվել:
Այս տարի ՄԱԿ-ը շեշտադրում է գյուղի կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման խնդիրը որպես կայուն զարգացման նպատակներին հասնելու վճռորոշ գործոն: Կայուն զարգացման ր նպատակների շրջանակում խնդիր է դրվում , կրկնապատկել գյուղատնտեսության արդյունավետությունը և սննդամթերքի փոքր արտադրողների, այդ թվում կին ֆերմերների եկամուտները: ՄԱԿ-Կանայք գործակալությունը դիտարկում է գյուղի կանանց որպես աղքատության դեմ պայքարի, պարենի արտադրության եւ ապահովման հարցում վճռորոշ մասնակիցներ:
Կայուն զարգացման 17 նպատակների տեսակետից գյուղաբնակ կանանց դերակատարումը կարևորվում է ոչ միայն գյուղատնտեսության կայուն զարգացման խթանման , աղքատության ու սովի վերացման, պարենային ապահովության ու բարելավված սնուցման / ԿԶՆ 1;2/ այլ մի շարք այլ նպատակների իրականացման հարցում : Դրանց թվում են ՝ սպառման և արտադրության կայուն մոդելների ապահովումը (ԿԶՆ 12 , կլիմայի փոփոխության հետ պայաքարը (ԿԶՆ 13), դիմակայուն ենթակառուցվածքների ստեղծումը (ԿԶՆ 9), օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը ՝ հանուն կայուն զարգացման (ԿԶՆ 14), ցամաքային էկոհամակարգերի պաշտպանությունը և վերականգնումը, անտառների կայուն կառավարումը, պայքարը անապատացման դեմ, շրջադարձային հողերի վատթարացման կասեցումը և կենսաբազմազանության կորստի դադարեցումը (ԿԶՆ 15) և այլ նպատակներ;
Իրականում գյուղի կանայք կարող են էապես կարևոր ներդրում ունենալ կայուն զարգացման ասպարեզում բոլոր 17 նպատակներին հաջողությամբ հասնելու գործում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այս տարվա ուղերձում Գյուղի կանանց օրվա կապակցությամբ հատկապես շեշտադրվում է գյուղի կանանց համար պարենի արտադրության նոր տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության դեպ պայքարի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հասանելիության խնդիրը: Այն կարեւոր նախապայման է գյուղի կանանց հնարավորությունների ընդլայնման համատեքստում :
Նշենք նաեւ, որ այս տարվա Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ը շեշտադրում է կլիմայի փոփոխության, կայուն գյուղատնտեսության և պարենային ու սնուցման ապահովության միջև սերտ կապը՝ առաջնորդվելով «Կլիման փոխվում է։ Պարենն ու գյուղատնտեսությունը նույնպես պետք է փոխվեն» ուղերձով: «Գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերը պետք է դառնան ավելի դիմակայուն, արտադրողական, ներառական և կայուն… Երկրները պետք է կլիմայի փոփոխության վերաբերյալ իրենց գործողությունների ազգային ծրագրերում անդրադառնան գյուղատնտեսությանն ու պարենին և ավելի շատ ներդրումներ կատարեն գյուղական վայրերի զարգացման ոլորտում: Այս հատվածներում նպատակաուղղված ներդրումները հնարավորություն կտան ստեղծել դիմակայունություն և մեծացնել փոքր ֆերմերների եկամուտն ու արտադրողականությունը՝ միլիոնավոր մարդկանց հանելով աղքատությունից », – ասված է Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի ուղերձում:
WomenNet.am
Դիտումների քանակը` 3367