Ներկայացվեց «Կանանց քաղաքական օրակարգը»
Մայիսի 3-ին Երևանի «Անի-Պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ներկայացրեց քաղաքական ուժերին իր կողմից ձեւավորված «Կանանց քաղաքական օրակարգը» ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի ընտրություններում: Հանդիպումը կայացավ կլոր սեղանի ֆորմատով, մասնակցում էին Ասոցիացաիայի մասնաճյուղերի ղեկավարներ և ակտիվիստներ, այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քաղաքական կուսակցությունների կողմից ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ և պատգամավորության թեկնածուներ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից, «Օրինաց երկիր» կուսակցությունից:
«Կանանց քաղաքական օրակարգը» նախորոք ուղարկվել էր ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցություններին՝ նրանց աջակցությունը բարձրացված խնդիրների լուծմանը պատրաստակամություն ցուցաբերելու ակնկալիքով, ինչը իր հերթին հնարավորություն կտա կանանց կողմնորոշվելու ընտրությունների ընթացքում:
Օրակարգում ընդգրկված հիմնական հարցադրումներն են.
- Ինչպիսին է Ձեր կուսակցության քաղաքականությունը աղքատության ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ:
- Եթե Ձեր կուսակցությունն ընտրություններում հաղթելու արդյունքում իշխանության գա. Ինչ ծրագրեր ունեք` ուղղված արտադրության այնպիսի ճյուղերի վերականգնմանը, ինչպիսիք են թեթեւ արւդյունաբերությունը, ճշգրիտ սարքաշինություն եւ ռադիոէլեկտրոնիկան:
- Ինչ գործնական քայլեր եք նախատեսում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու ուղղությամբ:
- Ինչ եք նախատեսել Ձեր կուսակցության ռազմավարության մեջ երկրի ժողովրդագրական իրավաիճակը բարելավելու ուղղույամբ:
- Համաձայն եք, որ հանրակրթության համակարգը լուրջ, բայց միանգամայն այլ սկզբունքներով վերակառուցման կարիք ունի: Ինչ քայլեր կձեռնարկի Ձեր կուսակցություն, որպեսզի կանխի հանրակրթության` ազգային շահերին չհամապատասխանող վերակառուցումը:
- Հազարամյակի զարգացման նպատակների կատաան շրջանականերում ՀՀ պարտավորվել է «մինչեւ 2015 թվականը ապահովել ՀՀ օրենսդիր մարմնի կազմում կին պատգամավորների առնվազն 25%-ի մասնաբաժին, իսկ համայնքների ղեկավարի պաշտոնում` կանանց ընդգրկվածխությունը հասցնել 10%-ի»: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր կուսակցության քաղաքականությունը` ուղղված քաղաքական և հայեցողական պաշտոններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանը, ի՞նչ է ձեռնարկելու Ձեր կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածությունը ավելացնելու համար:
Նշված բոլոր թեմաներին անդրադարձ եղավ կլոր սեղանի ընթացքում, սակայն առավել հետաքրքրական եւ բուռն քննարկվեց հենց վերջին կետը:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն իր բացման խոսքում հույս հայտնեց, որ նոր ձեւավորվող խորհրդարանում կանանց ձայնն ավելի լսելի կդառնա: «Ես կարեւորում եմ գենդերային քվոտայի բարձրացման հարցը, կուսակցությունների ընտրական ցուցակներում կանանց զբաղեցրած տեղերի հարցը: Մենք այս հարցը քննարկել ենք պատգամավորների հետ, միաժամանակ բարձրացրել ենք կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունները եւ իրավունքները օրենքի նախագծի վերջնական ընդունման հարցը»,-ասաց նա:
Նրա խոսքերով իրենք շարունակելու են իրենց ակտիվ գործունեությունը նաեւ նոր խորհրադարանում` աջակցություն հայտնելով կին պատգամավորներին: « ԱԺ-ում ներկայցված պետք է հասկանան, որ իենց թիկունքում կանանց խումբ է կանգնած»,-նշեց Ջ. Հասրաթյանը:
Քննարկման մասնակիցներին տրվեց հնարավորություն իրենց հարցերն ուղղել քաղաքական ուշերի ներկայացուցիրներին եւ ստանալ պատասխաններ:
Լսվեցին կարծիքներ, թե կանանց ներգրավվածության պակաս լինելը խորհրդարանում գալիս է նաեւ մեր մենթալիտետից: Այդուհանդերձ ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ այս դեպքերում լիովին կարող է կիրառելի լինել «դրական պարտադրանք» ասվածը, երբ հասարակությունն ինքը չի գիտակցում` որն է իր համար ավելի լավ, եւ ստիպված այդ դրականը նրան պարտադրվում է:
Անշուշտ, այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր չեղավ ամենայն մանրամասնությամբ քննարկել բոլոր բարձրացված հարցերը, սակայն բոլորն էլ համաձայն էին` կանայք ընտրազանգվածի կեսից ավելի են կազմում, հետեւաբար վերը նշված բոլոր հարցերին կարող են իրենք իրենց ընտրությամբ եւ այնուհետեւ հենց ԱԺ-ում ներկայցված կանանց միջոցով տալ դրական լուծումներ:
Կլոր սեղանն անցկացվել էր «Կանանց քաղաքական մասնակցությունը և քաղաքացիական նախաձեռնությունները. գենդերային հավասարության հասնելու հեռանկարները Հայաստանում» ծրագրի շրջանակներում` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համագործակցությամբ:
Մ.Մուղդուսյան
Դիտումների քանակը` 3771