Ընտրաբանավեճի են բռնվում միայն կանայք

Գաղտնիք  չէ, որ դեբատների կուլտուրան մեզանում դժվարությամբ  է արմատավորվում:  Քարոզարշավի ընթացքում կայացած  ընտրաբանավեճերի թիվը մատների վրա կարելի է հաշվել , առավել եւս բոլոր կուսակցությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ:   Պատճառաբանությունները տարբեր են, բայց  այնպես ստացվեց,  որ հավաքել կանանց  նույն տեղում եւ նույն ժամին  ավելի հեշտ եղավ , քան տղամարդկանց:  Համենայն դեպս, վերջերս   Երևանի «Կոնգրես» հյուրանոցում  կայացած կին  պատգամավորության թեկնածուների միջև ընտրաբանավեճը եզակի դեպք կարելի  է  համարել այն առումով, որ ներկա էին  ԱԺ ընտրություններին մասնակցող  բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին   «Կին առաջնորդ ֆորում»-ը և Ազգային ժողովրդավարության ինստիտուտը:  Ներկայացնելով բանավեճի որոշ դրվագներն  առանց մեկնաբանության նշենք, որ հնչեցված մի շարք դիտարկումներ  անշուշտ  լրացուցիչ  վերլուծության կարիք ունեն, բայց դա արդեն ընտրություններից  հետո…

 

«Բարձրացնենք կանանց դերը  քաղաքական կյանքում»

 

Սիմա Իսկանդարյան, «Միավորված հայեր»  կուսակցություն

 

– Թեպետ Հայաստանում  կանայք միշտ եղել են ազատ եւ տղամարդկանց հետ հավասար մասնակցել են կենսական խնդիրների լուծմանը, բայց դա չի վերաբերվում կանանց քաղաքական ներգրավվածությանը:  Հայաստանի հանրապետությունը չկարողացավ  ապահովել  սեռերի հավասարաչափ նեկայացվածությունը քաղաքական դաշտում եւ հասկանալով, որ տեսանելի ապագայում չի կարող հասնել  այդ հավասարությունը, որդեգրեց  կանանց նկատմամբ հովանավորչական մոտեցումն ու վերաբերմունքը: Վերջին քսան տարին պետությունը ճգնաժամային վիճակում էր գտնվում եւ դա իր համապատասխան ազդեցությունն ունեցավ նաեւ կանանց հիմնախնդիրների վրա, որնք  մղվեցին երկրորդ պլան: Այն ոլորտներում, որտեղ ներգրավված էին կանայք` կրթություն, մշակույթ, առողջապահություն, կնոջ աշխատավարձը չի ապահովում նվազագույն կենսական հարցերի ապահովման համար: Դրա համար էլ Հայաստանում նկատվում է աղքատության ֆեմինիզացում: Ելնելով այս ամենից կինը առավել քան երբեւիցե կարիք ունի ներգրավված լինելու քաղաքականությունում եւ դա ոչ միայն թղթի վրա այլ պրակտիկայում: Մեր նախընտրական ծրագրում ներառվել են մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են երիտասարդ ընտանիքին, միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական դերի բարձրացմանը:

 

 

Ժասմենա Ղեւոնդյան, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն.

 

–         Հայաստանը մեծ ընտանիք է: Այդ ընտանիքից մի տպավորություն եմ ստանում, որ մայրը, կինը բացակայում է, հայրը զբաղված է իր գործերով, շատ քիչ է լինում տանը, արդյունքում մեր մեծ տունը շատ կեղտոտ է, մեծ ու չարաճճի երեխաները խլել են փոքրերի հացը եւ չաղ ու բախտավոր շրջում են, իսկ փոքրերը լացակումած ման են գալիս: Սա է մեր հայոց ընտանիքիը տեսքը: Եթե կինը գա խորհրդարան, ապա պետք է սկսի մաքրությունից, դա հնարավոր է անել միայն օրենքներով: Շատերը եղել են Եվրոպայում եւ նախանձով են նայում այդ քաղաքների մաքրությանը: Եթե հայտնվեմ խորհրդարանում, ապա օրենքի ուժ կստանա քաղաքի մաքրության մասին օրենքը: Կանայք շատ գործ ունեն անելու, եւ կնոջ մասնակցությունը շատ կարեւոր է:

 

 

 

 

 

Դոնարա Նալբանդյան, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն.

 

–         Ուզում եմ համեմատություն անցկացնել կոմունիստական ժամանակաշրջանի եւ անկախ հանրապետության կանանց միջեւ: Խորհրդային իշխանության տարիներին կինը բարձր  պետական պաշտոններ էր զբաղեցնում, ղեկավարում տարբեր բնագավառներ, ներդրում ուներ երկրի կառավարման գործում: Կանայք իրենց դրսեւորում էին տղամարդկանց հետ հավասար, այսօր սակայն կինը անտեսված է: Չնայած մենք ունենք կանայք, ովքեր իրենց ներդրումն ունեն այս իշխանության մեջ, սակայն նրանք չնչին տոկոս են կազմում: Հիմա կանանց չեն վստահում, թե ինչո՞ւ, չես հասկանում: Կան խնդիրներ, որ կինը կարող է ավելի լավ ու ճիշտ լուծել քան տղամարդը, բայց վստահությունը քիչ է: Խտրականությունը մեծ տարածում է ստացել: Լինելով Կոմկուսի անդամ, ասեմ, որ մեր կուսակցության հիմնախնդիրներից մեկը երիտասարդ մասնագետ կանանց իրավունքների պաշտպանոթյան, ղեկավար պաշտոններում կանանց ներգրավման հարցերն են:

 

 

Էլինար Վարդանյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

 

–          Իրականում խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք մեր երեխաներին, հատկապես աղջիկներին դաստիարակում: Հիմնականում ուսումնական ծրագրերում աղջիկներին նախապատրաստում են մայր, կին լինելուն: Չեմ հիշում մի ծրագիր, որտեղ կնոջը ուղղորդեին  հասարակական քաղաքական ակտիվություն ցուցաբերել: Կինը պետք է լինի հեզ, իսկ  հասարակական կամ քաղաքական կյանքում կմասնակցի այնքանով որքանով թույլ կտա իր ժամանակը, կամ որքանով թույլ կտան ընտանիքի անդամները: Դասագրքերում բացառություն էր միայն Այծեմնիկի մասին պատմությունը, որտեղ կինը մարտնչողի դերում էր: Ունենք կարծրացած մտածելակերպը հաղթահարելու խնդիր:  Եւ պետք չէ քննադատել միայն տղամարդկանց, ասել, որ թույլ չեն տալիս մեզ աշխատել, գործել: Որքանո՞վ է ինքը կինը այսօր պատրաստ եւ ուզում մասնակցել քաղաքական կյանքին: ԲՀԿ-ն իր ծրագրում  կանանց հիմնախնդիրներին առանձին  գլուխ չունի, քանի որ մենք կանանց չեն առանձնացնում տղամարդկանցից եւ փորձում ենք լուծել տարբեր ոլորտներում առկա խնդիրները հավասարապես  կնոջ եւ տղամարդու համար: Մեր կուսկացությունը հիմնական շեշտը դնելու է զբաղվածության միջոցով արտագաղթը կանխելուն:

 

 

 

Նաիրա Կարապետյան,  Հայաստանի հանրապետական կուսակցություն

 

–         Ինչո՞ւ մենք գոյություն ունենք հինգ հազար տարի եւ ինչո՞ւ ենք մենք մինչ օրս կանգուն: Մեր հիմնական ձեռքբերումը հայ կինն է, որի շնորհիվ կանգուն է ազգը: Իմ խորին համոզմամբ, եթե կանայք ուզում են զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն ընտանիքում ամեն ինչ նորմալ է: Չցանկանալով վիրավորել նախորդ բանախոսներին, եկեք մենք` հայ կանայք փոխենք Ազգային ժողովը, ու եթե  ասում ենք էս ինչը վատ է կամ վատ բաներ շատ ունենք, եկեք դրանք փոխենք: Մենք ունենք ամենալավ երկիրը եւ ունենք ամենալավ հայրենիքը եւ մենք լավ Հայաստանի կրողն ենք, որ պետք է փոխանցենք սերունդներին: Հին հեթանոսական Հայաստանում գեղեցկության եւ ռազմի աստվածուհիներ են եղել , եւ կանայք միշտ օգտագործել են  իրենց ներուժը: Եւ այսօր կինը հասարակական ակտիվությունից պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ:

 

 

 

 

Իզաբելլա Աբգարյան, «Ժառանգություն» կուսակցություն

 

–         Պատիվ ունեմ ներկայացնելու մի քաղաքական ուժ, որը կին-տղամարդ հավասարության մարմնավորումն է: Կին պատգամավորներն աշխատել են տղամարդկանց հետ հավասար, երբեմն ավելի եռանդուն ու ակտիվ եւ նրանց հաջողվել է նոր մոդել ձեւավորել խորհրդարանում: Դա նոր կին պատգամավորի մոդելն է.  Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան: Այս կանայք ոչ միայն ցույց են տվել, թե ինչի են ունակ, այլեւ ոգենչել են բազմաթիվ այլ կանանց` հավատալու սեփական ուժերին: Այդ կանանցից մեկն էլ ես եմ, որ ոտք եմ դնում քաղաքականություն` շարունակելու  նրանց ձեռք բերած հաջողությունները: Մեզ համար կին-տղամարդ սեգրեդացիան անընդունելի է:

Նախընտրական ծրագիրը կազմելիս սեռային տարբերությունը հաշվի չի առնվել, ծրագրի հիմքում բոլորի համար հավասար հնարավորությունների դրույթն է: Հայ կինը ստիպված է լինում ընտրություն կատարել աշխատանքային գործունեության եւ ընտանիքի միջեւ: Առավել ցավալի է, երբ կինը ստիպված է լինում նոիյնիսկ հրաժարվել մայրանալուց, քանի որ չի կարող կորցնել գումար վաստակելու հնարավորությունը: «Ժառանգությունն» ունի այս խնդրի լուծումը, մենք առաջարկում են փոփոխություն մտցնել աշխատանքային օրենսգրքում, լրացուցիչ մեխանիզմներ հաղորդելու երիտասարդ ընտանիքներին, որ չտուժեն կանանց աշխատանքային իրավունքները:

 

 

Նվարդ Մանասյան, Հայ հեղափոխական դաշնակցություն

 

–          Մեր պլատֆորմը ոչ ֆորմալ անվանում ենք ֆեմինիստական: Մենք առաջարկում ենք կնոջը տնտեսական լծակներ, որովհետև առանց դրանց նրա ներգրավվածությունը քաղաքական կյանքին անհնար է : Տնտեսական զարգացման մեր ծրագիրը հնարավորություն է տալիս, որ կանայք չվախենան եւ արդյունաբերական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեն:
Նաեւ, մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ կան չհանգուցալուծված կոնֆիլկտներ, իսկ կանանց դերը կոնֆլիկտների հարթեցման հարցում շատ մեծ է:

 

 

 

Մարինե Քոչարյան, Օրինաց Երկիր կուսակցություն

 

–          Սահմանադրությամբ կանայք եւ տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն, բայց կա նաեւ հնարավորությունների խնդիր, ասենք,  կանայք չեն զբաղեցնում որոշակի պաշտոններ: Պետք է կարծրատիպերը կարողանանք հաղթահարել, հետո առաջ քաշենք այդ հարցերը: Մեր կուսակցության անդամների 60 տոկոսը կանայք են:  Տարիների ընթացքում կուսակցությունը երկու հարյուր օրենքների հեղինակ է դարձել: Ուզում եմ հիշեցնել, որ դրանց թվում է մանկապատեզների օտարումը արգելելու վերաբերյալ օրենքը, որի շնորհիվ այլեւս չի կարելի վաճառել մանկապարտեզների շենքերը: Բայց մինչ այդ շատ շենքեր վաճառվեցին, օրինակ,  մեր թաղամասում երկու մանկապարտեզից մեկն է գործում, մյուսը փակ է եւ աստված գիտի, թե ումն է: Իսկ մյուս մանկապարտեզում մարդիկ հերթի են կանգնած…

 

 

 

 

Լիլիթ Մակունց,  Հայ ազգային կոնգրես

 

–         Հայ Ազգային կոնգրեսի ցուցակում կա երկու կուսակցությունների ղեկավարներ, երկու կին քաղաքական խորհրդի անդամներ: Մեր դաշինքում կանայք ոչ թե կցորդ են կամ ստորադաս, այլ` որոշում կայացնող: Հնչեցին շատ հայրենասեր ելույթներ, որոնց հետ ես համաձայն եմ, սակայն այն կուսակցությունները, որ եղել են խորհրդարանում եւ կարող էին վերացնել աղքատությունը, որը կրում էին կանայք իրենց վրա,  դա չեն արել, ցավոք սրտի: Կանայք, որոնք պետք է մնան այս երկրում, հոգ տանեն ու չարտագաղթեն, այսօր ընդամենը առաջին երկու երեխայի համար ստանում են ավելի քան հիսուն հազար դրամ: Այս հարցերը մեր հարյուր քայլում ներկայացված են: Կցանկանայի նաեւ նշել, որ ՀԱԿ քաղաքականության հիմնաքարը մենաշնորհի վերացումն է, ոչ միայն տնտեսական այլեւ քաղաքական, որովհետեւ այս երկուսը խստիվ փոխկապակցված են: Կինը տղամարդկանց կողմից օգտագործվում է  որպես անվայել արարքների գործիք: Հիմնական կեղծիքները` ընտրակեղծիքը, կանանց ձեռքերով է արվում, ինչը ինձ համար ցավոտ թեմա է: Սահմանադրության խախտումները նույնպես կատարվել են կանանց ձեռքերով եւ ես կցանկանայի, որ մենք մեզ ավելի շատ գնահատենք եւ ստիպենք բոլորին հարգել մեզ եւ դրանով առավել բարձրացնենք կանանց դերը հասարակական եւ քաղաքական կյանքում:

 

 

 

«Բոլորն էլ պետք է  համարձակություն ունենան»

 

Ինչպիսին է ձեր կրթվածության մակարդակը, ի՞նչ գործունեություն եք ծավալել, որ համարձակվել եք մտնել քաղաքական դաշտ:

 

 

Լիլիթ Մակունց, Հայ Ազգային Կոնգրես

–         Ես լեզվաբան եմ, գրում եմ թեկնածուական: Ինչ վերաբերում է` ինչպե՞ս եմ համարձակվել, բոլորը պետք է  համարձակություն ունենան ներդրում ունենալ քաղաքացիական հասարակության մեջ եւ որեւէ բան փոխել:

Հարց տեղից . Կթվորներն էլ??

–         Այո, եթե նա կարող է  ինչ-որ կերպ փոխել, ապա այո: Եթե նա որեւէ կերպ կբարելավի հայ հասարակության կենսամակարդակը, միանշանակ կթվորուհին էլ:

 

Դոնարա Նալբանդյան, Կոմկուս

–         Ավարտել եմ ժողտնտեսական ինստիտուտը, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, քաղաքականության մեջ եմ 1990 թ. Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղարի պարտականություններն եմ կատարում:

 

Նվարդ Մանասյան, Դաշնակցություն

–         Պետք չէ այդքան խստապահանջ լինել կանանց նկատմամբ: Ես կիբեռնետիկ եմ, ունեմ երկու մագիստրոսական կոչում` մեկը քաղաքականության մյուսը հանրային քաղաքականության ոլորտում, դասավանդում եմ   Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կրթության կառավարման ամբիոնում:

 

Էլինար Վարդանյան, Բարգավաճ Հայաստան

–         Իրավաբան եմ, շուտով թեզս կպաշտպանեմ, փաստաբանների պալատի անդամ եմ, սպասարկել եմ միջազգային բազմաթիվ ընկերություններ, աշխատել եմ ՀՀ գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների հետ, վերջին երեք տարիներին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կրթամշակութային ծրագրերի համակարգողն եմ:

 

Սիմա Իսկանդարյան, « Միավորված հայեր»

–          Իրավաբան եմ, շուտով թեկնածուական կպաշտպանեմ, Փաստաբանների պալատի անդամ եմ, տասնմեկ տարվա դասախոսական ստաժ ունեմ:

 

Իզաբելլա Աբգարյան, «Ժառանգություն»

-Ինձ որպես բլոգեր են ներկայացնում, բայց ավարտել եմ ԵՊՀ ռոմանո-գերմանական ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի բաժինը: Աշխատել եմ հանրային հեռուստատեսությունում: Վեց տարի  ֆրանսերեն եմ դասավանդել Հրաչյա Աճառյան համալսարանում, միեւնույն ժամանակ տասնհինգ տարի ֆրանսերենի սինխրոն թարգմանությամբ են զբաղվում, նեղ մասնագիտությունս՝ իրավաբանական թարգմանությունն է: Ֆրանսերեն-հայերեն իրավաբանական բառարանի հեղինակն եմ:

 

Նաիրա Կարապետյան, ՀՀԿ

–         Ունեմ դիվանագիտական կրթություն, ավարտել եմ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, սովորել եմ Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում, քաղաքական հմտությունների զարգացման  ուղղությամբ,  ՄԻԱԿ՝ Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության  արտաքին և հանրային կապերի գծով քարտուղարն եմ:

 

Ժասմինա Ղեւոնդյան, ՀԴԿ

–           Քսան տարի աշխատել եմ էներգետիկ համակարգում, եղել եմ էներգետիկայի նախարարությունում մամուլի քարտուղար, աշխատել եմ հանրային հեռուստատեսությունում: Հիմնել եմ «Ներուժ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, եղել եմ «Միր» հեռուստաընկերության թղթակից: Փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ եմ:

 

Մարինե Քոչարյան, ՕԵԿ

–         Ավարտել եմ Բրյուսով անվան ինստիտուտը, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ եմ, դպրոցի տնօրեն եմ:

 

Հասմիկ Հարությունյան

Դիտեք նաեւ տեսանյութը մեր կայքում.

Բանավիճում են միայն կանայք

 

Դիտումների քանակը` 9695

Գլխավոր էջ