Մայիսմեկյան մտորումներ կանանց իրավունքների շուրջ

Մայիսի 1-ը  երեւի թե հարմար առիթ է աշխատանքի շուկայում կանանց հիմնախնդիրներին անդրադառնալու համար: Թեման ավելի քան արդիական է կանանց միջազգային շարժման համար՝ այս տարվա ապրիլի 19-22-ը  AWID ի  12-րդ համաշխարհային ֆորումի համատեքստում, որը անցավ «Վերափոխե՝նք տնտեսական իշխանությունը  ի նպաստ  կանանց իրավունքների և արդարության» վերնագրի ներքո:

 

Կանանց  տնտեսական  հիմնախնդիրների բազմազանության  մեջ  ֆորումում  քննարկվեցին  նաեւ նրանց աշխատանքային իրավունքները  եւ այս առումով ամենատպավորիչը  ՄԱԿ-ի հայտնի տվյալներն են.

– կանայք կազմում են աշխարհի բնակչության 1/2-ը,

– կատարում են (ըստ ժամանակի) աշխարհում բոլոր աշխատանքների 2/3-ը,

– վաստակում են աշխարհի բոլոր եկամուտների 1/10-ը,

– տիրապետում են աշխարհի ողջ սեփականության 1/100-ին:

 

Թվերի հետ չես վիճի, այս իմաստով դրանք երկաթե փաստարկ են այն ավանդական վեճում, թե արդյոք գոյություն ունի՞ կանանց խտրականություն աշխատանքի շուկայում: Ենթադրել, թե Հայաստանն այս իմաստով երջանիկ բացառություն է, առնվազն պարզամտություն է: Այլ հարց է, որ այն կարելի է համարձակ դասել այն երկրների շարքը, որտեղ խտրականության դրսեւորումները  չեն գիտակցվում և չեն նկատվում: Ընդ որում՝ բոլոր ոլորտներում, լինի տնտեսության թե քաղաքականության մեջ: Մինչդեռ ակնհայտ է,  որ կանանց մասնագիտական կարիերան խոչընդոտվում է այն նույն պատճառներով, որոնցով կանգ է առնում է նրանց առաջընթացը քաղաքականության մեջ: Փորձագետները պնդում են, որ խնդրի ակունքները հասկանալու համար կանայք պետք է իրենցից սկսեն: Գուցե եւ այդպես է, բայց  չմոռանանք դրանից անմիջապես հետո հարցնել, թե ի՛նչ պետք է անի պետությունը խտրականության հակումը իր քաղաքացիների պատկերացումներում  և կյանքում հաղթահարելու համար:

 

Արդյոք երբևէ մտածել եք, թե ինչո՞ւ ծննդատան պատերի մոտ անհամբերությամբ բարի լուրի սպասող երջանիկ հայրիկները տարբեր կերպ են «շնորհակալություն»  հայտնում լուրը բերող բուժքույրերին: Նրա խալաթի գրպանի մեջ դրված մաղարիչը, անկախ հայրերի նյութական հնարավորություններից, տղայի դեպքում ավելի մեծ է, քան աղջկա: Ստացվում է, որ ամեն ինչ սկսվում է հենց այդ պահից, և մենք հենց ծննդյան պահից որոշում ենք մարդու  «արժեքը»՝  ելնելով նրա սեռից:  Ավելին, ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ  «աղջիկ թե՞ տղա» հարցը դադարել է գաղտնիք լինելուց ծննդաբերությունից շատ առաջ, փորձում ենք սեռային հատկանիշով նաեւ որոշել ապագա երեխայի լինել-չլինելու հարցը… Ցավոք, մեզանում այս ամոթալի երեւույթի առկայության մասին արդեն հետազոտություններն են փաստում:

 

Նման երեւույթները  ավելորդ անգամ ապացուցում են ՝ աշխարհը  տղային ու աղջկան տարբեր սպասումներով է դիմավորում: Ինչպես նկատել է գործընկերուհիներիցս  մեկը՝ եթե ծննդատանից դուրս բերելիս քո բարուրը կապեցին երկնագույն ժապավենով, նշանակում է՝ քեզ համար հաստատ կոնստրուկտոր կգնեն և կթույլատրեն հայրիկի հետ մեքենան նորոգել: Վարդագույնով կապեցին՝ սպասիր  Բարբի տիկնիկին և «Սիրո երկիր, հույսի երկիր» հեռուստասերիալը տատիկի հետ միասին նայելուն»… Այս առումով երեւի թե արժե հիշատակել նաեւ  հայրենի սերիալները, որոնք  սերտ կապակցված են  կամ «դժբախտ երջանկության» կամ «դժվար ապրուստի» հետ , այնպես որ   աղջիկների հետագա կյանքը հատկապես այդ ուղղությամբ  ծրագրավորելու երեւակայությունն անսպառ է …

 

Վերադառնանք սակայն աշխատանքի շուկային եւ փաստենք, որ պաշտոնական վիճակագրության տվյալներով՝  Հայաստանում կանանց աշխատավարձը գրեթե 40%ով տղամարդկանցից պակաս է: Եվրոպայում այս տարբերությունը կազմում է 15%, ԱՄՆ-ում՝ 10%, Ռուսաստանում, եթե դա որևէ մեկին կարող է մխիթարել, գրեթե նույնքան է խզումը, որքան մեզանում: Ընդ որում,  հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն սկզբունքը ամենևին չի պաշտպանում կանանց որևէ խտրականությունից աշխատավարձի առումով, քանի որ կանայք հիմնականում  աշխատում են առավել ցածր վարձատրվող պաշտոններում եւ բնագավառներում:

 

Աշխատանքի շուկայում գոյություն ունեն նաև անհավասարություն ձևավորող այլ, ավելի թաքնված մեխանիզմներ, որոնց մասին կանայք երբեմն գլխի էլ չեն ընկնում: Իմ ծանոթներից մեկը պատմում էր, թե ուժեղ ցնցում է ապրել, երբ պատահաբար իմացել է, որ աշխատանքի նկատմամբ բացարձակ  անբարեխիղճ իր գործընկերը, որի փոխարեն նա երկու տարի հաճախ լրացուցիչ աշխատել է, այդ ամբողջ ընթացքում իրենից ավելի շատ աշխատավարձ է ստացել:

 

Ինչո՞ւ կանանց ավելի հեշտ է լրիվ չվճարել, քան տղամարդկանց: Հոգեբանները կարծում են, որ հաճախ աշխատավարձն ուղղակիորեն կախված է ինքնագնահատականից: Թեև կանայք ավելի պարտաճանաչ են և առավել պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, նրանք իրենց ավելի ցածր են գնահատում և պատրաստ են աշխատել ավելի քիչ փողի դիմաց: Կանանց աշխատանքի թերագնահատման այս ավանդույթը հիմնվում է այն կարծրատիպի վրա, ըստ որի տղամարդիկ ավելի լավ են աշխատում, նրանք ավելի նախաձեռնող և շարժունակ են: Դրան նպաստում է նաև «տնային տնտեսությունը». կնոջ աշխատանքը տնային տնտեսությունում սովորաբար անվճար է, և հասարակությունն սկսում է մտածել, թե կանանց պարզապես բնորոշ է շատ բան անվճար անելը: Կարծես թե՝ դա նրանց էությունն է:

 

 

Եթե փորձենք ընդհանրացնել պատճառների ողջ սպեկտրը, ըստ որոնց աշխատանքի շուկան այնքան էլ բարյացակամ չէ գեղեցիկ սեռի նկատմամբ, ապա կստացվի «երկու կրակի» տարբերակը: Մի կողմից՝ այսպես կոչված «ապակե առաստաղ», որից բարձր կարիերայի ձգտող կանանց պարզապես թույլ չեն տալիս շարժվել: Մյուս կողմից՝ «կպչուն հատակ», որից անկարող են պոկվել այն կանայք, որոնց մոտ առողջ կարիերիզմի նշանները կամ ի սկզբանե բացակայում են, կամ չափից ավելի պատասխանատվության զգացման զոհ են դառնում: Հաճախ նրանք հոժարակամ հանձնում են իրենց դիրքերն աշխատանքի շուկայում՝ ենթադրելով, որ ամուսնու աշխատանքն ավելի կարևոր է, քան իրենը:

 

 

«Ես համաձայն եմ չաշխատել, միայն թե ամուսնուս կարգին աշխատավարձ վճարեն». իր տնտեսական իրավունքները ամուսնուն լիազորելու  պատրաստակամությունը մեզանում բավականաչափ տարածված վարքագծի մոդել է: Մի շարք դեպքերում ընտանիքի մայրը հրաժարվում է աշխատանքից, որովհետև ընտանիքի համար ավելի «էժան» է տնային տնտեսուհի լինել. չաշխատող մայրն աշխատավարձ չի ստանում, սակայն նա նաև անհամեմատ քիչ է ծախսում:

 

Կանանց նկատմամբ խտրականության իրենց լուման ունեն նաև գործատուները, ովքեր աշխատանքի չեն ընդունում փոքր երեխա ունեցող կանանց, քանի որ մեծ է հավանականությունը, որ նրանք ավելի հաճախ աշխատանքից կբացակայեն: Երիտասարդ չամուսնացած աղջիկներով էլ շուկան այնքան հետաքրքրված չէ, քանի որ նրանք շուտով պիտի ամուսնանան և մայրանան: Չարժի փորձեն աշխատանքի տեղավորվել հղի կանայք. Աշխատանքային օրենսգրքի վկայակոչումները չեն օգնի, իսկ դատարանի հետ գործ նրանք, միևնույն է, չեն ունենա: Նախակենսաթոշակային տարիքի կանանց համար դեպի աշխատանք ճանապարհը նույնպես արգելափակված  է… Մի խոսքով՝ կինն այսօր անմրցունակ է աշխատանքի շուկայում, ու դա ոչ միայն նրա պրոբլեմն է:  Սա ողջ հասարակության, երկրի  հիմնախնդիրն է: Ու երբ սա հասկանանք, մանկապարտեզում երեխաներին խնամող կինը կենդանաբանական այգում կապիկներին հետեւող  տղամարդուց ավելի քիչ աշխատավարձ չի ստանա:

 

Թամարա Հովնաթանյան

 

 

Լուսանկարը Լարա Ահարոնյանի՝

AWID  Ֆորումի մասնակիցների երթը  Ստամբուլում 

տնտեսական եւ սոցիալական արդարության պահանջներով :

Դիտումների քանակը` 4121

Գլխավոր էջ