Կարգախոսված է, ինչպե՞ս կարվի

Քարոզարշավը մոտենում է իր ավարտին եւ արդեն հասցրել է հստակեցնել խորհրդարանում ներկայություն ապահովելու համար քաղաքական ուժերի եւ ամենատարբեր անձերի գործադրած ջանքերն ու միջոցները՝ անկախ  կարգախոսի տեսքով ձեւակերպված  նպատակներից։ Այնուամենայնիվ, անդրադառնանք մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության 11 կին թեկնածուների կարգախոսներին։

 

 

Դրանցից ոչ մեկը «կանացի» անվանել չի լինի եւ գուցե այդպես էլ պետք է լինի՝ սթափ եւ ճկուն մտածողությունը սեռային պատկանելիություն չունի :   Առավելաբար տարածված է  տվյալ թեկնածուի մասնագիտական հնարավորություններն ու քաղաքականությունում անելիքի փոխաբերական կամ խիստ հասցեական ձեւակերպումը։ Միաժամանակ այն ներառում է տվյալ թեկնածուի մարդկային նկարագրի ու գործելակերպի տարրերը մատնանշելու գործառույթ։ Այսինքն, ընդհանուր առմամբ, դրսեւորվել է պրոֆեսիոնալ՝ ընթերցողին ներկայանալու-վստահություն շահելու մոտեցում։

 

 

Պատգամավորության թեկնածու՝ “168 ժամ” օրաթերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ասում է.Խմբագրենք Ազգային ժողովը։ Նույն՝ թիվ 4 ընտրատարածքում առաջադրված մյուս կին թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը, ինչպես եւ իր ներկայացրած կուսակցությունը՝ “Ժառանգությունը”, հայտարարում է իր գալստյան մասին՝ ասելով. “Գալիս եմ արդարության համար”։ Նշյալ թեկնածուներից մեկը փաստորեն կոչ է անում, մյուսը՝ տեղեկացնում։ Ըստ էության, առաջինում համատեղ ուժերով աշխատելու պատրաստակամ առաջարկության տարր կա, երրկրորդում՝ սեփական ջանքերը ներդնելով, հովանի հանդիսանալու պատրաստակամ վստահության տարր։

 

 

Պակաս հետքրքրական չէ  կրկին “Ժառանգությունից” ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի եւ այս անգամ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի կարգախոսների բախումը թիվ 12 ընտրատարածքում ։ Եթե մանկավարժական երկարամյա արդյունավետ աշխատանքային փորձ ունեցող Բախշյանը, օգտվելով հարազատ կուսակցության կարգախոսից, ճշգրտում է. “Գալիս եմ որակյալ կրթության համար”, ապա լրագրող Վեզիրյանը, հիմնվելով լրագրական աշխատանքում սեփական սկզբունքի վրա, վճռականորեն պնդում է. “Պարտադրիր քո կամքը ՝ իշխանությունը դու ես”։  Թեեւ նույն ընտրատարածքում թեկնածություն առաջադրած կանանց  կարգախոսների հենքը մասնագիտական փորձառությունն է եւ բխում է հասարակության համար կյանքի այլ որակ ապահովելու նպատակից, այնուամենայնիվ առանցքային տարբերություն ունի. առաջինում տեղեկացում է, երկրորդում՝ կոչ, որում գերակշիռը պարտադրանքն է։

 

 

“Ինթերնեյշնլ Մասիս տաբակ” ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը, առաջադրվելով թիվ 4 ընտրատարածքում, մտադիր է արմատական փոփոխություն նախաձեռնել։ Թեկնածուի  կարգախոսն է “Աշխատանք եւ արժանապետիվ կյանք”, որի բովանդակությունը գոնե խոսքի մակարդակում կարեւորելն արդեն ավանդաբար մի նախընտրական փուլից մյուսն է փոխանցվում։

 

 

 

Գլոբալ փոփոխությունը նպատակ արած մի թեկնածու էլ՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, որ խորհրդարանում ներկա լինելու համար պայքարելու է թիվ 11 ընտրատարածքում, օրենքի Հայաստան է ուզում կառուցել ինչի համար դիմում է ընտրողին`«Վստահիր, որ կառուցենք օրենքի Հայաստան»։

 

 

 

Թիվ 32 ընտրատարածքում առաջադրված Օֆելյա Վահանյանի կարգախոսն էլ մաղթանք է հիշեցնում. «Ապրենք արժանապատիվ»։ Ու քանի որ անգամ մեծագույն, անհաղթահարելի ցանկության դեպքում անհնար կլինի, որ արթնանաք ու հենց վաղվանից այլեւս սկսենք արժանապատիվ ապրել, ՀՀԿ-ն մտածել, ելքը գտել ու այն կարգախոս արած, ասում է. «Հավատանք, որ փոխենք»։  Ասվածից տարբեր չէ, նույնական է ՀՀԿ առաջադրմամբ թիվ 17 ընտրատարածքում հանդես եկող Կարինե Պողոսյանի կարգախոսը։

 

 

 

«Փոխվեք, որ հավատանք»։  Չէ սա էլ բառախաղ չէ, կարգախոս է, որ տեղին ու շատ արդիական է համարել թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված Նարինե Մովսիսյանը եւ ըստ ամենայնի ոչ միայն նա։

 

 

Վիոլետա Պետրոսյանը, որ առաջադրվել է թիվ 13 ընրատարածքում, ՀԱԿ-ի «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսին է տեր, բայց անհատապես հոգեհարազատ է համարում եւ որպես անհատական մոտեցում կարեւորում է «Հայաստան անունով մեր տունը կառուցենք» կոչը, որի իրագործմանը նպաստել է Հայաստան համահայկական հիմնդրամում աշխատելով։ Հուսանք, որ հետագա աշխատանքի  ընթացքում երկու կարգախոսից կընտրվի կառուցողականը:

 

 

 

Թիվ 1 ընտրատարծքում ինքնառաջադրմամբ պատգամավորական աշխատանք իրականացնելու իր ցանկությունն է հայտնել լրագրող Գայնանե Առուստամյանը, որի Քվեարկիր, որ չպարտվես  կարգախոսն, ըստ էության, ՀԱԿ-ի կարգախոսի  ավելի մեղմ ու ընդհանրական վերաձեւակերպումն է:

 

 

Անդրադարձն հստակեցրեց քաղաքականությունում արդեն իսկ իրենց բառ ու բանը միտքն ու գործը դրսեւորած եւ դեռ այդ փորձն անող տիկնանց ձգտումների ուժգնույթունը եւ ուղղությունը, որ առանձնապես չի տարբերվում ոչ սեռակից թեկնածուների ասած-արածից, բայց վստահաբար փոխլրացնող է ու պահանջված։

 

 

Նանա Պետրոսյան 

Դիտումների քանակը` 4425

Գլխավոր էջ