«Ես նորեկ եմ ես այս գործընթացներում»…
«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 16 հորիզոնականն զբաղեցնող Նատալյա Ադամյանի անունը հանրությանը ծանոթ չէ՝ նա առաջին քայլերն է անում դեպի քաղաքականություն: Մասնագիտությամբ իրավաբան է, Հայաստանում կրթություն ստանալուց հետո այն շարունակել է Բելգիայում` Անտվերպենի համալսարանում, աշխատել է ՄԻՊ գրասենյակում, իսկ բոլորովին վերջերս որոշել է քաղաքականություն մուտք գործել: Բնականաբար առաջին հարցը, ինչո՞ւ երիտասարդ աղջիկը նման որոշում ընդունեց:
-Ես սեռերի միջեւ տարբերություն չեմ դնում, կարեւորը ցանկացած թեկնածուի անցած ճանապարհն ու գիտելիքներն են: Որոշեցի ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել, որովհետեւ մեր բոլորիս ապագան կախված է այսօրվա երիտասարդների աշխատանքից եւ մեր ակտիվությունից: Մենք պետք է լինենք մեր հայրենիքի տերը եւ իսկապես օրինաց երկիր կառուցենք: Կարծում եմ, ՕԵԿ ցուցակում ընդգրկված ցանկացած անդամ կանի առավելագույնը, որ ունենանք լավ արդյունքներ:
–Հանրությունը Ձեզ չի ճանաչում, ծանոթանալով ՕԵԿ համասնական ցուցակին եւ տեսնելով անծանոթ անուններ, ընտրողն ինչո՞ւ պետք է քվեարկի ձեր օգտին:
-Ճիշտ է, ցուցակում ընդգրկված են նոր երիտասարդներ, որոնց միգուցե հանրությունը չի ճանաչում, բայց «Օրինաց Երկիր» կուսակցությանը շատ լավ բոլորը ճանաչում են: Նա ունի տասնհիգ տարվա պատմություն եւ իր անցած ճանապարհով ցույց է տվել, թե որքան գործ է արել եւ որքան գործ ունի անելու, իսկ համամասնականի դեպքում քվեարկում են ոչ թե կոնկրետ թեկնածուի, այլ կուսակցության օգտին:
–Դուք որպես այդ երիտասարդներից մեկը, ինչպե՞ս եք տեսնում հենց Ձեր դերակատարությունը քաղաաքական գործընթացներում եւ խորհրդարանական աշխատանքում:
-Ես նորեկ եմ ես այս գործընթացներում, երբեւէ չեմ զբաղվել քաղաքականությամբ, ընդգրկված չեմ եղել որեւէ կուսակցության մեջ, բայց այսօր որոշել եմ լինել ավելի ակտիվ եւ նախաձեռնող: Որոշակի փորձ եմ ձեռք բերել իմ աշխատանքի ընթացքում, հատկապես մարդու իրավունքների ոլորտում եւ կարծում եմ, որ կկարողանամ ձեռք բերած փորձս ու գիտելիքներս ի սպաս դնել մեր հայրենիքի զարգացմանը:
-Իսկ ե՞րբ եք անդամագրվել ՕԵԿ շարքերը եւ ի՞նչը դրդեց Ձեզ, որ կուսակցական դառնաք: Ձեր նշած ակտիվությունը որպես անհատ գործիչ իրագործելու հնարավորություն չունեի՞ք:
-Կուսակցության շարքերն անդամագրվել եմ վերջերս, ոչ այնքան վաղուց: Ինձ հատկապես ուշագրավ էր օրենսդիր ոլորտում ՕԵԿ-ի անցած ուղին: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ եւ ինձ հետաքրքրեցին այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հեղինակն ու համահեղինակն է հանդիսացել ՕԵԿ-ը: Ցանկը տպավորիչ էր . տասնհինգ տարիների ընթացքում շուրջ երկու հարյուր օրենսդրական նախաձեռնության հեղինակ եւ համահեղինակ է հանդիսացել կուսակցությունը, իսկ դա բավականին ծանր եւ լուրջ աշխատանք է, ուստի, որպես իրավաբան ես նաեւ այդ գործընթացներում կարող եմ մասնակցություն ունենալ:
–Ձեր կարծիքով այսօր քաղաքական գործիչն անպայման որեւէ կուսակցության անդա՞մ պետք է լինի, որպեսզի կարողանա դրսեւորել իրեն:
-Ոչ, դա պարտադիր պահանջ չէ: Ամեն մեկն ընտրում է իր ուղին եւ ճանապարհը եւ ազատ է իր ընտրության մեջ:
Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 4557