Հայ կանանց «վարքն առ հավերժության»
Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012թ. գրքի մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների շրջանակներում ` ապրիլի 23-ին Օղակաձև զբոսայգու Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում տեղի ունեցավ ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» քանդակի բացումը: Արձանի բացմանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բրոնզաձույլ, 3 մետր բարձրությամբ այս արձանը կոչված է մեծարելու հայ կնոջըՙ ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած բացառիկ դերակատարման համար: «Վարք հավերժության» քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը:
Այն գրվել և ծաղկվել է 1200-1202 թթ. Երզնկայի Ավագ վանքում` Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը` Ստեփանոսը: «Մշո ճառընտիրը» ի սկզբանե ունեցել է 660 թերթ (չափսերը` 55.5 x 70 սմ): Մատյանը մշակվել է 1 ամսական հորթի կաշվից, քաշը 28 կիլոգրամ է: Մինչև 1915 թ. ձեռագիրը պահվել է Մշո Առաքելոց վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայուհիներ մատյանը երկու մասի են բաժանել (ծանր լինելու պատճառով) և շալակած հասցրել Հայաստան:
Երևանցին խոստովանում է՝ ստեղծագործելիս ոգեշնչվում է գեղեցկությունից, հայրենասիրությունից, սիրուց ու գեղեցիկ կնոջից, սակայն այս քանդակը ստեղծելիս բացառապես ոգեշնչվել է Չարենցով: «Ես կարող էի այլ լուծում տալ, սակայն հիշելով Չարենցի միասնական հաղթանակի գաղափարը, հենց այս քանդակը ստացաՙ կանայք բաժանում են գիրքը ու մեջք մեջքի կանգնած, միասնական ջանքերով փրկում հայոց հավատքի վաղվա լուսաբացը», ասում է Երևանցին:
«Նրանց քայլն ուղղված է հավերժության: Սա ոչ այլ ինչ է, քան անձնվեր հայ կանանց վարքն առ հավերժության», հուշարձանի բացմանն ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հավելելով, որ հայը միշտ սրբությամբ է վերաբերվել իր ձեռագրերին և մարդիկ հաճախ դժվարին պահերին փրկել ոչ թե տարիների ընթացքում կուտակած հարստությունը, այլ հոգևոր արժեքները, գրքերը, քանի որ այնտեղ էին ամրագրված հայ լեզուն, մտածողությունը, ազգային ինքնությունն ու հարատևելու յուրահատուկ կոդը :
Քանդակը Դավիթ Երևանցու նվերն է Մայր Հայաստանին: Այն ձուլվել է Պրահայում (Չեխիա)` մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ: Արձանի ճարտարապետն է Ռուբեն Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը (առանց կազմի, երկու մասի բաժանված) պահվում է Երևանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում, 17–ը` Վենետիկում:
Հ.Հ.
Դիտումների քանակը` 7563