«Ապացուցենք՝ ինչի՛ է ընդունակ մայրիշխանությունը»

Վայոց ձորի հինգ գյուղերում «ՕՔՍՖԱՄ»-ի «Կայուն կենսապահովում» ծրագրի շրջանակներում հիմնված կոոպերատիվներից երկուսը Եղեգիսում և Հերմոնում ղեկավարում են կանայք:

 

Հերմոնը մարզի ամենաաղքատ համայնքներից է՝ բնակեցված փախստականներով: Նաիրա Մնացականյանն արդեն 15 տարի է, ինչ ապրում է Հերմոնում: Լինելով մանկավարժ՝ 10 տարուց ավելի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ և այգեգործությամբ: Գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահի պաշտոնը նա ստանձնեց համագյուղացիների առաջադրմամբ: Նա մեծ փորձառություն ունի գյուղատնտեսության ոլորտում, իր աշխատասիրության և նախաձեռնողության շնորհիվ կարողանում է համախմբել ու իր հետևից տանել մարդկանց:

 

«Մեր կոպերատիվի անդամները բացառապես կանայք են, ու այդ փաստը մեզ ավելին ու լավն անելու ուժ է հաղորդում: Պետք է ապացուցենք՝ ի՛նչի է ընդունակ մայրիշխանությունը»,- կատակում է Նաիրա Մնացականյանը:

 

Մեկ տարի է՝ ինչ կազմավորվել է կոոպերատիվը, սակայն նշանակալի նվաճումներ է գրանցել, շահագրգիռ են թե՛ անդամները և թե՛ գյուղի ողջ բնակչությունը: Կոոպերատիվին անդամակցող երեսուն փախստական կանայք ոչ միայն աշխատատեղերով են ապահովված, և նրանց ընտանիքների կենսամակարդակն էր բարելավվել, այլև հնարավորություն են ստացել համախմբելու իրենց ջանքերը համայնքի համար ընդհանուր խնդիրներ լուծելու համար: Աճեցնելով առավել կենսունակ և դիմացկուն ոչ ավանդական մշակաբույսեր՝ բրոկոլի, կոլրաբի, բրյուսելյան կաղամբ, չերի լոլիկ և չիլի պղպեղ՝ նրանք մեծ ներդրում ունեն համայնքի զարգացման գործում:

 

«Հերմոնը, հանդիսանալով սահմանամերձ, փախստականներով բնակեցված գյուղ, կարծես դուրս է մնացել պետության ուշադրությունից: Այնինչ այստեղ առավել, քան որևէ այլ վայրում, մենք զգում ենք աջակցության և օժանդակության կարիք: Ես հպարտ եմ, որ կարողացա իմ ներդրումն ունենալ այս գյուղատնտեսական կոոպերատիվի հաստատման և կայացման գործում»,- ասում է Նաիրա Մնացականյանը՝ շեշտելով, որ նրանց կոոպերատիվն ամբողջ համայնքի բարեկեցության գրավականն է:

 


Նինել Հովհաննիսյան

«Կայուն կենսապահովման ծրագրի»  մասին 

«Օքսֆամ-Մեծ Բրիտանիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կայուն կենսապահովման ծրագրի»  շրջանակում 2010-ից Վայոց Ձորի  եւ Տավուշի մարզերում  ստեղծվել են  10 կոոպերատիվ եւ 5  սառնարանային տնտեսություն՝    3-ը Տավուշի  եւ 2-ը Վայոց Ձորի մարզերում: Դրանք հնարավորություն են տալիս պահպանել գյուղացու արտադրած մթերքը եւ սեզոնային բարձր գներով վաճառել այն:

Ծրագրի շրջանակում  ներդրվում  է  եվրոպական փոքր կոոպերացիայի մոդելը, որը  հիմնված է  ծառայությունների ճիշտ կազմակերպման եւ մատուցման վրա եւ  ուղղված է աղքատամետ փոքր ֆերմերական խմբերի համախմբմանը:

Ծրագրի գլոբալ նպատակն է    ուղղակի շահառուներ դարձնել գյուղական 40   համայնքների 4000  փոքր ֆերմերների:  Ծրագիրն ուղղված է նաեւ  բարձրացնելու գյուղական համայնքների կանանց դերը եւ մասնակցությունը, այդ նպատակով անցած տարի Եղեգիս եւ Հերմոն համայնքներում ստեղծվել  են նախադեպը չունեցող կանանց գյուղատնտեսական կոոպերատիվներ, 2012թ. նախատեսվում է նման կոոպեռատիվներ ստեղծել փախստականներով բնակեցված եւս երեք համայնքում:

«Կայուն կենսապահովման ծրագրի»եւս մեկ  նպատակ է հետապնդում՝  օգնել գյուղական համայնքներին ինտեգրվել  ագրոտուրիզմին, որը դիտարկվում է որպես ալտերնատիվ եկամուտի աղբյուր:

 

Դիտումների քանակը` 3554

Գլխավոր էջ