Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է
Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ կայացան Շիրակի և Վայոց Ձորի մարզերի խոշորացված վեց համայնքներում՝ Ամասիայում, Աշոցքում, Արփիում, Վայքում, Ջերմուկում, Զառիթափում: ԿԸՀ հրապարակված նախնական արդյունքների հիման վրա WomenNet.am-ը վերլուծել է ավագանիներում կանանց տոկոսային ներկայացվածությունը մինչև խոշորացումն ու դրանից հետո:
Շիրակում խոշորացված համայնքներն երեքն են՝ Ամասիա, Աշոցք, Արփի:
Ամասիայի կազմում ընդգրկված Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր 9 համայնքների ավագանիները կազմված են եղել 47 անդամից, որից յոթը կանայք են:
Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 11 անդամնի թվում կանայք չկան: Ավագանու անդամ առաջադրված 17 թեկնածուներից միայն մեկն է կին՝ անկուսակցական Արմենուհի Հովսեփյանը: Նրա օգտին քվեարկել է 55 ընտրող: Նա ամենաքիչ ձայներն է ստացել:
Աշոցքն իր կազմում է ընդգրկել 11 համայնք՝ Աոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար: Այս համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 59 անդամ, որից 6-ը կանայք են եղել:
Խոշորացված Աշոցքի ավագանու կազմում ընդգրկվելու համար 19 թեկնածու էր առաջադրվել: Նրանց թվում որևէ կին չկար:
Արփին իր մեջ ներառել է 9 համայնք՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ: Այս համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 50 անդամ, որից 17-ը կանայք:
WomenNet.am-ին թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ այստեղ յոթ հոգուց կազմված ավագանիում մեկ կին է ընդգրկվել՝ Գառնառիճ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, ՀՀԿ կողմից առաջադրված Նաիրա Աբրահամյանը: Նրա օգտին քվեարկել է 86 ընտրող: Նրանից ընդամնեը մեկ թեկնածու է ավել ձայներ ստացել, ինքնաառաջադրված, ՀՀԿ-ական Արթուր Ագգարյանին կողմ է քվեարկել 88 ընտրող:
Առաջադրված 22 թեկնածուների թվում չորս կին կար, նրանցից ՀՀԿ-ական Մանուշակ Տերտերյանը ստացել է 27 ձայն, անկուսակցական Եվգենյա Քարամյանը՝ 7 ձայն, ՀՀԿ-ական Գայանե Պողոսյանը՝ 1 ձայն:
Վայոց Ձորում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին խոշորացված 3 համայնքներում՝ Ջերմուկում, Վայքում ու Զառիթափում:
Ջերմուկն իր մեջ ներառել է չորս համայնք՝ Ջերմուկ քաղաքը, Գնդևազ, Կարմրաշեն, Հերհեր գյուղերը: Ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 26 անդամ, որից մեկն է կին եղել: Խոշորացված Ջերմուկի ավագանին կազմված է 11 անդամից, նրա կազմում ընդգրկված կլինի մեկ կին՝ Հասմիկ Սարգսյանը:
Առաջադրված 17 թեկնածուներից երկուսն էին կանայք՝ անկուսակցական Հասմիկ Սարգսյանը «Արմենիա» առողջարանում աշխատում է որպես բժիշկ, նրա օգտին քվեարկել է 348 ընտրող, անկուսակցական Գրեսիկ Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 17 ընտրող:
Զառիթափի ավագանու 9 անդամների թվում, նախնական արդյունքների համաձայն, կանայք չեն լինի: Առաջադրված 16 թեկնածուներից երկուսն են կանայք ՝ ՀՀԿ-ական Նարինե Գևորգյանը, ում օգտին քվեարկել է 72 ընտրող, անկուսակցական ինքնաառաջդրված Նունե Ավագյանը, ով Գոմքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է: Նրա օգտին քվեարկել է 110 ընտրող:
Խոշորացված այս համայնք իր մեջ ներառել է Զառիթափ, Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնվաբերդ, Սարավան, Սերս գյուղերը: 9 համայնքերի ավագանին ընդհանուր առմամբ ունեցել է 47 անդամ, որից 6-ը կանայք են եղել:
Վայքի 11 անդամից կազմված ավագանին կունենա մեկ կին անդամ:
Վայքում 19 թեկնածուներից երեքը կանայք էին՝ ՀՅԴ-ական Հայկուհի Մարկոսյանը ստացել է 88 քվե, անկուսակցական Թամար Ղազարյանը՝ 113 ձայն, ՀՀԿ-ական Մերի Ջանոյանը, ով Վայքի հիմնական դպրոցի ուսուցչուհի է, 435 ձայն: Մ. Ջանոյանն ամենամեծ թվով կողմ ձայներ հավաքծ թեկնածուն է:
Մինչ խոշորացումը, Վայքի կազմի մեջ մտած Վայք, Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ համայնքներն ընդհանուր առմամաբ ունեցել ավագանու 31 անդամ, որից երկուսը եղել են կանայք:
***
Այսպիսով, հոկտեբերի 2-ին ընտրությունների նախնական արդյունքներով, խոշորացված բոլոր համայնքներում, բացի մեկից արձանագրվել է հետընթաց կանանց ներկայացվածության առումով: Ընդահանուր առմամբ, կանանց ներկայացվածությունը նշված 6 խոշորացված համայնքներում պակասել է երեք անգամ՝ մինչ խոշորացումը եղել է 15%, իսկ խոշորացումից հետո 5% է:
Նշենք,որ նույն պատկերն է մինչ այդ սեպտեմբերի 18-ին խոշորացված համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքներով: Ութ խոշորացված համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում, Գորայքում, Տեղում , Այրումում, Նոյեմբերյանում, Կողբում և Ուրցաձորում , սեպտեմբերի 18-ին անցկացված ընտրությունների արդյունքում կանանց ներկայայացվածությունը միավորված համայնքների ավագանիներում կիսով չափ պակասել է ՝ 10%-ից խոշորացումից առաջ մինչեւ 5.5 % խոշորացումից հետո:
Հիշեցնենեք, որ փետրվարի 14-ն երեք խոշորացված համայնքներում՝ Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված ավագանիների կազմում կանանց ներկայացվածությունն տոկոսային հարաբերությամբ կրճատվել էր երեք անգամ ՝ մինչ խոշորացումը համայնքների ավագանիներում նրանց ներկայացվածությունն ընդհանուր թվով 9,2 տոկոս էր կազմում , իսկ խոշորացումից հետո հետ՝ 2,8 տոկոս է:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված
Դիտումների քանակը` 3417