Վանաձոր-2016. Նախնական տվյալներով ավագանիում 7 կին կլինի/ լրացված
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Վանաձորի ավագանիում ներկայացված լինելու անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը `37.54%, «Լուսավոր Հայաստանը»` 27.48%, «Հայկական վերածնունդը»`13.33%, «Բարգավաճ Հայաստանը»`7.24%, և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 6.36%։
Ինչպես և Գյումրիում, Վանաձորում ևս առաջին անգամ ՏԻՄ ընտրությունն անցկացվեցին համամասնական ընտրակարգով, և Վանաձորի ավագանին ևս կունենա 33 անդամ, որոնցից նախնական տվյալներով, 7-ը կին են լինելու: Դա, ըստ ցուցակների, իսկ թե ինչ որոշում կընդունեն ավագանիում ներկայացված կուսակցությունները եւ կլինեն, արդյոք, իմքնաբացարկներ կանանց կողմից, ցույց կտա ժամանակը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած նախնական արդյունքների համաձայն ավագանիում քաղաքական ուժերի ներկայացվածության պատկերը հետևյալն է.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 13 ավագանու անդամ, որոնցից 3-ը կլինեն կանայք՝ ‹‹Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր›› տնօրեն Գայանե Քալանթարյանը, Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ տնօրեն Անահիտ Փոլադյանը և ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության կազմակերպիչ Մարինե Հովհաննիսյանը:
«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ավագանիում կունենա 10 անդամ, նրանցից միայն երկուսը կլինեն կանայք՝ «Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկայի բժիշկ -պատասխանատու Կարինե Ղուկասյանը և ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղ-դասախոս Անահիտ Կարապետյանը:
Վերափոխված «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն այս ընտրություններին մասնակցեց «Հայկական վերածնունդ» անվան տակ, ավագանիում կունենա 5 անդամ: Նրանցից միայն մեկն է կին՝ «Աջակցություն հղի կանանց» ծրագրի սոցիալական աշխատող Մերի Եղիազարյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը միակն էր այս ՏԻՄ ընտրություններում, որի ընտրական ցուցակը կին էր գլխավորում, ավագանիում կունենա միայն 3 անդամ: Այծեմնիկ Օհանյանը, որը կուսակցության հաղթանակի դեպքում կդառնար անկախ Հայաստանի պատմության մեջ Վանաձորի առաջին կին քաղաքապետը, միակն է, որ ներկայացված կլինի ավագանիում:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա կուսակցությունը Վանաձորի ավագանիում կունենա միայն երկու անդամ, որոնցից և ոչ մեկը, համաձայն ընտրական ցուցակի, կին չէ: Սակայն վերջնական որոշումը պետք է կուսակցությունն ընդունի: Համենայն դեպս, ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի պահանջով կուսակցությունը պարտավոր է իր խմբակցության կազմում երկու սեռի ներկայացուցիչներ ապահովել:
Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի 114 հոդվածի կետ 6-ում նշված է.
«Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Եթե դրա արդյունքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա ցուցակի հերթականությամբ վերջին ընտրվածի մանդատը տրվում է ընտրական ցուցակի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա»:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցեց 8 կուսակցություն: Նրանց նախընտրական ցուցակներում ընդհանուր թվով 326 թեկնածու էր ներկայացված, որոնցից 93-ը կամ 29 տոկոսն են կանայք:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3930