«Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞ վ է, թե՞ վատ»…

Հարություն  պապը դանդաղ  մոտենում է  տան դարպասին,  բացում  դուռն ու ներս  հրավիրում  ինձ,  հետո շրջվում,   դանդաղ քայլերով ու պատը բռնելով շարժվում  դեպի  տան դուռը: Ներսում ամեն  ինչ մաքուր ու կոկիկ էր,  ի դեպ, Հարություն  պապը  նույնպես  հագնված էր կոկիկ: Սենյակ  մտնելիս նա դարձյալ փորձում է պատը շոշափելով գտնել բազկաթոռը,  օգնեցի  նստել:

 

–         Ոչինչ, ես արդեն  վարժվել եմ,  կարողանում եմ կողմնորոշվել իմ  սենյակներում,  խոհանոցում  ու այգում: Լավ  չեմ  տեսնում,  6 տարի առաջ  աչքի  վիրահատություն եմ ունեցել, մի աչքս  բոլորովին  չի  տեսնում,  մյուսով շատ աղոտ եմ  տեսնում: Դժվար է,  բայց  ի՞նչ արած,-ասում է Հարություն  պապը:

 

Ծնվել է 1925 թվականին, Հունաստանի Ալեքսանդրոպոլ  քաղաքում: 1936 թ-ին ընտանիքը տեղափոխվում է Բուլղարիա: Կարճ ժամանակ անց  հայրենադարձվում են Հայաստան և ապրում  ներկայիս Շիրակի  մարզի Արևիկ գյուղում: Ընտանիքում ինքն ու եղբայրն էին, ով  Երևանում աշխատանք  գտնելուց  հետո ծնողներին ու Հարությունին տանում է մայրաքաղաք: Ներկայիս 3-րդ  մասի Ղռեր կոչվող  տարածքում  նրանց  հող են  հատկացնում, որտեղ  գարու արտեր էին: Եղբայրը երկարաժակետ  վարկ է  վերցնում ու սկսում են  տան շինարարությունը: Այդ  ընթացքում  ընտանիք է  կազմում  ու  հեռանում տանից, 40 հազար ռուբլի վարկային  բեռը թողնելով Հարությունի ուսերին: 15 տարի ձուլարանում աշխատելուց  և  վարկը  մարելուց  հետո Հարությունը  կրթություն ստանալու նպատակով մեկնում է Մոսկվա, ուր սովորում է Երկաթգծի  տրանսպորտի  ինստիտուտում: Այնուհետև  վերադառնալով Երևան աշխատանքի է անցնում  <Հայէլեկտրո>  գործարանում որպես  գլխավոր մետաղագետի  տեղակալ: Այդ  ընթացքում, դա  1950 թվականն էր, ամուսնանում է Բուլղարիայից  հայրենադարձված զուսպ ու համեստ Անուշի  հետ: Երկու երեխաների կորստից  հետո  ծնվում է Նորայրը,  տան  միակ  ճրագը: Հարություն  պապի կյանքի  ամենաերջանիկ  օրը որդու ծնունդից  հետո  նրա  հարսանիքի օրն էր: Պապը երջանականում էր թոռնիկների` Հարությունի և Անուշիկի թռվռան  մանկությամբ: Սակայն,  կյանքն առանց  խութերի  չի լինում, ու մի օր էլ Նորայրը  երեխաներին  մանկապարտեզ  տանելուց  հետո առանց  տանեցիներին  տեղյակ  պահելու կամավոր գրվում է որպես  ազատամարտիկ, Արցախ մեկնելու համար: Հարություն  պապի աղաչանքն ու արցունքներն ապարդյուն էին.

 

–         Խենթ ու  խելառ  հայրենասեր էր,  շատ խնդրեցի,  աղաչեցի, ասի ախր  մեզ  ու՞ր ես թողնում  մենակ,  չլսեց,  գնաց: Հետո  մի օր փողոցով  գնում էի,  լսեցի  մեկը  պապ-պապ էր  կանչում ու  վազում  իմ  կողմը: Որդիս էր, ասաց  վիրավոր ընկերոջն են  բերել  հիվանդանոց  ու  շտապ էլի մեկնելու են Արցախ: Տուն էլ  չմտավ,  միայն  ասաց երեխեքին  լավ  կնայես: Ձայնը մինչև հիմա  ակնաջիս  մեջ է: Չգիտեի, որ վերջին անգամ  եմ  տեսնում  նրան: Զոհվեց 1993-ին,- արցունքախառն  պատմում է  Հարություն   պապը:

2004 թվականին մահանում է Հարություն  պապի կինը, իսկ  4 տարի անց նրան  սպասում էր ամենամեծ հարվածը, հարսը  աղջկա  և տղայի  հետ ընդմիշտ մեկնում է Ավստրալիա,  անտեսելով տարեց  սկեսրայրի աղաչանքներն ու արցունքները: Այդ  օրվանից Հարություն  պապն ապրում է  մենակ: Հարսը հազվադեպ  զանգում էր,  հետո դադարեց  զանգել, երբ սկեսրայրը  մերժեց   տունն  իրեն  նվիրաբերելու առաջարկը:  Հարություն թոռը երբեմն զանգում է,  երբեմն Հայաստան  գալուց  այցելում,  անցյալ  տարի պապու խնդրանքով ձմեռային ամիսների  ջեռուցման համար գումար է ուղարկել,  պապը  հույս ունի, որ  այս  տարի էլ  կօգնի իրեն: <Ապրում է  Սիդնեյ քաղաքում,  ամուսանցել է, երեխայի են  սպասում, հետո էլ  վարձով են ապրում,  թեև ասում է, որ  լավ աշխատանք ունի,  խոստացել է  եկող  ամռանը  գալ: Կենդանի մնամ, աչքս  տեսնի  իրենց: Աղջիկ թոռս ամսից  ավելի Հայաստանում է,սակայն զանգում է, թե  գալիս եմ, ու դեռ  չի  այցելել  ինձ: Չգիտեմ,  մեկնելուց առաջ  կգա՞  ինձ  տեսնելու>:

 

Հարություն  պապը  գոհ է  եղածով, 50 հազար դրամ  թոշակ է ստանում,  մի այդքան էլ կերակրողին  կորցնելու դեպքում  օրենքով  սահմանված  զինվորական  կենսաթոշակ,  որից  30 հազրա դրամ տալիս է հարևանուհուն` տունը  մաքրելու և ճաշ  պատրաստելու  համար, բավականաչափ գումար հատկացնում է  կոմունալ  վճարներին  և դեղորայքին, մի երկու կոպեկ  պահում  չնախատեսված  ծախսերի համար,  մնացածով  ապրում է: Տարեցների համար  նախատեսված  բարեգործական  ճաշարանից  չի  օգտվում, ասում է,  դուրս չի  գալիս,  գոհանում է  տանը եփածով: Ամիսներ առաջ Հարություն  պապը  նամակ էր  գրել Շենգավիթ  վարչական  շրջանի թաղապետարանին,  խնդրելով օգնության  կարգով  իրեն  սառնարան  հատկացնել: Արդեն  երկրորդ օրն է,  որ  Հարություն  պապի  խոհանոցում  աշխատում է անաղմուկ սառնարանը:

 

Թվում է, թե  ապրելու համար բավարար  պայմաններ կան, սակայն 91-ամյա  ծերունու համար ամենասարսափելին  տանն իշխող համատարած  լռությունն է: Ասում է իր հասակակից  ընկերները մահացել են,  մենակ է  մնացել,  իրեն երբեմն այցելում է  դիմացի  հարևանը, նա էլ է   կույր, մի քիչ  զրուցելուց, դարդերը միմյանց  պատմելուց  հետո  գնում է, ու պապտը դարձյալ  մնում է  մենակ: Հեռուստացույց  գրեթե  չի  դիտում, աշխարհի նորություններին  տեղեկանում է  ռադիոյի միջոցով: <Ես  տանը  մենակ  հոգնում եմ,  լռությունից եմ  հոգնում, ամռանն էլի  դուրս եմ  գալիս  այգի, նստում եմ  ծառերի հովին,  հետո  մի քիչ աչքս փակում եմ,  իբր քնում եմ, որ օրս  անցնի: Տղամարդու համար  մենակությունը  դժվար է, թեև  մաքրությունը  պահպանում եմ, կնոջ համար ավելի  հեշտ է: Հա, ասեմ, որ  եղել են  կանայք, ովքեր  առաջարկել են  գալ- խնամել  ինձ,  տունս  իրենց  կտակելու պայմանով,  բայց  խելքս  հացի  հետ  չեմ  կերել,  ես թոռ ունեմ, ինչի՞  ուրիշին  տամ,  թոռանս  աչքից  ընկնեմ: Ապրում եմ, մինչև աչքերս  հավերժ կփակվեն>:

 

Հարություն  պապի  համոզմամբ կյանքում ամենակարևորը  ընտանիքն է,ինչին այնքան  կարոտ է այս  օրերին: «Ես  վախենում եմ  մենությունից: Միշտ զարմացել եմ, թե Գրիգոր  Լուսավորիչը երկար  տարիներ  ինչպե՞ս է  ճգնել կիսախավար նկուղում: Կարոտում եմ այն  օրերը, երբ  տունս լիքն էր թոռներիս  աղմուկ-աղաղակով,  հաճախ, եթե չասեմ ամեն  օր,  վերապրում եմ  կյանքիս  յուրաքանչյուր օրը,  շատ  բաներ  մոռացել եմ,  շատերը հիշում եմ: Չգիտեմ էլ,  երկար  ապրելը  լա՞վ է, թե՞  վատ»:

 

 Անուշ Ներսիսյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տարեցները Կայուն զարգացման օրակարգում

Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն

Արժանապատիվ ծերության սպասելիս

«Լռության հետ դեմ առ դեմ…»

 

Դիտումների քանակը` 2967

Գլխավոր էջ