Գյումրի-2016. Նախնական տվյալներով ավագանիում կանայք 21% են կազմելու

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացված  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, թերևս, անակնկալ չհանդիսացան և որևէ մեկի համար. Հայաստանի երկրորդ քաղաքում ամենամեծ թվով քվեներ հավաքեց   գործող իշխանությունը ներկայացնող «Բալասանյան»դաշինքը:  

 

ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն,  Գյումրու ավագանիում 4 քաղաքական ներկայացված կլինի, այն է. «Բալասանյան» դաշինքը,  «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Գալա» կուսակցությունները։ Եթե թվային պատկերը  չփոփոխվի, ապա «Բալասանյան» դաշինքը  ավագանիում կունենա 14-15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9 մանդատ, ԳԱԼԱ-ն՝ 4, «Հայկական վերածնունդը»՝ 4 -5 մանդատ:

 

Առաջին անգամ  համամասնական ընտրակարգով անցկացված այս ընտրություններից հետո  Գյումրու ավագանին կունենա  33 անդամ: Ըստ նախնական հաշվարկի՝ ավագանու 33 անդամներից  7-ը կլինեն կանայք (եթե ինքնաբացարկներ չլինեն): Սա արդեն դրական դինամիկա է, քանի որ  Գյումրու արդեն նախկին ավագանիում  21 անդամից միայն մեկն էր կին:

 

Պատկերը, ըստ նախնական արդյունքների, կլինի հետևյալը՝

 

«Բալասանյան» դաշինքից ավագանիում ներկայացված կլինի 3 կին՝ ՀՀԿ-ական Լոլյա Խաչատրյանը, անկուսակցական Լուսինե Սանոյանն ու Գայանե Սարգսյանը:

«Բարգավաճ Հայաստանը» ավագանիում կունենա 2 կին անդամ՝ ԲՀԿ-ական Սուսաննա Աստոյան և ԲՀԿ-ական Արմենուհի Մխիթարյան:

«Հայկական վերածնունդը» ավագանիում կներկայացնի միայն մեկ կին՝ ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Հասմիկ Եղիազարյանը:

Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցությունը՝ ԳԱԼԱ-ն, ևս կունենա ընդամենը մեկ կին ավագանի: Ըստ ընտրական ցուցակի, ավագանիում ներկայացված կլինի միայն Քրիստինա Մկրտչյանը: Նշենք, որ ԳԱԼԱ-ի ընտրական ցուցակում 22 թեկնածուներից  7-ը կանայք են (32%):

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի Գյումրու  ավագանու ընտրություններին մասնակցեց  11 կուսակցություն, որոնց նախընտրական ցուցակներում  ընդհանուր թվով 419 թեկնածու էր ներկայացված, որոնցից  128-ը կամ  30,5 տոկոսն են կանայք: Օրենքի սահմանված  պահանջով՝  կուսակցությունները պետք է ապահովեն իրենց նախընտրական ցուցակներում սեռերի առնվազն 25/75 համամասնությունը: Միակ կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում էր կին, Հայ Ազգային Կոնգրեսն էր, որը, սակայն պարտություն է կրել՝ ստանալով ընդամենը 471 ձայն:

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2613

Գլխավոր էջ