«Քաղաքին պահողը գյուղն է»…
Մանկության ամենահամեղ հիշողություններն այսօր Վերա Գրիգորյանի հիմնական զբաղմունքն են դարձել: Ցույց է տալիս սեղանին շարված բազմագույն չրերը, ընկույզից ու հատուկ շփոթից պատրաստված սուջուխը… Պատմության կծիկը հետ է պտտում ու ժպիտով հիշում իր Թամար տատի պատրաստած սուջուխի շարանները, որոնք երկար թելերի վրա կողք կողքի շարված էին բակի պարանից.
– Մենք էլ խորամանկում էինք, գողեգող մոտենում էինք, տակից մի թիզ պոկում և որպեսզի տնեցիները չիմանան, թելը վերևից կարճացնում էինք…,- ծիծաղելով պատմում է տիկին Վերան, ով այսօր չրերի պատրաստման ոլորտի գիտակներից է:
35-ից ավելի չրերի տեսակներ, բազմաթիվ ցուցահանդեսներ ու պատվոգրեր՝ ահա նրա 10 տարիների աշխատանքի արդյունքը:
Իսկ ավանդական չրերի ու չարազների արտադրությամբ զբաղվելու որոշումն իր պատմությունն ունի: Վերա Գրիգորյանը Օշական գյուղից է: Ինչպես ինքն է ասում՝ այն չրերի կենտրոնն է, այստեղ օրորոցից է երեխան չրերի հետ առնչվում:
Տիկին Վերան մասնագիտությամբ մանկավարժ է: Երկար տարիներ աշխատել Օշականի դպրոցում, 5 տարի տնօրենն է եղել:
– Դպրոցի տնօրեն եղած տարիներին շատ հյուրեր էինք ունենում ու հաճախ էինք նրանց հյուրասիրում մեր պատրաստած չրերով: Նրանցից շատերը ցանկություն էին հայտնում ձեռք բերել այն… Ու այսպես միտք առաջացավ համախմբվել ու մի քանի կանանց հետ սկսել այս գործը: Առաջին մեր պատվիրատուն Մեծ Բրիտանիայի դեսպանությունն էր: Հետո արդեն ստեղծեցինք մեր ընկերությունը:
Տիկին Վերայի պատրաստած չրերը մեծ համբավ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Նա նաև չրերի նոր տեսակներ է ստեղծել: Դրանցից է լոլիկի չիրը, որից յուրօրինակ աղցան է ստացվում: Այն մեծ պահանջարկ է վայելում, ու հաճախ հենց այդպես էլ ասում են՝ «Վերայի սալաթը»:
Վերա Գրիգորյանը նաև ակտիվ հասարակական աշխատանքով է զբաղվում. «Գյուղի կին» ՀԿ հիմնադիրն է, որի կարգախոսն է՝ «Քաղաքին պահողը գյուղն է»…
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 5057