Աննա Աբազյան. «Առաջադրումս ոչ թե ընդդեմ տղամարդկանց է, այլ հանուն համայնքի »
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Աբազյանը մտադիր է համայնքում իրավիճակ փոխել. նախ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել, ընտրվել ու դառնալ առաջին կին ավագանու անդամը, քանզի մինչ այդ համայնքի ավագանին միայն տղամարդիկ են «տնօրինում»: Հաջորդ քայլն այն նպատակի իրականանցումն է, ինչի համար ուզում է ընտրվել. փոփոխություններ մտցնել համայնքի կյանքում…
«Ես նույնիսկ չլինելով ավագանու անդամ, բավականին մեծ ներգրավվածություն ունեմ համայնքի կյանքում, դրա համար էլ որոշեցի առաջադրվել և ավելի հիմնավոր իմ մասնակցությունն ունենամ»,- WomenNet-ի հետ զրույցում նշեց տիկին Աբազյանը:
Նա սխալ է համարում այն մոտեցումը, թե կանայք առաջադրվելով դա անում են ընդդեմ տղամարդկանց.
«Առաջադրումս ես չեմ դիտարկում ընդդեմ տղամարդկանց պայքար, կարևոր է այն նպատակը, որին ձգտում ես: Մեր համայնքում, հուսով եմ, առաջին կին ավագանին կլինեմ, բայց ոչ` վերջինը»,- նշում է նա:
Բայց այն, որ տղամարդիկ չեն ցանկանում իրենց կողքին տեսնել կանանց Աննա Աբազյանը, ցավոք, տեսնում է: Ասում է` գուցե դա նրանից է, որ տղամարդիկ վախենում են կորցնեն իրենց դիրքերը, հետևաբար պաշտպանողական ռեֆլեքսը նման կերպ է արտահայտվում ` նրանք մոտ չեն թողնում կանանց կառավարման օղակներին: Իրականում տղամարդիկ լավ էլ տեղյակ են, որ կանայք խելք էլ ունեն, ունակություններ, որոշ դեպքերում էլ իրենցից ավելի սկզբունքային ու համառ են», – նշում է մեր զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ համոզված է, որ կանայք ու տղամարդիկ իրար փոխլրացնում են: Մի կողմից, կան հարցեր, որոնց տղամարդիկ ավելի լրջմիտ են վերաբերվում, քան կանայք: Մյուս կողմից, կինն այնպիսի մանրուքներ ու նյուանսներ է տեսնում, որ տղամարդկանց համար աննշանակալի են ու ոչ կարևոր: Այդ հետո, երբ կինը մատնացույց է անում, նրանք զարմանում են` ինչպե՞ս կարող էինք այդքան կարևոր մանրուքը չնկատել: Դրա համար համայնքային կառավարման հարցերում կանանց մասնակցությանը պետք չէ թշնամաբար վերաբերվել»,- շեշտեց նա:
Ի դեպ, Աննա Աբազյանը Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն նշում է, որ ընտրություններին ինքնաառաջադրվել է. «Մասնակցելու եմ որպես անհատ, ում համայնքում լավ ճանաչում են ու հարգում են»,- հավելեց Աննա Աբազյանը:
Նշենք, Լեռնապատ համայնքի գործող ավագանու վեց անդամները, ինչպես նաև ղեկավարը տղամարդիկ են: Ընտրություններում առաջադրված տաս թեկնածուներից միայն Աննան է կին:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2884