«Հողը շատ եմ սիրում, իսկ ինչ սիրով ես անում, անպայման լավ է ստացվելու»
Տիկին Արմինեենց տան «ամենահամեղ» անկյունը, իհարկե, մեծ մառանն է: Այստեղ, կնոջը հատուկ բծախնդրությամբ, կողք կողքի շարքով շարված են աշնան բոլոր բարիքները՝ պահածո, մուրաբա, կոմպոտ, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն… մի խոսքով՝ այն ամենը, ինչ մշակել է ողջ տարվա ընթացքում:
Հեռավոր Դարբաս գյուղում ապրող Արմինե Ստեփանյանի ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ ձմռան ամենացուրտ օրերին անգամ տունը տաք է ու լի համեղ ուտեստներով:
– Առավոտյան, արևը դեռ դուրս չեկած, սուրճ ենք խմում և գնում աշխատելու,- ասում է տիկին Արմինեն: – Դեռ սովետի ժամանակ գործարանում էի աշխատում, կյանքը ավելի հեշտ էր, սակայն սեփականաշնորհումից հետո պետք էր ինչ-որ կերպ ապրել, ուրիշ բան չէր մնում. սկսեցի հողագործությամբ զբաղվել: Կյանքը ստիպեց:
Մասնակցելով «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից իրականացվող «Ջրից դեպի շուկա» ծրագրին՝ ստացավ ջրատար խողովակներ, որոնց օգնությամբ հեշտացավ տնից հեռու գտնվող հողակտորի ոռոգումը: Կարտոֆիլ, կաղամբ, լոբի, լոլիկ, պղպեղ… Դրանից բացի, տիկին Արմինեն ունի նաև պտղատու ծառեր՝ տանձենի, բալենի, ընկուզենի, խնձորենի… Իր աճեցրած սածիլներով, ծաղիկների սերմերով, ստացած բերք ու բարիքով Արմինե Ստեփանյանը միշտ օգնում է համայնքի մյուս բնակիչներին:
Չնայած հողագործության ծանրությանը՝ զբաղվում է նաև անասնապահությամբ՝ խոզ, ոչխար, հավ, կով, ասում է՝ Էլ ի՞նչ գյուղի տուն առանց անասունների…
Դրա հետ մեկտեղ շատ է սիրում թխվածքներ պատրաստել: Գյուղում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին՝ ծնունդ լինի թե հարսանիք, տիկին Արմինեի թխվածքներն անպակաս են: Նրա տոնական տորթերը չեն զիջում ո՛չ իրենց գեղեցկությամբ, ո՛չ էլ՝ համով:
– Ինքնուս եմ, քիչ-քիչ անելով եմ սովորել ու այդ գործը շատ եմ սիրում:
Բազում խնդիրներից ու ամենօրյա աշխատանքից սակայն չի տրտնջում:
Պահում է ոչ միայն իր ընտանիքը, այլև օգնում է հարազատներին: Կյանքի մեծագույն ձեռքբերումն էլ իր չորս աղջիկներին է համարում, որոնց մասին պատմելիս նրա աչքերն ուրախությունից փայլում են:
Իսկ հաջողության իր բանաձևը Արմինե Ստեփանյանը վաղուց է գտել.
– Սերն է: Հողը շատ եմ սիրում, իսկ ինչ սիրով ես անում, սիրով ես տրամադրվում, անպայման լավ է ստացվելու:
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 4496