Կին թեկնածուին վիրավորում եւ հարվածում են…
Հազիվ էինք մի փոքրիկ քայլ առաջ գրանցել`մեծամասնականով պատգամավորության կին թեկնածուների թվի ավելացմամբ, երբ երկու քայլ հետ արձանագրեցինք կանանց նկատմամբ խտրականության դրսեւորման առիթով:
Ամեն ինչ սկսվեց թիվ 1 ընտրատեղամասում առաջադրված թեկնածուներ Գայանե Առուստամյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հեռակա բանավեճից: Հիշեցնենք, որ Առուստամյանը դեբատների էր հրավիրել Հայրապետյանին, վերջինս էլ հրաժարվել էր հետեւյալ պատճառաբանությամբ. «Ես Գայանե Առուստամյանի հետ ի՞նչ պետք է բանավիճեմ, Գայանե Առուստամյանը կին է, եւ ես ինձ վիրավորված կզգամ` նրան բանավեճում հաղթելով»:
Պատասխանելով մրցակցին` Գայանե Առուստամյանը առաջարկեց նրան կամ բանավիճել կամ ներողություն խնդրել իր խոսքերի համար:
“Ես իհարկե վստահ եմ, որ Ռուբեն Հայրապետյանը վախեցել է գալ ինձ հետ բանավիճելու, քանի որ ինքն էլ գիտի, որ հաստատ պարտվելու է… եւ հենց այդ պատճառով է մրցակից թեկնածուի կին լինելու հանգամանքը վկայակոչել որպես խուսափելու պատրվակ: Նա պարտավոր է ինձ հետ բանավիճել` օրենքով սահմանված կարգով: Այլապես, նրա պատասխանն ինձ գնահատում եմ որպես վիրավորանք, թեկնածուի եւ կնոջ իրավունքների ոտնահարում, եւ պահանջում, որ նա ինձանեց ներողություն խնդրի հրապարակավ, ինչպես հրապարակավ հայտարարել է, որ ես իբր իրեն կարող եմ ճանկռել եւ այլն”:
Ռուբեն Հայրապետյանը դեռեւս ներողություն չի խնդրել, իսկ Գայանե Առուստամյանի հետ կապված մեկ այլ միջադեպ է արձանագրվել` այս անգամ խոսքը արդեն ֆիզիկական ճնշման մասին է:
ՀՀ ոստիկանության տարածված հաղորդագրության համաձայն` ապրիլի 15-ին ժամը 17.30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 44 շենքի մուտքում մի խումբ մարդիկ հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ պատգամավորության թեկնածուներ Զոյա Թադևոսյանի, Գայանե Առուստամյանի, Բաբկեն Գարոյանի, ինչպես նաև Առուստամյանի շտաբի աշխատակիցների վրա։ Բաբկեն Գարոյանի քիթը կոտրել են։ Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնել է ինքը Առուստամյանը` թիվ 7 ընտրատեղամասում գործընկերներով միացել էին այստեղ առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզչական աշխատանքներին եւ հենց այդ կապակցությամբ էին նրանց վրա հարձակվել անհայտ անձիք` ուժով խլել էին քարոզչանյութերը եւ հարվածելով պահանջել հեռանալ իրենց շենքից:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 3424